Ինչպե˚ս լուծել երիտասարդ գիտնականներին մարզերում պահելու խնդիրը

Վայոց Ձորի երիտասարդ գիտնականներին մարզում աշխատանքով ապահովվելու, նրանց կարողությունները մարզի զարգացման համար օգտագործելու եւ մասնագիտական աճի խնդիրները լուծելու վերջնական ձեւը մարզպետարանում դեռ չեն գտել: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրն իրենց համար իսկապես արդիական է:

«Երբ մարզում 5 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, որը միակ բարձրագույն պետական հաստատությունն է մարզում (դրանից մի քանի տարի առաջ էլ ստեղծվել էր «Գիտելիք» մասնավոր համալսարանը), պատշաճ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար ստիպված եղանք դասախոսներ հրավիրել Երեւանից»,- ասում է Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով մարզից շատ երիտասարդներ կան, որոնք հաջողությունների են հասել ու հիմա նրանք՝ որպես երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ապրում ու աշխատում են Երեւանում: Խնդիր է նաեւ երեւանյան առօրյային, կենցաղին, կյանքն այդ վայրում կազմակերպելուն սովորելուց հետո վերադառնալ ու բնակվել մարզում:

«Այդ համալսարանների միջոցով, իհարկե, փորձում ենք նրանց հետ բերել, կապել մարզի ու համալսարանների հետ, բայց դժվար է»,- նշում է մարզպետը:

Իսկ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի կարծիքով շատ կարեւոր է մարզերում վերականգնել եւ համալրել նոր տեխնիկայով այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք մենք ունեինք սովետական տարիներին:

«Կարող ենք նաև Երեւանում գործող ինստիտուտների պոտենցիալն օգտագործել, եւ մարզի գիտնականները գան Երեւան, իրենց գիտափորձերն իրականացնեն, տանեն տեղայնացնեն ու կիրառեն մարզերում»,- ասում է Ռուզաննա Մուրադյանը` հավելելով, որ, իհարկե, այս առաջարկների իրականացման հնարավորությունն այսօր չունենք:- Ես խոսում եմ ապագայի ծրագրերից»:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել