Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ջրծաղիկով հիվանդ զինվորի վիճակի վերաբերյալ վարակաբանի կարծիքն ընդունել են իբրև ցանկություն

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան գործի քննությունը: Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, դատական նիստը բացելուց հետո, դատարան հրավիրեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, գործով վկա Վահան Գևորգյանին՝ շարունակելու նախորդ դատական նիստին ընդհատված հարցաքննությունը:

Վկային հարցեր ուղղեցին մեղադրող դատախազ Մանվել Գրիգորյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

Տուժողի իրավահաջորդը, մահացած զինվորի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, այսօր ևս շատ ընկճված վիճակում էր. դատավորի հարցերից շատերն ուղղված վկային իր բնորոշմամբ պետք չէր տալ, օրինակ՝ սահմանված եղե˚լ է հսկողություն հիվանդի նկատմամբ, ի˚նչ հաճախականությամբ են վիրաբուժական բաժնի բժիշկները այցելել, ստուգել հիվանդին:

«Խնդրելով են եկել ստուգել, ի˚նչ հսկողության մասին է խոսքը: Էդ բառը հանեք հարցի միջից: Ընդեղ բժշկություն չէ, անասնաբուժություն է»,- բողոքում էր Մովսես Խաչատրյանը:
Դատավորը բազմիցս դիմում էր տուժողի իրավահաջորդին չխանգարել վկայի հարցաքննությանը, չվիրավորել վկային:

Գործով վկա Վահան Գևորգյանը նշեց, որ ինֆեկցիոնիստի հետ համատեղ աշխատելու անհրաժեշտությունը չի տեսել: Երբ վարակաբանը ցուցում է տվել հիվանդին տեղափոխել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, վիրաբուժական բաժանմունքից պահել են ևս մեկ օր` համոզվելու համար, որ ջրծաղիկով հիվանդի մոտ առկա որովայնի շրջանի սուր ցավերը կույր աղիքի բորբոքման կամ այլ հիվանդության ախտանիշ (սիմպտոմ) չէ:

Նրա խոսքով` իր պրակտիկայի ընթացքում ինքը ջրծաղիկի վիսցերալ (սա այն ձևն է, երբ ցանավորում հայտնվում է նաև ներքին օրգանների մեջ, ինչպես որ եղել է Հայկ Խաչատրյանի դեպքում) ձևի չի հանդիպել, տեղյակ է եղել միայն գրականությունից:

«Հիվանդին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու համար դուք պատասխանատվություն զգո˚ւմ եք»,- վկային հարցրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:

Վահան Գևորգյանի ասաց, որ հիվանդության պատմության մեջ վիրաբույժի կողմից գրված չի եղել, թե անհրաժեշտ է տեղափոխել, այլ` կարիք կա տեղափոխման:

Դատավորը գրությունից ճշտեց` գրված է եղել անհրաժեշտ է տեղափոխել: Նա վկային հորդորեց բառախաղի չվերածել հարցը և պարզաբանել` արդյո˚ք դա իմպերատիվ պահանջ չի եղել:

«Դա իմպերատիվ պահանջ չի եղել, դա ցանկություն է եղել»,- կարծում էր Վահան Գևորգյանը:

Մովսես Խաչատրյանին այդ նախադասությունը կրկին բորբոքեց: Իսկ վկան մահացած զինվորի հորը հորդորեց` լռի’ր:

«Այսինքն` ես հասկանում եմ, որ Հայկ Խաչատրյանին «Նորք» ինֆեկցիոն չտեղափոխելու համար առաջին պատասխանատուն դուք եք եղել»,- հարցրեց Մուշեղ Շուշանյանը:

«Պատասխանատու բառը շատ հզոր, грозни բառ է: Այո, ես եմ գտել, որ պետք է հսկել վիրաբույժի կողմից»,- պատասխանեց վիրաբուժական բաժանմունքի պետը:

Գործով վկան շատ հարցերի իմաստը չէր հասկանում, դատավորը շատ դեպքերում հարցը կրկնում էր երկրոդ, երրորդ անգամ:

Դատարանն այսօր լսեց նաև գործով մյուս վկա, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանի պետ, վարակաբան Վլադիմիր Էլիզբարյանին: Նա ավելի ուշ հայտնեց, որ ճիշտ կլիներ տեղյակ պահել վարակաբանին, որ հիվանդն այդ օրը չէր տեղափոխվելու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Վկան միաժամանակ հայտնեց, որ կարևոր է այդ դեպքերում վիրաբույժի զննությունը: Սակայն հիվանդանոցում գործող կարգի համաձայն` երբ վարակաբանը զննելուց հետո նշում է, որ անհրաժեշտ է տեղափոխել, ապա առանց հետաձգելու տեղափոխում են:

Վլադիմիր Էլիզբարյանը դատարանին պատմեց, որ առաջին անգամ Հայկ Խաչատրյանին զննել է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին: Ըստ նրա` հիվանդի վիճակը լավ է եղել, ինքնուրույն հանվել է, ցանավորումը նոր է եղել, զինվորը չի բողոքել որովային շրջանի ցավերից:

Դատարանին հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչպե˚ս է ստացվել, որ նույն օրը նյարդաբանական բաժանմունքի պետ, ամբաստանյալ Մինաս Մկրտչյանը խնդրել է վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գևորգյանին զննել զինվորին, քանի որ վերջինս բողոքել է որովայնի շրջանի սուր ցավերից: Վկան նորից կրկնեց, որ իր մոտ զինվորը նման բողոք չի ներկայացրել, իսկ իր ձեռքի տակ եղած հիվանդության պատմության մեջ գրվածը, որ հիվանդը բողոքում է Էպիգաստրալ (վերորովայնային) ցավերից, պարզվեց` վարակաբանը չի ընթերցել:

Վլադիմիր Էլիզբարյանը հարցերին պատասխանելուց առաջ նախ նշում էր. «Ձեզ անկեղծ ասեմ…»

Մովսես Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ վարակաբանն իր որդուն զննել է նաև ավելի վաղ և տեղյակ է եղել, որ զինվորը վարակվել է ջրածաղիկով: Վկան պատասխանեց, որ սուտ է:
Վարակաբանը տեղեկացրեց, որ ինքը հաջորդ օրը` դեկտեմբերի 29-ին, երբ հիվանդանոց է եկել, զարմացել է այդ զինվորին իրենց հիվանդանոցում տեսնելով: Այդ օրն արդեն հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Նրա խոսքով` երբ ինֆեկիցան ուղեկցվում է նյարդաբանական սիմպտոմներով` ցնցումներ և այլն, ապա այդ դեպքերը լավ հետևանքի չեն բերում: Նա արագ կազմակերպել է զինվորի տեղափոխումը` անհայտ էթոլոգիա ախտորոշմամբ :

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին: Այդ օրը ցուցմունք կտան վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահվազյանը, բույժքույրեր Վիկտորյա Աճեմյանը, Հրանուշ Պետրոսյանը: Նիստ է նախատեսված նաև նոյեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Նա չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել