12 միլիոն դրամի յուրացման համար մեղադրվող դպրոցի տնօրենը դատապարտվեց  5,5 տարի ազատազրկման 

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում,  դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Երևանի համար 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն՝ ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանի գործով դատական քննությունը:

Նախ նշենք, որ 2018 թվականի փետրվարի 28-ին Անաիդա Շահնազարյանը դիմում է գրել Երևանի քաղաքապետարան` պահանջով, որ իրեն տրամադրեն 2011-2014 թվականների ընթացքում նախահաշիվները, հաստիքացուցակը, որի վերաբերյալ դեռ պատասխան չի ստացվել: Այդօրինակ դիմում 2017 թվականի նոյեմբեր ամսին գրել էր նաև Անաիդա Շահնազարյանի գործով պաշտպան Անժելա Հոբոսյանը, որի վերաբերյալ նույնպես  առայսօր պատասխան չի ստացվել:

Այսօրվա դատական նիստին դատարանը վերջին խոսքն արտահայտելու հնարավորություն տվեց Անաիդա Շահնազարյանին և դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանին:

«Խնդրում եմ, որ դատարանն արդարացի լինի: Այսօր շատ հարցերի դժվարանում եմ պատասխանել, որովհետև որոշ մարդիկ լավ կազմակերպել են, լավ վախեցրել են: Միշտ կարծել եմ, որ ես պետք է լուռ ինչ-որ գովեստի արժանանամ այդպիսի լավ գործ անելու համար: Ես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր ստեղծել են այս համակարգը, նրանք նույնպես պատասխան տային: Նրանք, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, նրանք նույնպես պատասխանատվություն կրեին: Բոլոր գումարները ծախսել եմ ի օգուտ դպրոցի: Մալխասյան Քնարիկին այսօր  կանչում են այդ դպրոց, որ այնտեղ «կատելնին» նորոգի այն դեպքում, երբ այդ դպրոցում այդ գործն անելու համար երեք աշխատող կա»,- ասաց Անաիդա Շահնազարյանը:

Մինչ Քնարիկ Մալխասյանի վերջին խոսքը լսելը, պաշտպան Անժելա Հոբոսյանը դատարանին ներկայացրեց Քնարիկ Մալխասյանի բնութագիրը, որը դատարան էր ուղարկել 64 հիմանական դպրոցի տնօրենի կողմից: Բնութագրով հաղորդվում էր,  որ Քնարիկ Մալխասյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել է բարեխիղճ և ցանկացած գործում եղել է հետևողական, ուշադիր:

Քնարիկ  Մալխասյանը նույնպես օգտվեց վերջին խոսքի իրավունքից․ «Դե, որ 8-ամյա կրթությամբ ես աշխատել եմ փոխտնօրեն, ուրեմն շատ լավ եմ աշխատել: Խնդրում եմ արդար դատավճիռ լինի: Ես ինձ շատ վատ եմ զգում: Ինձ, որ ասում են մեղադրյալ, ես այդ բառից արդեն իսկ ինձ վատ եմ զգում: Ինձ հիմա էլ 64 հիմնական դպրոցից կանչում են, որ ես իրենց «սանտեխնիկական» հարցերով զբաղվեմ: Ես չեմ պատկերացրել, որ կարող է մի օր կանգնեմ դատարանի առաջ ու պատասխան տամ: Ինչի՞ համար, եթե ես իմ աշխատանքը միշտ լավ եմ կատարել»:

Վերջին խոսքերը լսելուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ և կարճ ժամանակ անց վերադարձավ և հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը․

«Անաիդա Շահնազարյանին մեղավոր ճանաչել և նրա կատմամբ նշանակել 5 տարի 6 ամիս ազատազրկման պատիժ: Քնարիկ Մալխասյանին նույնպես մեղավոր ճանաչել և նշանակել  5 տարի ազատազրկման պատիժ: Քնարիկ Մալխասյանի պատիժը պայմանականորեն չկիրառել և փոխարենը կիրառել 3 տարի փորձաշրջան»:

Գումարների յուրացման մասով դատարանը որոշեց Անաիդա Շահնազարյանից հօգուտ պետության գանձել 12.003.240, իսկ Քնարիկ Մալխասյանից՝ 4.307.738 ՀՀ դրամ գումար:
Անաիդա Շահնազարյանի և Քնարիկ Մալխասյանի նկատմամբ կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին դատարանը թողեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում պաշտպան Անժելա Հոբոսյանն ասաց, որ դատավճիռը կբողոքարկեն վերաքննիչ ատյանում:

Հիշեցնենք, որ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015 թվականը զբաղեցրել է Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը և պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015 թվականների ընթացքում գրանցել է 12 քաղաքացի, և վերջինների կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12.003.240 ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:

Այս գործով մեղադրանք էր առաջադրվել նաև նույն դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանին, որը  մեղադրվում էր այն բանի համար, որ դիմել էր տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող գրանցել իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝ նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով:

Հիշեցնենք նաև, որ դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջել էր Անաիդա Շահնազարյանին մեղավոր ճանաչել և նշանակել 6 տարի և 6 ամիս ազատազրկման պատիժ, իսկ Քնարիկ Մալխասյանին՝ 5 տարի և 6 ամիս ազատազրկման պատժաժամկետով:

Սերգեյ Հակոբյան

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել