Նորություններ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ
Կարեն Զադոյան
Օգոստոս 2006թ.

Զարգացած իրավաբանական համակարգեր ունեցող երկրներում իրավաբանական ընկերությունների կառավարման համակարգերը տարբերվում են միմյանցից: Սակայն վերլուծելով արևմտյան եվրոպական երկրների և ԱՄՆ-ի այս բնագավառի փորձը՝ կարելի է առանձնացնել իրավաբանական ընկերությունների կառավարման մի քանի մոդելներ:
ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կառավարման այս մոդելը բնորոշ է իրավաբանական ոչ մեծ ընկերություններին: Այս տեսակի ընկերություններում կառավարման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ընկերության բոլոր իրավաբանների կողմից՝ անկախ նրանց տարիքից և փորձից: Կառավարման այս մոդելի հիմնական խնդիրն այն է, որ բոլոր իրավաբանները քվեարկության ժամանակ ունեն հավասար իրավունքներ: Սակայն կառավարման այս մոդելը որդեգրած մի շարք ընկերություններում այս հարցի լուծման նպատակով ժամանակի ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, ըստ որոնց, տվյալ ընկերությունում տարբեր կարգավիճակ ունեցող իրավաբաններ քվեարկության ընթացքում ստանում են տարբեր իրավասություններ: Օրինակ՝ ընկերության հիմնադիրները, փորձառու փաստաբանները, որոնք ապահովում են ընկերության հաճախորդների հիմնական հոսքը, քվեարկության ժամանակ ունեն ավելի լայն իրավունքներ, քան մյուս իրավաբանները: Այս ամենի հետ մեկտեղ՝ ընկերությունում ոչ երկար ժամանակ աշխատող, ինչպես նաև ընկերությանը ոչ մեծ եկամուտ բերող երիտասարդ մասնագետների իրավունքները սահմանափակվում են և նրանց տրվում են ավելի սահմանափակ իրավասություններ:
ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ՄԱՐՄԻՆ
Ընկերությունների գործունեությանը վերաբերող վարչական հարցերի լուծումը պահանջում է շատ ժամանակ: Այդ պատճառով այն իրավաբանական ընկերությունները, որոնք կազմված են հինգ և ավելի գործընկեր (մասնակիցներ) փաստաբաններից, նախընտրում են ընտրել գործադիր կառավարման կոլեգիալ մարմին՝ վարչական կոմիտե, որի հիմնական խնդիրն է հանդիսանում իրավաբանական ընկերության ամենօրյա գործունեության կառավարման հետ կապված հարցերի լուծումը: Վարչական կոմիտեն ընտրվում է 1-ից մինչև 3 տարի ժամկետով՝ կոմիտեի անդամների ամենամյա ռոտացիայի սկզբունքով: Կոմիտեն իր կատարած և կատարվելիք աշխատանքների մասին պարբերաբար զեկուցում է գործընկերների ընդհանուր ժողովին:
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ
Իրավաբանական ընկերությունների կառավարման երրորդ մոդելը կառավարման պարտականությունների բաշխումն է ընկերության բոլոր գործընկեր փաստաբանների միջև: Օրինակ՝ մի փաստաբանը որոշում է ընկերության գրասենյակի կազմակերպչական հարցերը, մյուսը պատասխանատվություն է կրում վստահորդների ներգրավման ու նրանց մատուցվող ծառայությունների համար և այլն: Ընկերության կառավարման այս մոդելի դեպքում գործընկերները իրենց աշխատաժամանակի միայն մի փոքր մասն են հատկացնում ընկերության կառավարման հարցերին և ավելի շատ ժամանակ են ունենում իրավաբանական պրակտիկայով զբաղվելու համար: Ամենակարևոր որոշումները ընդունվում են ընկերության ընդհանուր ժողովի կողմից:
ԿԱՌԱՎԱՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս ընկերության կառավարման ամենաարդյունավետ մոդելը համարվում է ընկերության գործընկեր փաստաբաններից մեկի ընտրությունը կառավարող գործընկերոջ պաշտոնում: Կառավարող գործընկերը լիազորվում է ընդունել ընկերության բոլոր վարչական որոշումները, բացառությամբ այն որոշումների, որոնք մտնում են գործընկերների ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունների մեջ: Քանի որ կառավարող գործընկերը որոշում է ընկերության կառավարման բոլոր հարցերը՝ ընկերության մյուս գործընկերները ազատվում են կառավարման պարտականությունների կատարումից և զբաղվում են իրավաբանական պրակտիկայով: Կառավարման այս մոդելի դեպքում կառավարող գործընկերը ավելի քիչ ժամանակ է ունենում իրավաբանական պրակտիկայով զբաղվելու համար: Կառավարման այս ձևում կիրառվում է նաև կառավարող գործընկերոջ ռոտացիոն փոփոխության սկզբունքը:
ՄԻԱՆՁՆՅԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Կառավարման այս մոդելի օգագործումը ենթադրում է ընկերության բոլոր վարչական ռեսուրսների կենտրոնացում մեկ փաստաբանի ձեռքում: Այս ձևը օգտագործվում է այն դեպքերում, երբ առաջատար մեկ փաստաբան հիմնում է ընկերություն, իսկ մյուս իրավաբանները աշխատանքի են ընդունվում այդ հիմնադիր փաստաբանի մոտ: Ինչպես բոլոր տոտալիտար համակարգերում, այս դեպքում նույնպես հաջողությունը մի կողմից կախված է միանձնյա կառավարողի բարյացակամությունից, իսկ մյուս կողմից՝ ենթակաների նպատակամղվածությունից: Այս ձևը հաջող կիրառվում է, երբ առաջատար փաստաբանը արդար է կառավարում և հարգալից է վերաբերվում իր կոլեգաներին, որոնք էլ համաձայնվում են մնալ առաջատար փաստաբանի ստվերում: Կառավարման այս ձևի թերությունը կադրերի արտահոսքն է, քանի որ որոշ ժամանակ ընկերությունում աշխատելուց հետո փաստաբանները նախընտրում են հեռանալ՝ ընկերության կառավարման մեջ չունենալով ձայնի իրավունք:
ԱՄՓՈՓՈՒՄ
Իրավաբանական ընկերությունների կառավարման մոդելներն ու ձևերը կարող են լինել անթիվ ու անհամար: Յուրաքանչյուր կոնկրետ ընկերության պահանջմունքներից կախված՝ կարող են մշակվել իրավաբանական ընկերությունների կառավարման հինգ հիմնական մոդելերի կոմբինացիաներ և տարբերակներ:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել