ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ, ՀՀ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական
Վրեժ Գասպարյան
Օգոստոս 2006թ.
ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային իրավական համակարգի միջուկը և շարժիչ ուժը սահմանադրությունն է, որի շուրջ են ձևավորվում իրավական համակարգի մյուս բաղադրիչները: Սահմանադրությունը` որպես իրավական կառուցակարգ (մեխանիզմ), հասարակական կյանքում իրագործվում է իրավական, պետական ինստիտուտների մի ամբողջ համակարգով, հասարակական իրավագիտակցությամբ և իրավակիրառ պրակտիկայում: Սահմանադրական նորմերի ճնշող մեծամասնությունը չունի իրացման սեփական մեխանիզմ (օրինակ` նորմ-սկզբունքներ, նորմ-նպատակներ և այլն): Այստեղ որպես կառուցակարգ հանդես է գալիս ողջ իրավական համակարգը, որի փոխկապակցված բաղադրամասերն ուղղակի կամ անուղղակի առնչվում են սահմանադրական նորմերի և սկզբունքների իրագործմանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սա սահմանադրական նորմ-նպատակ է, որին ձգտում է սոցիալական առաջադիմության ուղին նախընտրած ազգային պետականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բովանդակում է մի շարք սկզբունքներ և դրույթներ, որոնց ներհատուկ է իրավական կարգավորման բազմամակարդակ բնույթը: Վերջինս իր հերթին ենթադրում է իրավական համակարգում սահմանադրական նորմերի իրագործման բազմամակարդակ գործընթաց: Այդ պատճառով էլ իրավական բարեփոխումների գործընթացում որոշակի խնդիրներ են առաջանում` կապված օրենսդրությունում և դատական ու իրավակիրառ պրակտիկայում սահմանադրական նորմերի փոխակերպման հետ: ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո ազգային սահմանադրական իրավունքի տեսությունում և պրակտիկայում սկսեց ձևավորվել զարգացման նոր ուղղություն, որը միտված է ընդարձակելու սահմանադրական նորմերի և սկզբունքների գործադրման սահմանները ազգային իրավական համակարգում: Արդի ժամանակաշրջանի ժողովրդավարական հասարակությունների զարգացման հիմնական միտումներից է նաև ներպետական իրավական համակարգի սահմանադրականացումը:
Այս առումով անհրաժեշտ է պարզել «սահմանադրականացում» երևույթի բովանդակությունը, նրա նշանակությունն ազգային պետականության և ողջ իրավական համակարգի համար:
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ
Համեմատական սահմանադրական իրավունքի տեսության մեջ սահմանադրականացումը մեկնաբանվում է որպես սահմանադրական նորմերի իրականացում և իրավական ու քաղաքական համակարգի վրա սահմանադրության ներգործության ապահովում: Սահմանադրականացումը սահմանադրության ուղղակի իրավաբանական ազդեցության հետևանք է և կարող է դիտարկվել որպես իրավական համակարգի վրա սահմանադրական նորմերի ներգործության կառուցակարգ:
Իրավական համակարգի սահմանադրականացման իրավական հիմքը Սահմանադրությունն է, որի նորմերն օժտված են բարձրագույն իրավաբանական ուժով` ողջ իրավական համակարգում: Հասարակության իրավական համակարգի սահմանադրականացման հիմնական պայմաններն են Սահմանադրության գերակայությունը, նորմատիվությունը և նրա նորմերի ուղղակի գործողությունը:
Սահմանադրորեն ամրագրելով Սահմանադրության՝ որպես պետության Հիմնարար օրենքի գերակայության սկզբունքը` երաշխավորվում է մարդու բնական և անօտարելի իրավունքների պաշտոնական ճանաչումը, որի ուժով Սահմանադրությունը դառնում է անհատի ազատության, նրա իրավունքների իրացման երաշխավորը:
Սահմանադրական նորմերը որպես կանոն և առավել հաճախակի իրագործվում են իրավունքի զանազան ճյուղերի նորմերի հետ համատեղ: Դա պայմանավորված է նրանով, որ ոչ միշտ են սահմանադրական նորմերը բավարար Հիմնարար օրենքի դրույթների իրագործման համար: Սահմանադրությունն ամրագրում է միայն գլխավոր, հիմնարար սկզբունքները, սահմանում է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, պետության գործունեության կազմակերպչական ու գործառութային հիմունքները: Դրանց իրականացումը ենթադրում է սահմանադրական նորմերի ձևափոխում սովորական օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում:
Սահմանադրական ընդհանուր հրահանգումների այդպիսի փոխակերպումը ճյուղային (քաղաքացիական, աշխատանքային, վարչական, քրեական և այլն) օրենսդրության լեզվով պետք է ուղեկցվի Սահմանադրության կարգադրագրերի կոնկրետացումով, մարդու հիմնական իրավունքները, ազատությունները ու պարտականությունները մանրամասնող ընթացիկ օրենսդրության միջոցներով, ինչպես նաև Հիմնարար օրենքի նորմերի իրականացման դատավարական ձևերի մշակմամբ: Սահմանադրական նորմերի կոնկրետացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիների իրավունքներին վերաբերող նորմերից շատերը գործում են ճյուղային օրենսդրության միջոցով, ինչպես նաև այն բանով, որ հարկավոր է բարձրացնել իրավունքների ու ազատությունների իրագործման դատավարական ձևերի արդյունավետությունը: Բացի այդ՝ Սահմանադրությունը միշտ ընկալվում է որպես երկարատև գործողության իրավական փաստաթուղթ: Ընդունելով Հիմնարար օրենքի դրույթները կոնկրետացնող նորմատիվ ակտեր՝ օրենսդիրը հնարավորություն է ստանում ավելի լիարժեք կերպով օգտագործել նրա կարգավորիչ ու նաև քաղաքական, սոցիալական, բարոյական ներուժը` ի շահ հասարակական առաջընթացի:
ՀԱՐՑԻ ԴՈԿՏՐԻՆԱԼ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
Սահմանադրական դոկտրինայի մեջ ներկայումս հնարավոր է առանձնացնել համատեղ կիրառման ընթացքում Սահմանադրության և ընթացիկ օրենսդրության հարաբերակցության մի քանի գլխավոր ասպեկտներ:
Առաջինը Սահմանադրության ազդեցությունն է երկրում կատարվող նորմաստեղծ գործընթացի վրա: Կարելի է խոսել իրավական համակարգի վրա Հիմնարար օրենքի իրավակազմավորման աճող ազդեցության մասին: Սահմանադրությունն ուղղակիորեն նախատեսում է մի շարք օրենսդրական ակտերի ընդունում:
Երկրորդը իրավական համակարգում Սահմանադրության տեղի, ինչպես նաև նրա իրավաբանական ուժի հարցն է: Լինելով իրավական համակարգի հիմնական բաղադրիչը` Սահմանադրությունը կատարում է առաջատար դեր: Այն «օրենքների օրենքն» է, որն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով և իրավաբանական բազա է ընթացիկ ամբողջ օրենսդրության համար: Այստեղից տրամաբանորեն բխում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձանց, որոնց վրա տարածվում է պետության տարածքային գերակայությունը, պարտականությունն է պահպանել և պաշտպանել Հիմնարար օրենքը: Դա է սահմանադրական օրինականության, ընդունվող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը, նրա տառին ու ոգուն համապատասխանելու երաշխիքներից մեկը:
Սահմանադրական վերահսկողության կազմակերպչական ձև է Սահմանադրական դատարանը, որն օժտված է բավականաչափ համապատասխան իրավասությամբ:
Երրորդը հասարակական հարաբերությունների կարգավորման գործում Սահմանադրության և ընթացիկ օրենքների փոխգործողության հարցն է: Այն առաջատար դերը, որն իրավական համակարգում ունեն սահմանադրական իրավունքը և դրա հիմնարար աղբյուրը` Սահմանադրությունը, կանխորոշում ու պայմանավորում են այն գործառույթները, որոնք դրված են իրավունքի ճյուղերի վրա և կոչված են նախատեսել ու ապահովել սահմանադրական նորմերի իրագործման համար անհրաժեշտ և հուսալի կառուցակարգեր: Հասարակական հարաբերությունների ոլորտում չկա այնպիսի բնագավառ, որտեղ չարտահայտվի սահմանադրական նորմերի կարգավորիչ ազդեցությունը: Սակայն այդ հարաբերությունները կարգավորվում են նաև իրավունքի այլ ճյուղերի նորմերով: Ինչ խոսք, դա չի նշանակում ո՛չ Սահմանադրության ուղղակի և անմիջական գործողության բնույթի, ո՛չ իրավունքի այդ ճյուղերի արժեքի և դերի նսեմացում: Մենք ընդգծում ենք այն միտքը, որ սահմանադրական նորմերի իրագործման կառուցակարգը սահմանվում է ոչ միայն Սահմանադրության և ընդհանրապես պետական իշխանության կողմից, այլև ճյուղային օրենսդրությամբ, ինչն իր հերթին անխուսափելիորեն հարց է ծնում այդ կառուցակարգերի սահմանների մասին:
Հիմնարար օրենքի իրագործման սահմանադրական կառուցակարգը գործում է դրա սուբյեկտների միջև հարաբերությունների բնականոն զարգացման ժամանակ: Որևէ շեղում առաջանալու դեպքում՝ դրա բնույթից կախված, գործի է դրվում նաև իրագործման ճյուղային կառուցակարգը (խախտված իրավունքի վերականգնում, պարտականության կատարման ապահովում և այլն):
ԱՄՓՈՓՈՒՄ
Սահմանադրության խնդիրը չէ բոլոր հասարակական հարաբերությունների կարգավորումը: Այն ամրագրում է սահմանադրական կարգի հիմունքները, սահմանում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, ազատություններն ու պարտականությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպման և գործունեության հիմքերը, ամրագրում պետական կառուցվածքը, կառավարման ձևը, քաղաքական ռեժիմը, ինչպես նաև պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման և գործունեության կարգը:
Սահմանադրությունը աղբյուր է ազգային իրավական համակարգի սկզբունքների ձևավորման և դրանց նորմատիվ բովանդակության համար: Ընդհանրապես, իրավական համակարգի սկզբունքներն այն ելակետային ու հիմնարար դրույթներն են, որոնք կանխորոշում են հասարակության իրավական համակարգի էությունը, նորմատիվ բովանդակությունը, իրավաստեղծ, իրավակիրառ և իրավապահպան գործունեության բովանդակությունն ու բնույթը:
Սահմանադրությունը կարգավորում է հասարակության մեջ բախումների հաղթահարումը, կանոնավորում է քաղաքական միասնության կազմակերպման և ձևավորման գործընթացն ու պետության գործունեությունը, դրանով իսկ ապահովելով քաղաքացիական հասարակության ձևավորման հնարավորությունը, քանզի առանց քաղաքացիական միասնության հնարավոր չէ նախադրյալ ստեղծել քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Այդ իմաստով Սահմանադրությունը ստեղծում և նորմավորում է ընդհանուր պետաիրավական ռեժիմի հիմքերը: Ընդհանուր առմամբ այն կշռադատված, որոշակի սկզբունքների վրա խարսխված, հասարակության կյանքի կանոնակարգման հիմնական իրավական ակտն է կամ, համենայնդեպս, այդպիսին պետք է լինի, քանի որ Սահմանադրությունը իրավաբանական փաստաթուղթ է, որի տառը, ոգին, նորմերն ու սկզբունքները կանխորոշում են իրավունքի սուբյեկտների վարքը: Եվ որքան շատ հասարակության անդամներ համաձայնեցնեն իրենց վարքը Սահմանադրության հետ, այնքան ավելի լիարժեք ձևով կարտահայտվի ժողովրդավարական ինստիտուտների ներուժը, ավելի հուսալի կլինեն ժողովրդավարության, ազատության և անձի իրավունքների իրականացման երաշխիքները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել