Մեղադրողը միջնորդել է 10 տարվա ազատազրկման դատապարտել հարկայինի նախկին բարձրաստիճան պաշտոնյանին, հնչեց պաշտպանակն ճառը

Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի  կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու գործով դատավարությունը այսօր շարունակվեց։ Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։  

Հիշեցնենք, որ գործի նյութերի համաձայն, նրանք տեղյակ են եղել, որ  Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը  հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր և այդպիսով   չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝ այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին:

Այսօր դատարանը լսեց ամբաստանյալ Գագիկ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանի պաշտպանական ճառը: Վերջինս, անդրադառնալով Գագիկ Մազմանյանին առաջադրված  կաշառք վերցնելու մեղադրանքի դրվագին, նշեց, որ դրա հիմքում որպես ապացույց դրված է միայն  Ռուզաննա Աբրահամյանի ցուցմունքը, Արամ Հովսեփյանի՝ կասկածյալի կարգավիճակում տված ցուցմունքը, և Ռուզաննա Աբրահամյանի կաշառք տալու մասին հայտարարությունը:

Պաշտպանի խոսքով, Արամ Հովսեփյանը երբեք ցուցմունք չի տվել, որ Ռուզաննա Աբրահամյանից կաշառք է ստացել և հետն էլ փոխանցել է Գագիկ Մազմանյանին. «Որտե՞ղ եք տեսել, որ Արամ Հովսեփյանն ասի, որ ինքը կաշառք է վերցրել, կաշառք էլ տվել է: Պարզ ասել է, որ կաշառքի մասին խոսք չի կարող լինել: Դուք վերցրել եք և որպես ապացույց դա դրել եք Գագիկ Մազմանյանի մեղադրանքի հիմքում»,- նշեց պաշտպանը:

Անդրադառնալով Ռուզաննա Աբրահամյանի տարբեր ժամանակներում տված ցուցմունքներին, պաշտպանն ասաց, որ նա նույն իրադարձությունների մասին տվել է տարբեր, իրարամերժ ցուցմունքներ. «Մի տեղ նա նշում է, որ 2006-2007 թվականների ստուգման համար Հովսեփյանին 30.000 ԱՄՆ դոլար տվել է միանգամից ակտը բերելու պահին: Համ միանվագ է տվել, համ  ակտը բերելու պահին: Մեկ էլ նույն իրադարձության մասին խոսում է, որ 20.000 ԱՄՆ դոլար տվել է առանձին, 10.000 ԱՄՆ դոլար տվել է առանձին և երկուսն էլ տվել է մինչև ակտը բերելը»,- նշեց Աշոտ Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ Ռուզաննա Աբրահամյանի ձեռքով գրված իրարամերժ տված ցուցմունքները չեն կարող արժանահավատ դիտվել, քանի որ հակասում են մեկը մյուսին և բոլորը հակասում են հանցագործության պահին տված հաղորդման մեջ նշված փաստերին. «Հետագայում քննիչի կողմից Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքներն արդեն մակագրվել են, հակասությունները լրիվ վերացվել են ու, թե՛ Արամ Հովսեփյանի, թե՛ Գագիկ Մազմանյանի առերես հարցաքննության ժամանակ, թե՛ հետագայում այդ դրվագների վերաբերյալ տված ցուցմունքները ստորակետների, տառասխալների նույնությամբ արտատպված են: Դա ցուցմունք չէ, դա ընդամենը ցուցմունքի copy-paste է»,-ասաց պաշտպանը, ապա հավելեց, որ Ռուզաննա Աբրահամյանը չի հարցաքննվել, նա ընդամենը ստորագրել է արձանագրությունների տակ:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Ռուզաննա Աբրահամյանի դատարանում տված այն ցուցմունքին, երբ նա հայտնել է, որ երբ նեղ վիճակում է հայտնվել, հաճախ դիմել է Գագիկ Մազմանյանին՝ օգնության համար, ով մանր գումարներով ուղարկել է ընդամենը 860 ԱՄՆ դոլար. «Հիմա այդ երկու հանգամանքը՝ Գագիկ Մազմանյանից գումար վերցնելու և մինչև 23.01.2015 թվականն անունը չտալու, համալրելով միմյանց հետ պարզ և պարզ է դառնում, Ռուզաննա Աբրահամյանը Գագիկ Մազմանյանից գումարներ է պարկել մինչև 2015 թվականի հունվարի 23-ը, տեսնելով, որ գումար ստանալու ակնկալիքները չեն իրականանում, որոշել է սուտ հայտարարություն տալ, թե նա կաշառք է տվել: Այն, որ նշված ժամանակահատվածը Ռուզաննա Աբրահամյանն օգտագործել է գումարներ կորզելու համար, հաստատում է նրա իսկ 26.01.2015 թվականի Արամ Հովսեփյանից գումարներ պահանջելու մասին ցուցմունքով, որտեղ բառացի նշել է: Մեջբերում եմ. «Հորս մահից հետո ես ավելի մխրճվեցի խնդիրների մեջ և նոյեմբեր ամսից անընդմեջ զանգահարում էի նրա բջջային հեռախոսին, նա էլ չէր պատասխանում: Ես գնացի նրա աշխատանքի վայրը՝ Էջմիածնի հարկային տեսչություն, նա ինձ ընդունեց շատ սառը և կոպիտ, ինձ ուրիշի միջոցով ուղարկեց 50.000 ՀՀ դրամ»: Դա 2014 թվականի դեկտեմբերի կեսերին էր: Հատկանշական է, որ նախաքննության ժամանակ ինչպես  02.02.2015 թվականին, այնպես էլ հետագայում թե՛ Գագիկ Մազմանյանի, թե՛ Արամ Հովսեփյանի վերաբերյալ ցուցմունքներ տալիս գրեթե միշտ նշել է, որ հացի փող չի ունեցել, ահավոր ծանր ֆինանսական վիճակում է գտնվել, իսկ Արամ Հովսեփյանից գումար ուզելու հանգամանքում նշել է, որ անգամ դեղորայքի փող չի ունեցել և այդ պատճառով է գնացել Արամ Հովսեփյանի մոտ, սակայն դատարանում ես լսում եմ ցուցմունքը ու տեսնում, որ կտրուկ փոխում է և ներկայացնում, որ ոչ մի փողի կարիք էլ չի ունեցել և ասում է, որ ուղղակի պատճառ էր փնտրում, որպեսզի հանդիպեր նրանց, որպեսզի Գագիկ Մազմանյանն ու Արամ Հովսեփյանն այդ հանդիպումները չմերժեին»,-նշեց պաշտպանը։

Պաշտպանը հատուկ ընդգծեց մեկ այլ դրվագ․ իր ցուցմունքում Ռուզաննա Աբրահամյանն է նշել, որ, երբ իմացել է Արամ Հովսեփյանն աշխատում է Էջմիածնի հարկայինում, ասել է՝ «լավ էլ գործի ա»: Դա նշանակում է, որ արդեն նրա մտքին եղել է, որ, եթե Արամը չաշխատեր, ապա նրա մոտ չէր գնա: Արդեն աշխատում է, կարելի է «փող պոկել»:

Պաշտպանը նշեց նաև, որ Ռուզաննա Աբրահամյանը թշնամաբար է տրամադրված Գագիկ Մազմանյանի նկատմամբ, որն էլ ակնհայտ է դարձել թե՛ նրա նախաքննական, թե՛ դատական ցուցմունքներից:

Աշոտ Սարգսյանն անդրադարձավ նաև Ռուզաննա Աբրահամյանի 2011-2012 թվականների ընթացքում հարկային պարտավորությունները թաքցնելուն, որի վերաբերյալ ասաց.«Ռուզաննա Աբրահամյանի կողմից հարկերը թաքցնելու վերաբերյալ նրան պատասխանատվության չեն ենթարկել և դատավճռով սահմանվելու էր 6 տարի ազատազրկման ժամկետ, այնինչ, եթե նրան չօգնեին, ապա նրա պատիժը կլիներ ավելի ծանր: Բացի դրանից՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռուզաննա Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով կայացրած դատավճռով մեղադրանքում սահմանվել է 2.000.000-ից ավել ՀՀ դրամ, սակայն միայն թվերն իրար գումարելով պարզ է դառնում , որ այդ ծավալը 97.000.000 ՀՀ դրամ նվազացված է: Էդ, որ ասում եք՝ եկել է, փող է ուզում, 70.000 ԱՄՆ դոլար է, դրամ է, հենա մի գրիչի բանով 97.000.000 նվիրել եք Ռուզանին, էլի: 10.000.000 հարկերի թաքցնելու համար մարդուն տանում եք բերդերում փթացնում եք, բա 97.000.000-ը հենց-նենց բաշխել եք Ռուզանի՞ն»:

Ավարտելով պաշտպանական ճառը, պաշտպանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալ Գագիկ Մազմանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ արարքներում հանցակազմի բացակայության և առաջադրված մեղադրանքները չհիմնավորվելու պատճառաբանությամբ և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից:

Նշենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանն իր մեղադրական ճառում միջնորդել է Գագիկ Մազմանյանի հանդեպ պատիժ նշանակել 10 տարի ազատազրկում։

Հաջորդ դատական նիստին կներկայացվի մյուս ամբաստանյալների պաշտպանական ճառերը։

Հիշեցնենք, որև Արամ Հովսեփյանի և Գագիկ Մազմանյանի դեմ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, իսկ գործով անցնող մյուս երկու ամբաստանյալների՝ Պատվական Հայրապետյանի և Բագրատ Ասատրյանի դեմ՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ:

Ծանուցում.  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարում՝ դատավոր Արշակ Վարդանյանը

Սերգեյ Հակոբյան
 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել