«Ով ազնիվ է և նվիրված կրթությանը, դատում են…»․ 12 միլիոն դրամի յուրացման գործով ամբաստանվող դպրոցի նախկին տնօրեն

Այսօր Երևանի համար 64 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանի կողմից շուրջ 12 միլիոն դրամի յուրացման գործով դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպան Անժելա Հոբոսյանի բացակայության պատաճռով։ Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Դատարանը գրություն էր ստացել Անժելա Հոբոսյանից, որով նա մասնավորապես հաղորդում էր.«Հարգելի պարոն Գրգիորյան, քրեական գործով ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը նշանակել եք 18.12.2017թվականին:Հայտնում եմ, որ «Փաստաբանների պալատի» նախագահի հրամանով 11.12.2017թվականից մինչև 25.12.2017թվականը գտնվելու եմ հերթական արձակուրդի մեջ: Խնդրում եմ դատական նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ օր: Նպատակահարմար է՝  տոներից հետո»:

Պաշտպանը կից ուղարկել էր հրամանի պատճեն,որը տրված էր 2017 թվականի նոյեմբերի 24-ի ամսաթվով ՀՀ «Փաստաբանների պալատի» նախագահ Զոհրաբյանի կողմից:

Չնայած, որ Անաիդա Շահնազարյանը դեռ դատարան հասնելու ճանապարհին էր, այդուամենայնիվ՝ դատարանը հիմք ընունելով Անժելա Հոբոսյանի գրությունը, հետաձգեց դատական նիստը և հաջորդ նիստի օր նշանակեց 2018 թվականի հունվարի վերջին:

Այս գործով երկրորդ ամբաստանյալ Քնարիկ Մալխասյանին, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ դիմել է տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող գրանցել իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝ նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով, դատարանին հաղորդեց, որ Անաիդա Շահնազարյանը գտնվում է առողջական անկայուն վիճակում:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Քնարիկ Մալխասյանն ասաց, որ ինքը շատ է նեղվում այսպիսի վիճակում հայտնվելու համար: Ասաց, որ այս պահին աշխատանք ունի: Աշխատում է դպրոցում որպես մաքրուհի, և բոլորն իրենից գոհ են. «Ես չհասկացա, թե ինչու գործը հասավ դատարան: Ես միշտ լավ եմ աշխատել: Այն դպրոցում, որտեղ այս պահին աշխատում եմ և աշխատանքից եմ դուրս եկել, որ մասնակցեմ դատական նիստին, ինձնից գոհ են: Նույնիսկ երկու օր առաջ անցնող մարդիկ ասացին, որ շատ մաքուր եմ պահում տարածքն ու բարեխիղճ եմ աշխատում»:

Հիշեցնենք, որ Երևանի համար 64 դպրոցի նախկին պահակ Քնարիկ Մալխասյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում:

Իրավաբան.net-ի հետ հեռախոսազրույցում Անաիդա Շահնազարյանն ասաց, որ դեռ ամբողջպաես չի ապաքինվել ինֆարկտից հետո. «Ինձ մոտ միայն սրտի ստենտավորման խնդիր չէ: Այս ամբողջ երեք տարվա ընթացքում հետապնդման եմ ենթարկվել և այդ հոգեվիճակից շաքարս է նաև բարձրացել ու այս պահին շատ բարձր է: Այն պահից սկսած, երբ ինձ վրա քրեական գործ հարուցվեց, միայն այդքանից հետո իմ անձի հանդեպ հետապնդումները դադարեցվեցին: Առանց ամաչելու դատարան են գնում ու սուտ վկայություններ են տալիս իմ հասցեին: Ես միայն չեմ հասկանում, թե ինչու՞ քաղաքապետարանից մի տեսուչ չեկավ ու չասաց, որ ես ինչ-որ մի հարցում թերացե՞լ եմ: Ասացին, որ թեժ գիծ բողոք են ստացել, թե, իբր, ես դպրոցում դրամահավաքության կոչեր եմ արել, բայց, թե ովքեր են զանգել ու բողոքել, այդ մասին ինձ ոչինչ չեն հաղորդում: Ես ամբողջ իմ աշխատանքը գերազանց եմ կատարել, և բոլորը գոհ էին ինձնից: Անգամ աշակերտների ծնողներն են պաշտպանել ինձ և հայտնել են, որ ես ոչ մի վատ արարք չեմ արել, դրամահավաք կազմակերպելու կոչեր չեմ արել»,-նշեց նա:

Անաիդա Շահնազարյանը հաղորդեց նաև, որ դպրոցում աշխատելու տարիներին շատ դժվար է եղել իր համար: Ունեցել է հիվանդ սկեսուր, իսկ ամուսինը մահացել է 1997թվականին. «Այդ ամբողջ ծանրությունն իմ ուսերին էր. երեխա եմ մեծացրել միայնակ, հիվանդ սկեսուր եմ խնամել, ես ինչպե՞ս կարող էի ինձ վատ արարք թույլ տալ…,- Նա հուզվեց, և դադարից հետո շարունակեց,- Այդ մեղադրանքը, որ  առաջադրել են, ես ինձ մեղավոր չեմ համարում: Կանչում են դպրոցի հաշվապահին, որը սուտ ցուցմունքներ է տալիս, կանչում են դպորցի պահակին, որը նույնպես սուտ ցուցմունքներ է տալիս: Ես գերազանց եմ ստացել իմ աշխատանքում: Ստացվում է, որ ով ազնիվ է և նվիրված  կրթությանը, դատում են…»:

Անաիդա Շահնազարյանի հետ զրույցը ընդհատեցինք՝ նրա խիստ հուզված լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչ 02.03.2015 թվականը զբաղեցնելով Երևանի թիվ 64 հիմնական դպրոց ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործելով, նույն դպրոցի տարբեր ազատ հաստիքներում 2009-2015թվականների ընթացքում գրանցելով 12 քաղաքացի, և վերջինների կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 12.003.240 ՀՀ դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ:

Ծանուցում.  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարում՝ մեղադրող Հակոբ Ենոքյանը

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել