Նորություններ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, իրավաբան
Արփինե Եղիկյան
Սեպտեմբեր 2006թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես գերագույն արժեք է ճանաչում մարդուն, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սա նշանակում է, որ բոլոր պետական մարմինների առաջնային խնդիրը պետք է լինի մարդու իրավունքների ապահովումը, երաշխավորումը և պաշտպանությունը: Սահմանադրական դատարանի՝ ինչպես պետական այլ մարմինների դերն ու նշանակությունը իրավական պետությունում, պայմանավորված է նրա գործառույթներով, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության և իրավակարգի ապահովման ու պահպանման գործում ունեցած նրա լիազորություններով:
2005թ.-ի նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մեջ ներմուծեցին մի շարք դրույթներ, որոնք նոր երաշխիքներ են ստեղծում մարդու իրավունքների պաշտպանության համար և ավելի են համապատասխանում միջազգային և զարգացած երկրների սահմանադրական պրակտիկային: Այդ նորմերից է նաև ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, համաձայն որի, Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Սահմանադրական փոփոխությունները շատ քաղաքացիների կողմից ընդունվեցին մեծ ցնծությամբ հենց այս դրույթի պատճառով, քանի որ «մարդը ստանում էր մի հնարավորություն ևս պաշտպանելու իր խախտված իրավունքը»: Պրակտիկան ցույց է տալիս, որ հասարակության մի ստվար մաս Սահմանադրական դատարանը ընկալում է որպես հերթական ատյան, որը կքննի իր իրավունքների խախտումների վերաբերյալ գործեր, և գրեթե համոզված է, որ հարցը կլուծի հօգուտ իրեն: Այդ մասին են վկայում նաև ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված բազմաթիվ անհատական դիմումները, որոնցում քաղաքացիները դիմում են ոչ թե հակասահմանադրական ճանաչելու օրենքի դրույթը, որը դատարանի կողմից կիրառվել է իրենց նկատմամբ կոնկրետ գործով, այլ դիմում են խնդրանքով՝ անվավեր ճանաչել ընդհանուր իրավասության դատարանի ակտը: Այս հանգամանքը վկայում է ոչ միայն դատական համակարգի նկատմամբ անվստահության մասին, միջազգային ատյաններում գործի երկարատև քննության մտավախության, ինչի արդյունքում հարցը տվյալ անձի համար կկորցնի իր նշանակութունը, այլև հասարակության իրավագիտակցության մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ունեցած թյուր պատկերացման մասին:
Ժողովրդավարական հասարակարգում Սահմանադրական դատարանի դերը պայմանավորված է պետական կառուցակարգում ունեցած նրա տեղով և դիրքով: Որոշ երկրներում Սահմանադրական դատարանը դիտարկվում է իշխանության երեք թևերից դուրս և կոչված է երաշխավորելու իշխանության թևերի հավասարակշռությունը: Մի շարք երկրներում (Գերմանիա, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստան և այլն) Սահմանադրական դատարանը համարվում է իշխանության դատական թևի ինստիտուտներից մեկը և Սահմանադրությամբ էլ նրա վերաբերյալ դրույթները զետեղված են դատական իշխանությանը վերաբերող գլխում: Ինչպիսին էլ լինի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի փոխհարաբերակցությունը իշխանության թևերի հետ, այնուամենայնիվ, պատմականորեն նրա առաքելությունը Սահմանադրության գերակայության երաշխավորումն է, սահմանադրական արդարադատության իրականացումը, առաջին հերթին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով:
Վերոնշյալ սահմանադրական դրույթի համաձայն՝ անհատական դիմումի հիման վրա սահմանադրական արդարադատության օբյեկտ է դառնում դատական ակտը, որով կիրառվել է Սահմանադրությանը հակասող օրենքի դրույթ, այսինքն՝ Սահմանադրական դատարանը քննում է դատական ակտի սահմանադրականությունը: Այս եղանակով իհարկե պաշտպանվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, սակայն ոչ ուղղակիորեն: Մի շարք զարգացած ժողովրդավարական երկրներում Սահմանադրական դատարանի կողմից մարդու իրավունքների անմիջական պաշտպանությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Այդպիսի երկրներից են Գերմանիան, Իսպանիան, Շվեյցարիան: Ըստ Գերմանիայի Հիմնական օրենքի՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ հանրային իշխանությունը խախտել է Սահմանադրությամբ ամրագրված որոշ իրավունքներից որևէ մեկը (օրինակ՝ դատարանում լսվելու իրավունքը, անձի ազատության իրավունքը, իրավահավասարության իրավունքը):
Մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության առումով, կարծում ենք, ուսանելի է զարգացած, սահմանադրական մշակույթ ունեցող երկրների, հատկապես Ֆրանսիայի փորձը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մի շարք այլ լիազորությունների շարքում օժտված է նաև պարտադիր կարգով օրգանական օրենքների և պառլամենտի պալատների կանոնակարգերի սահմանադրականության հարցը լուծելու իրավասությամբ՝ մինչև դրանց ընդունումը: Մինչև վավերացումը օրենքները ևս կարող են ներկայացվել Սահմանադրական խորհուրդ՝ նախագահի, վարչապետի, Ազգային Ժողովի և Սենատի նախագահների կամ 60 պատգամավորների կամ 60 սենատորների դիմումով:
Քննարկվող սահմանադրական դրույթի նախատեսումը, անշուշտ, առաջընթաց, բայց ոչ բավարար քայլ է մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական արդարադատության կայացման համար: Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, իրավական պետության կայացման ճանապարհին առավել նպատակահարմար է որոշել օրենքների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը մինչև դրանց ուժի մեջ մտնելը և հասարակական հարաբերություններ կարգավորելը, քան որոշել օրենքների սահմանադրականության հարցը դրանց՝ ուժի մեջ մտնելուց հետո, երբ այլևս կարգավորվել են որոշակի հասարակական հարաբերություններ և, հնարավոր է, խախտվել են իրավունքներ, որոնց վերականգնումը, գուցե, այլևս անհնար է:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել