Նորություններ

Դատարանի նախագահի և մյուսների գործով նիստը նորից հետաձգվեց

Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործով դատական նիստը ևս մեկ անգամ հետաձգվեց՝  ամբաստանյալի կողմից գործի նյութերի չծանոթանալու պատճառով:

Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:

Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ  Լաուրա Մարտիրոսյանի պաշտպանը: Սակայն, այդուամենայնիվ, կողմերն առարկություն չհայտնեցին նիստը չշարունակելու վերաբերյալ:

Նիստի մեկնարկի ժամանակ Աղվան Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ գործի նյութերին դեռևս չի հասցրել ամբողջովին ծանոթանալ. «Գործի նյութերի ծանոթության երրորդ հատորին եմ հասել: Մեկ շաբաթ էր՝ լավ  չէի զգում և չեմ հասցրել ամբողջին ծանոթանալ: Լավ կլիներ, որ ծանոթանայի, որից հետո նիստը շարունակվեր, իսկ դրա համար խնդրում եմ, հետաձգել դատական նիստը»,-նշեց նա:

Աղվան Պետրոսյանն ասաց նաև, որ իրեն բավական է ընդամենը մեկ շաբաթ, որպեսզի հասցնի ծանոթանալ գործում առկա նյութերին, սակայն դատարանը հայտնեց, որ չի կարող մեկ շաբաթ հետո նիստի օր նշանակել, քանի որ դատարանը ծանրաբեռնված է և առջևում տոնական օրեր են:

Այդ պահին պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին այն մասին, որ մինչ օրս իր պաշտպանյալ Վանիկ Վարդանյանի աշխատավարձի վրա դրված կալանքը չի հանվել, և նա չի կարողանում բանկից իր աշխատավարձը ստանալ: Դատարանին հիշեցրեց, որ նա անցած դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել աշխատավարձը կալանքից հանելու վերաբերյալ, որի մասով դատարանը բավարարել էր:

Դատարանն ասաց, որ աշխատավարձը կալանքից հանելու վերաբերյալ որոշումն առկա է և այն ուժի մեջ է 2017 թվականի դեկտեմբերի մեկից: Նշեց, որ այդ հարցը կկարգավորեն:

Դատական հաջող նիստը տեղի կունենա 2018 թվականի հունվարին:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստը հետաձգվեց նույնպես Աղվան Պետրոսյանի կողմից գործում առկա նյութերին ծանոթ չլինելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, որպես դատավոր իր վարույթում գտնվող ԳԴ/0016/01/15 քրեական գործով ամբաստանյալների օգտին դատական ակտ ընդունելու համար (նրանցից մեկի հանդեպ մեղմ պատիժ նշանակելու, մյուսին պատասխանատվությունից ազատելու)  իր վարորդ Կարեն Մարտիկյանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  23 000 դոլար կաշառք։ 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ իր աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 120.000 ռուբլի կաշառք։

Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ դատարանի նախագահի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝  120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Սևակ Շհոյանին մեղադրանք է այն բանի համար, որ նա  2012թ. մարտի 21-ից աշխատելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնում, մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից անձամբ ստացել է 4000 դոլար կաշառք։ Մեղադրյալի ծնողները կաշառք տալուց հետո պահանջել են իրենց որդուն կալանքից ազատել, ինչը չի արվել։ Ծնողները պահանջել են վերադարձնել գումարը, սակայն չի վերադարձրել։

Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, այս գործով ամբաստանյալ Ս. Շհոյանին տվել են 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 դոլար կաշառք՝ հանցագործության համար մեղադրվող իրենց որդու օգտին գործողություններ կատարելու համար և նրա արարքը ինքնապաշտպանություն որակելու համար:

Հետագայում՝ նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսներին Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի միջնորդությամբ տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 10.805.170 դրամին համարժեք 23.000  դոլար կաշառք։

Էդվարդ Չինարյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զարիկ Գրիգորյանի ամուսնու՝ Ռոբերտ Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ( ռուբլի) կաշառք տալու համաձայնության իրականացմանը։

Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող կնոջ՝ Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գոռ Գրիգորյանի փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ (ռուբլի) կաշառք։

Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդես գալով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո ամբաստանյալ Վրույր Վարդանյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ ծառայելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել