ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ իրավագիտության բաժնի 5-րդ կուրսի ուսանողուհի, գիտաժողովի 2-րդ մրցանակակիր, արժանացել է «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին
Եսթեր Բարսեղյան
Հոկտեմբեր 2006թ.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
1995թ.-ի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը, ընդունելով Սահմանադրություն, կարևորագույն քայլ կատարեց պետության հիմքերի ամրապնդման և պետականության կայացման ու զարգացման գործում: Սահմանադրությունը ընկալվեց զուտ որպես պետության խորհրդանիշ, ինչը տրամաբանական է, և այդպես պետք է, որ լինի: Սակայն Սահմանադրությունը հասարակության լայն շերտերի կողմից չընդունվեց որպես իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոց: Դրա հետևանքով առաջացավ և մինչև հիմա, ցավոք, շարունակում է առկա լինել «անջրպետ» հասարակության և Սահմանադրության միջև: Մինչդեռ Սահմանադրությունը անժխտելի կարևոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության կայացման գործում: Այդպիսի հասարակության գոյությունը հնարավոր է միայն իրավական պետությունում, որտեղ առկա է իրավական հավասարությունը: Վերջինս հնարավոր և իրական է դարձնում ազատությունը համընդհանուր նորմատիվ-իրավական ձևի ներքո, որոշակի իրավակարգի տեսքով: Հենց այդ նորմատիվ-իրավական ձևն է Սահմանադրությունը, որին տրված են բազմաբնույթ, հաճախ նույնիսկ հակասական բնորոշումներ, սակայն սահմանադրական զարգացումների արդի միտումները հիմք են տալիս պնդելու, որ Սահմանադրությունը, չնայած իր քաղաքական հենքին, այնուամենայնիվ պետք է հանդես գա որպես հասարակական համաձայնության արդյունք՝ կոչված պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Եթե նկատի ունենանք սահմանադրությունների ստեղծման հայտնի նպատակները, ապա ակնհայտ է, որ գործում ենք քաղաքացիական հասարակության հարթությունում, ուստի, իրեն ժողովրդավար համարող և իրավականի հավակնող պետությունը չպետք է Սահմանադրությունը իր ձեռքում ունենա որպես սուր, որ ճոճի հասարակության առջև, այլ ինքը՝ հասարակությունը պետք է կարողանա հիմնվել Սահմանադրության վրա՝ իշխանությունը սահմանափակելով իրավունքով:
2005թ.-ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում ՀՀ Սահմանադրությունում կատարված փոփոխությունները ընդհանուր առմամբ առաջընթացային էին, սակայն՝ վերապահումով: Այնուամենայնիվ դրանք կարելի է գործադրել միայն ի նպաստ ժողովրդավարության և ոչ երբեք՝ հակառակը: Ցանկացած սահմանադրական դրույթ այս կամ այն չափով առնչվում է քաղաքացիական հասարակությանը, սակայն, կարծում ենք, այս խնդրի հետ կապված, առավել կարևոր էին այն փոփոխությունները, որոնք կատարվեցին մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև՝ իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների ոլորտներում: Սահմանադրության երկրորդ գլխում կատարված փոփոխությունները ավելի համահունչ դարձրին մարդու իրավունքներին առնչվող սահմանադրական դրույթները Եվրոպական կոնվենցիային: Սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրելով մարդու իրավունքները և արժանապատվությունը՝ որպես անմիջականորեն գործող իրավունք՝ երաշխիք ստեղծվեց իրավունքով իշխանությունը սահմանափակելու, հետևաբար՝ իրավունքի գերակայության համար: Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատումը իր հերթին նպաստեց իշխանության երեք թևերի հարաբերական անկախության ապահովմանը: Չկա ազատություն առանց օրենքի, և իշխանության բաժանումը երեք ճյուղերի միջև կոչված է ապահովելու այդ ազատությունը: Միևնույն ժամանակ պետք է գերակա լինի ոչ թե օրենքը, այլ իրավունքը՝ որպես անձի բնական և անօտարելի իրավունքների և ազատությունների ապահովման երաշխիք:
Սակայն ներսահմանադրական հակասությունների վերացումը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար քաղաքացիական հասարակության կայացման համար: Խիստ կարևոր է հասարակության, իշխանության ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի բավարար իրավագիտակցությունը, ունակությունը` ընկալելու Սահմանադրությունը, պատրաստակամությունը` կրելու իրեն իսկ վերապահված իրավունքները: Չենք կարող խոսել քաղաքացիական հասարակության կայացման մասին, եթե չկա անհատների ինքնակառավարվելու ցանկությունը:
Անհրաժեշտ է, որպեսզի սահմանադրական նորմերը կյանքի կոչվեն, դրանց նկատմամբ դրսևորվի հասարակական կայուն վերաբերմունք` ձևավորելով հասարակության սահմանադրական մշակույթի իրական որակներ, այն դարձնելով ազգային մշակույթի օրգանական բաղադրատարրը: Այս փուլում արդեն սահմանադրական մշակույթը նոր որակ է ստանում հասարակական-պետական այն համակարգերում, ուր Սահմանադրության հետ մեկտեղ առկա է սահմանադրականությունը, որտեղ սահմանադրական նորմերն ու սկզբունքները ապրող իրողություն են, ձևավորվել է սահմանադրական ժողովրդավարության անհրաժեշտ ու բավարար միջավայր, որտեղ սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն և կա սահմանադրական վերահսկողության արդյունավետ համակարգ, որտեղ Սահմանադրությունը ոչ թե գործիք է պետական իշխանության ձեռքին, այլ քաղաքացիական հասարակության հիմնական օրենքն է, միջոց է այդ հասարակության ներդաշնակ ու կայուն զարգացումը երաշխավորելու համար` ոչ միայն սահմանելով վարքագծի հիմնական կանոնները, այլև սահման դնելով իշխանությանը, այն սահմանափակելով իրավունքով:
Այնուամենայնիվ՝ ՀՀ Սահմանադրությունը, կատարված փոփոխություններով ոչ միայն հռչակում է իրավական պետության գաղափարը, այլև մեխանիզմներ է գործարկում և երաշխիքներ է սահմանում դրա իրականացման համար: Կատարյալ չլինելով հանդերձ՝ այն հնարավորություն է տալիս ապահովելու իրավունքի գերակայությունը, պաշտպանելու մեր իրավունքները և կառավարվելու հավասարակշռված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել