Նորություններ

ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Հրապարակում
Փաստաբան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
Դավիթ Աբգարյան
Նոյեմբեր 2006թ.

Իրավաբանական ծառայությունների և տեղեկատվության հասանելիությունը անչափ կարևոր է ցանկացած հասարակության համար: Առանց իր իրավունքներին իրազեկ և այդ իրավունքների իրացումն ապահովելու ունակ մարդկանց հնարավոր չէ կառուցել ազատ հասարակություն և իրավական պետություն: Այս առումով պետությունը, տարբեր մեխանիզմների կիրառմամբ, պարտավոր է ապահովել իրավաբանական օգնության և տեղեկատվության մատչելիությունը, հատկապես այն անձանց համար, ովքեր անվճարունակության պատճառով ի վիճակի չեն իրացնելու իրենց իրավունքները: Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը տարբեր երկրներում իրականացվում է տարբեր կերպ: Տարբեր են նաև իրավաբանական օգնության ոլորտները, ծավալները և մեխանիզմները: Ինչպես հայտնի է, ներկայումս Հայաստանում պետական միջոցների հաշվին անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ՀՀ Փաստաբանների պալատի կազմում գործող Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից: Հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում միայն օրենքով սահմանված որոշակի ոլորտներում, որոնք են քրեական գործերը, ալիմենտի գանձման և խեղման կամ առողջությանն այլ վնաu պատճառելու, ինչպեu նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնաuի փոխհատուցման վերաբերյալ գործերը: Մնացած բոլոր ոլորտները, այդ թվում ընդհանուր խորհրդատվական և իրավական տեղեկատվության տրամադրման ծառայությունները դուրս են պետական ֆինանսավորման ոլորտից և տարբեր ձևերով և ծավալներով իրականացվում են տարբեր հասարակական կազմակերպությունների, երբեմն նաև առանձին փաստաբանների կողմից: Սույն հոդվածում համառոտ անդրադարձ է կատարվում անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայությունների և տեղեկատվության տրամադրման բրիտանական և ամերիկյան փորձին: Հետագայում անդրադարձ կլինի նաև այլ երկրների, հատկապես արևելաեվրոպական որոշ երկրների փորձին:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Մեծ Բրիտանիայում անվճար խորհրդատվական կենտրոնները գործում են՝ սկսած 30-ական թվականներից: Սկզբնական շրջանում դրանց գործունեությունն իրավունքի ոլորտում շատ սահմանափակ էր, կենտրոնները հիմնականում զբաղվում էին սոցիալական, առողջապահական, բնակարանային և այլ ոլորտներում առկա խնդիրների լուծմամբ: Հետագայում դրանց գործունեությունը տարածվեց նաև իրավաբանական հարցերի և իրավաբանական խորհրդատվության վրա: Ներկայումս Մեծ Բրիտանիայում անվճար խորհրդատվական ծառայությունները մատուցվում են երեք տիպի կազմակերպությունների կողմից, որոնք են քաղաքացիների խորհրդատվության բյուրոները, անկախ խորհրդատվական կենտրոնները և իրավաբանական կենտրոնները:
Քաղաքացիների խորհրդատվական բյուրոներ
Քաղաքացիների խորհրդատվական բյուրոները (ՔԽԲ) գործում են սկսած 40-ական թվականներից: Դրանք առաջին անգամ ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ բնակչությանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում օգնելու նպատակով: Հետագայում ՔԽԲ-ները դարձան լիարժեք խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպություններ: ՔԽԲ-ները բնակչության անապահով խավերին օգնում են լուծելու այնպիսի հարցեր, որոնք կապված են պարտավորությունների, սպառողների իրավունքների, սոցիալական նպաստների, բնակարանային, աշխատանքային, իմիգրացիոն և տարբեր իրավաբանական հարցերի հետ: Այդ բյուրոների խորհրդատուները օգնում են հաճախորդներին լրացնել անհրաժեշտ ձևաթղթեր, կազմել գրություններ և նամակներ, բանակցել, ինչպես նաև ներկայացնում են նրանց դատական ատյաններում: Յուրաքանչյուր տարի ՔԽԲ-ների ծառայություններից օգտվում է 5,5 մլն. մարդ: Ներկայումս Մեծ Բրիտանիայում գործում են շուրջ 700 ՔԽԲ-ներ: Դրանք տեղական իշխանության մարմիններում գրանցված են որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, բարեգործական կազմակերպություններ և ֆինանսավորվում են տեղական իշխանությունների, բարեգործական հիմնադրամների, անհատ նվիրաբերողների, առևտրային ընկերությունների կողմից: ՔԽԲ-ների աշխատակիցների շուրջ 90%-ը կամավորներ են, այսինքն՝ աշխատում են հասարակական կարգով: Երկրում գործող բոլոր ՔԽԲ-ները միավորված են Քաղաքացիների խորհրդատվական բյուրոների ազգային ասոցիացիայի (ՔԽԲԱԱ) մեջ, որի հիմնական գործառույթներն են խորհրդատվական ծառայությունների ընդհանուր ստանդարտների մշակումը, խորհրդատուների ուսուցումը և վերապատրաստումը, ազգային սոցիալական քաղաքականության համակարգումը, հրատարակչական և տեղեկատվական աշխատանքը և այլն: ՔԽԲԱԱ-ն ունի բարեգործական կազմակերպության կարգավիճակ:
Անկախ խորհրդատվական կենտրոններ
Խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպության մյուս տեսակը անկախ խորհրդատվական կենտրոններն (ԱԽԿ) են: Սրանք կոչված են օժանդակելու բնակչությանը՝ իրենց քաղաքացիական իրավունքները իմանալու և դրանք պաշտպանելու գործում: Բոլոր անկախ խորհրդատվական կենտրոնները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ են, իրենց բոլոր ծառայությունները մատուցում են անվճար և անկախ են կենտրոնական ու տեղական իշխանություններից: ԱԽԿ-ները միավորվում են Անկախ խորհրդատվական կենտրոնների ասոցիացիայի մեջ, որն ունի բարեգործական կազմակերպության կարգավիճակ: Ներկայումս ասոցիացիան ունի շուրջ 1000 անդամ և համարվում է խորհրդատվական ծառայությունների ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպությունը:
Իրավաբանական կենտրոններ
Անվճար խորհրդատվական ծառայությունների կազմակերպման մյուս ձևը իրավաբանական կենտրոններն են: Դրանք մատուցում են անվճար և անկախ իրավաբանական ծառայություններ ու ծառայում են աղքատ և հասարակության սոցիալապես առավել անպաշտպան այն խավերին, ում համար մատչելի չէ իրավական և դատական համակարգից օգտվելը: Իրավաբանական կենտրոնները շատ մոտ են կանգնած համայնքներին, հետևաբար նրանք ծառայություններ են մատուցում առավելապես այնպիսի ոլորտներում, որոնք առավել չափով համապատասխանում են տվյալ համայնքի պահանջմունքներին, օրինակ, հաշմանդամների իրավունքներ, կրթական իրավունք, երեխայի իրավունքներ, անչափահասների կողմից կատարվող հանցագործություններ և այլ: Բացի այդ՝ նրանք ծառայություններ են մատուցում սոցիալական ապահովության, իմիգրացիոն, աշխատանքային, բնակարանային, սեռական և ռասայական խտրականության և այլ ոլորտներում: Իրավաբանական կենտրոններում անց են կացվում նաև ուսուցումներ, օրենքների տարածմանն ուղղված միջոցառումներ, տրվում են օրենքների մեկնաբանություներ և դրանց կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Իրավաբանական կենտրոններում աշխատում են փաստաբաններ, իրավախորհրդատուներ, համայնքային աշխատողներ: Իրավաբանական կենտրոնների անձնակազմը հիմնականում վճարվում է, սակայն կան նաև կամավորներ, հիմնականում իրավաբան-ուսանողներ: Բոլոր իրավաբանական կենտրոնները միավորված են Իրավաբանական կենտրոնների ֆեդերացիայում (ԻԿՖ), որը ստեղծվել է 1978թ-ին: Ամբողջ երկրում գործում են 52 իրավաբանական կենտրոններ, որոնցից 20-ը՝ Լոնդոնում:
Բացի վերոհիշյալ կազմակերպություններից՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունեն խորհրդատավական ծառայություններ մատուցող այլ տիպի կազմակերպությունների ցանցեր ևս, օրինակ, «Հաշմանդամների տեղեկատվության և խորհրդատվության կազմակերպություն», «Իրավունք բոլորի համար» և այլն: Բոլոր այդ կազմակերպությունները Մեծ Բրիտանիայի Խորհրդատվական ծառայությունների միավորման անդամ են:
ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրավաբանական տեղեկատվության տարածման և անվճար իրավաբանական օգնության կազմակերպումը իրականացվում է ֆեդերալ և տեղական ծրագրերի շրջանակներում: Ֆեդերալ ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Անվճար իրավաբանական օգնության ֆեդերալ ծրագրերը հիմնականում իրականացվում են Իրավաբանական ծառայությունների կորպորացիայի (այսուհետև տեքստում՝ կորպորացիա) միջոցով:
Կորպորացիա
Կորպորացիան մասնավոր, անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է: Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կազմված է 11 անդամներից, ովքեր նշանակվում են ԱՄՆ նախագահի և հաստատվում են Սենատի կողմից: Տնօրենների խորհուրդը կազմվում է երկկուսակցական սկզբունքով: Կորպորացիան կարևոր դեր է խաղում ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին քաղաքացիական իրավական հարցերով իրավաբանական օգնություն և տեղեկատվություն տրամադրելու գործում: Կորպորացիան ստեղծվել է 1974թ.-ին և կոչված է ապահովել ցածր եկամուտներ ունեցող ամերիկացիների քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը և որակյալ իրավաբանական ծառայությունների ու արդարադատության համակարգի մատչելիությունը: Կորպորացիան դրամաշնորհներ է հատկացնում տեղական այնպիսի ծրագրերի, որոնք անվճար իրավաբանական ծառայություն են մատուցում տվյալ նահանգի կամ կոմսության անապահով բնակչությանը: Կորպորացիան նաև ֆինանսավորում է այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են տարբեր մեթոդներով իրավաբանական տեղեկատվության տարածմանը, մասնավորապես, իրավաբանական տեղեկատվություն պարունակող ինտերնետային էջերի պատրաստմանը և տեղադրմանը, ինտերնետով իրավաբանական խորհրդատվության մատուցմանը, իրավաբանների ներգրավվմանը ինտերնետային խորհրդատվությանը, ինտերնետի և էլեկտրոնային փոստի միջոցով իրավաբանի և հաճախորդի միջև ինտերակտիվ կապի ստեղծմանը և այլն: Կորպորացիան միջոցներ է տրամադրում ֆեդերալ մակարդակով բնակչության իրավական կարիքների ուսումնասիրման, ինչպես նաև անվճար իրավաբանական ծառայությունների արդյունավետության բացահայտման համար: Համաձայն վիճակագրության՝ կորպորացիայի հաճախորդները ավելի հաճախ իրավաբանական օգնության են դիմում ընտանեկան, բնակարանային, սոցիալական նպաստների, աշխատանքային, բռնությունների, աշխատավարձերի հարցերով: Կազմակերպա-իրավական առումով անվճար իրավաբանական ծառայությունները մատուցվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կողմից: Այդպիսի կազմակերպություններ են իրավաբանական օգնության հիմնադրամները, իրավաբանական կենտրոնները, իրավաբանական կլինիկաները և այլն: Դրանք, որպես կանոն, գործում են համայնքային ենթակայությամբ: Այդ կազմակերպություններում աշխատում են թե՛ իրավաբան-խորհրդատուներ և թե՛ տվյալ նահանգի փաստաբանների միության անդամ փաստաբաններ: Տվյալ կազմակերպությունների աշխատանքներին ակտիվորեն ներգրավվում են նաև կամավորներ: Կամավորների համար անց են կացվում ուսուցումներ, որոնք նպաստում են նրանց մասնագիտացմանը իրավաբանության տարբեր ոլորտներում:
Իրավաբանական կլինիկա
ԱՄՆ-ում անվճար իրավաբանական օգնության կազմակերպման տարածված ձևերից է իրավաբանական կլինիկան: Իրավաբանական կլինիկաները իրականացնում են երկու հիմնական գործառույթ.
ա) անվճար իրավաբանական օգնություն՝ ցածր եկամուտ ունեցող անձանց,
բ) իրավաբանական բուհերի բարձր կուրսերի ուսանողների պրակտիկ աշխատանքի կարողությունների զարգացում:
Գոյություն ունի իրավաբանական կլինիկաների երկու հիմնական տեսակ: Առաջին խումբը իրենից ներկայացնում է իրավաբանական ֆակուլտետի առանձնացված ստորաբաժանում, որը տեսական գիտելիքներին զուգահեռ տալիս է պրակտիկ աշխատանքի ունակություններ: Այս կլինիկան համապատասխան ֆակուլտետի հետ կապված է ներքին նորմատիվային փաստաթղթերով: Այն ունի իր առանձին դասախոսական կազմը, սպասարկող անձնակազմը, սարքավորումները, գրասենյակը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործունեության համար: Այսպիսի կլինիկան ղեկավարվում է այլ պարտականություններից ազատված ղեկավարի կողմից: Կլինիկաների մյուս տեսակը բացարձակապես անկախ կազմակերպություն է, որը կարող է սպասարկել մեկից ավելի իրավաբանական բուհերի: Այն իրականացնում է նույն այն գործառույթները, ինչ որ իրավաբանական բուհերին կից գործող կլինիկաները: Իրավաբանական կլինիկաները հնարավորություն են տալիս կապ հաստատել պրակտիկ աշխատանքի փորձ չունեցող իրավաբանի և իրավաբանական խնդիրներ ունեցող իրական հաճախորդի հետ: Այնուամենայնիվ, հնարավոր իրավաբանական սխալներից խուսափելու նկատառումով, խորհրդատվությունն իրականացվում է փորձառու իրավաբանի ներկայությամբ:
Իրավաբանական կլինիկաներում, որպես կանոն, մատուցվում են հետևյալ ծառայությունները.
ա) խորհրդատվություն,
բ) փաստաթղթերի կազմում,
գ) մասնակցություն դատավարությունների,
դ) օրինագծերի փորձաքննություն:
Իրավաբանական կլինիկաների կազմակերպումը արդյունավետ եղանակ է իրավաբան-ուսանողների պրակտիկ աշխատանքային հմտությունների զարգացման, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող անձանց անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել