Նորություններ

«Ինձ տարեք մեկուսարան, ուզում եմ պառկել». էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է աղիքային ինֆեկցիա

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը։

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար:

Այս գործը թևակոխել է վիճաբանության փուլ, սակայն այսօրվա դատական նիստի ժամանակ չհնչեց մեղադրական ճառը, քանի որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը վատառողջ էր:

Նախ, դատական նիստը սկսվեց 35 րոպե ուշացումով: Նիստը դեռ չսկսված՝ դատական կարգադրիչներից տեղեկացանք, որ Մուշեղ Մխիթարյանի համար շտապ օգնություն է կանչվել:

Այդպիսով, երբ նրան ներս բերեցին դատարանի դահլիճ, նա շատ վատ վիճակում էր և գտնվում էր դեղերի ազդեցության տակ, որը ներարկել էին շտապ օգնության աշխատակիցները:

Ամբաստանյալը գլուխ դրեց սեղանին և ասաց, որ չի կարող նիստին մասնակցել:

Գործով պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդություն արեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Մասնավորապես ասաց, որ իր պաշտպանյալն իրեն լավ չի զգում և նույնիսկ իր հարցերին չի կարողանում պատասխանել:

Դատական նիստը հետաձգելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդ Թամարա Բաղդասարյանն ու մեղադրող դատախազն առարկություն չհայտնեցին:

Քիչ հետո տեղեկացանք, որ Մուշեղ Մխիթարյանի մոտ բժիշկները հայտնաբերել են աղիքային ինֆեկցիա: Դատարանը հարց ուղղեց ամբաստանյալին՝ արդյո՞ք կարող է մասնակցել դատական նիստին, Մուշեղ Մխիթարյանը հազիվ լսելի ձայնով պատասխանեց.«Չեմ կարող: Ինձ տարեք մեկուսարան: Ուզում եմ պառկել»:

Այսպիսով, դատական  նիստը հետաձգվեց և հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի վերջին:

Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ առաջին անգամ է, երբ Մուշեղի մոտ նկատվել է աղիքային ինֆեկցիա. «Եղել են դեպքեր, երբ նա բողոքել է հոգեբանական վիճակից, սակայն, որ բողոքի, թե ունի աղիքային ինֆեկցիա, չի եղել»,-նշեց պաշտպանը:

Մարինե Ֆարմանյանն ասաց նաև, որ չի զարմանում Մուշեղի մոտ առաջացած այդ խնդրի կապակցությամբ, քանի որ չի բացառում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարող  է այդօրինակ խնդիր առաջանալ՝ հաշվի առնելով այնտեղի ոչ հիգիենիկ պայմանները:

Մեր այն հարցին, թե՝ պաշտպանն  ի՞նչ գործողություն է պատրաստվում ձեռնարկել Մուշեղի այդ նորահայտ ինֆեկցիայի վերաբերյալ, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց, որ համապատասխան հարցում կկատարի Նուբարաշեն ՔԿՀ՝ պարզելու համար, թե ինչի՞ց է նար մոտ առաջացել աղիքային ինֆեկցիան:

Ծանուցում. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել