Նորություններ

«Ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ ցուցմունք տալու համար». կեղծ դիպլոմի գործով ամբաստանյալը մանրամասներ պատմեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  քննվում է Շուշան Հովհաննիսյանի կողմից կեղծ դիպլոմի ձեռքբերման վերաբերյալ գործը։

Հիշեցնենք, որ Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականի միջոցով Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից 600.000 դրամի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ։ Իսկ 2015 թվականին այդ դիպլոմը վերահաստատման նպատակով ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազ Արամ Արամյանը:

Շուշան Հովհաննիսյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատական նիստի ժամանակ դատարանից խնդրեց, որպեսզի դատախազի չներկայանալը դատարանը դիտարկի որպես անհարգալից վերաբերմունք: Նա շեշտեց, որ դա առաջին դեպքը չէ, երբ դատախազը չի ներկայանում դատական նիստին, որի պատճառով նիստը հետաձգվում է: Խնդրեց, որ համապատասխան գրությամբ դիմեն գլխավոր դատախազին՝ մեկ այլ դատախազով փոխարինելու համար: Դատարանը հիշեցրեց, որ նաև պաշտպան Արա Զաքարյանի չներկայանալու պաճառով է հետաձգվել դատական նիստը (ի դեպ, նշենք, որ անցած դատական նիստին  պաշտպան Արա Զաքարյանը դասընթացների մասնակցելու պատճառով չէր ներկայացել  դատական նիստին, և դատախազը նույնպես այդօրինակ առաջարկ էր ներկայացրել դատարանին, որ Շուշան Հովհաննիսյանը փոխի իր պաշտպանին):

Պաշտպանը պնդեց, որ իր չներկայանալու պատճառը հարգելի էր, քանի որ նա տեղեկացրել էր դատարանին՝ դասընթացներին մասնակացելու հանգամանքը:
Դատական նիստը հետաձգվեց  և հաջորդ նիստի օր նշանակեց 2018թվականի հունվարին։ 

Դատարանն ասաց նաև, որ հաջորդ նիստին կպարզեն դատախազի բացակայության հանգամանքը:

Իրեն առաջադրված մեղադրանքը Շուշան Հովհաննիսյանը չի ընդունում։ Նա Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում Շուշան Հովհաննիսյանը պատմեց, որ դիպլոմը տարել էր Պետական տնտեսագիտական համալսարան, որպեսզի այն վերահաստատեն.«Մեկ շաբաթ հետո համալսարանից զանգեցին և ասացին, որ դիպլոմի հետ կապված հարցեր ունեն: Ինձ հրավիրեցին այնտեղ: Երբ ես գնացի համալասարան, արդեն դիպլոմն այնտեղ չէր: Այն Ազգային անվտանգության ծառայությունում էր: Հետո արդեն ԱԱԾ-ից ինձ հետ կապվեցին, հրավիրեցին իրենց մոտ ցուցմունք տալու: Ես պատմեցի, թե ինչը ոնց է եղել: Իրենք սկսեցին գտնել այն մարդկանց, ովքեր տրամադրել էին ինձ այդ դիպլոմը: Հետո պարզվեց, որ դիպլոմ տրամադրողների խնդրում վաղեմության ժամկետի հարց է առաջ եկել և գործն ԱԱԾ-ում կարճվեց։  Քանի որ, 2008 թվականին ես դիպլոմը վերցրել էի, իսկ «օգտագործման» պահը եղել է 2015 թվականին, այդ իսկ պատճառով դիպլոմը տրամադրողների վրա գործել էր վաղեմության ժամկետը, իսկ իմ դեպքում՝ ոչ»,-ասաց Շուշան Հովհաննիսյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ առաջին դեպքը չէ, երբ դատախազը դատական նիստին չի ներկայանում և չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարանին չի տեղեկացնում.« Ես կասկած չունեմ, եթե պաշտպանն այդօրինակ վարքագիծ դրսևորեր, ապա դատարանը համապատասխան ձևով կհայտներ ինչ-որ տեսակի սանկցիա, կկիրառեր նախազգուշացման ձևով կամ «Փաստաբանների պալատ» կդիմեր»,-նշեց փաստաբանը:

Արա Զաքարյանը նշեց, որ այս գործն արդեն մեկ տարի ու կես է՝ դատարանում է, և դատական նիստերը ձգձգվում են. «Կասկած չկա, որ դատախազի չներկայանալու իրական պատճառն այն է, որ չեն կողմնորոշվում, թե այս գործով ինչ անեն: Երևի թե համարձակություն չկա մեղադրանքից հրաժարվելու կամ արդարացման ակտ կայացնելու և այս ձգձումներով ուղղակի ժամանակ են փորձում շահել ինչ-որ մի ելք գտնելու համար»,-նշեց նա:

Փաստաբանը նշեց, որ վիճաբանությունների փուլում դատախազը զարմանալիորեն միջնորդություն է արել՝ ինչ-որ տեղեկություն ստանալու համար ժամանակ տալ․  «Երկու անգամ դատական նիստը հետաձգվեց: Մի ինչ-որ գրություն բերեց, որ հարցում էր կատարել, ստացել պատասխան, սակայն որը գործի հետ կապված ոչ մի նշանակություն չուներ»,-ասաց Արա Զաքարյանը:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել