Նորություններ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս
Արմեն Արսենյան
Հունվար 2007թ.

Ընդհանուր առմամբ, միջազգային իրավական պատասխանատվություն ասելով հասկանում ենք անբարենպաստ հետևանքների առաջացում իրավախախտ պետության համար (ավելի կոնկրետ` պատասխանատվության սուբյեկտի համար): Միջազգային-իրավական պատասխանատվության հասկացությունը ըմբռնելու համար կարևոր է նախ պարզել, թե ինչ է ներկայացնում իրենից պատասխանատվությունն ընդհանրապես, վերջինիս դերն ու նշանակությունը: Հակիրճ կերպով պատասխանատվությունը հանգում է իր արարքների համար հաշիվ տալուն:
Եվ խոսելով ընդհանրապես պատասխանատվության մասին՝ հարկ է պարզել որոշ հանգամանքներ (հատկություններ), որոնց ուժով կոնկրետ սուբյեկտը կարող է ենթարկվել պատասխանատվության: Հասարակական հարաբերությունների սուբյեկտի պատասխանատվության նախադրյալները արտահայտվում են նրա սուբյեկտիվ հնարավորություններում` օբյեկտիվ իրավիճակում ընդունելու որոշումներ, այսինքն՝ իր կամքով ընտրելու այս կամ այն վարքագիծը և, հետևաբար, լինելու պատասխանատու այդ ընտրության համար: Հայտնի իրավաբան Շերշենևիչը նշում է, որ իրավաբանական պատասխանատվության բնույթի բացահայտման համար կարևոր նշանակություն ունի կամքի ազատության խնդիրը: Կամքի ազատության՝ որպես իրավաբանական պատասխանատվության էությունը բացահայտելու համար կարևոր նշանակություն ունեցող երևույթի դերն առավել ցայտուն կերպով է ընդգծում Ի. Ս. Սամոշենկոն. «Հասարակական հարաբերությունների սուբյեկտի կամքի ազատությունը հանդիսանում է իրավաբանական պատասխանատվության իրավական կարգավորման նախադրյալ»:
Անշուշտ, կամքի ազատությունը՝ որպես կատեգորիա, բնորոշ է հոգեբանությանը, փիլիսոփայությանը, սակայն դա չի բացառում նրան իրավաբանական նշանակություն տալու հանգամանքը այն պարզ պատճառով, որ ցանկացած սուբյեկտ հանդես է գալիս որպես այդպիսին միայն իր գիտակցության շնորհիվ, որ ցանկացած սուբյեկտ գործում է իր շահերը, պահանջմունքները, հետաքրքրությունները հաշվի առնելով, որոնց հասնելու համար սուբյեկտը կատարում է որոշակի նպատակամղված գործունեություն: Բնականաբար, եթե սուբյեկտն իր շահերից ելնելով է իրականացնում այդ գործունեությունը, ուստի անպայմանորեն այն իրականացվում է իր կամքով, ավելի կոնկրետ՝ կամքի ազատության միջոցով: Քերիմովի վառ խոսքերով ասած՝ «Հենց կամքն է պահանջմունքների, շահերի, նպատակների իրացնողը»:
Խոսելով կամքի ազատության իրականացման մասին՝ պետք է նշել, որ այն բացարձակ բնույթ չի կրում: Դրա հարաբերական բնույթը կայանում է նրանում, որ սուբյեկտին, ճիշտ է, չի պարտադրվում վարքագծի որևէ ձև, այլ նրան, այսպես ասած, առաջարկվում են վարքագծի մի քանի ձևեր` հնարավորություն տալով սուբյեկտին ցուցաբերելու կամք` վարքագծի այս կամ այն ձևը ընտրելու հարցում: Այլ կերպ ասած՝ սուբյեկտն արտահայտում է իր կամքի ազատությունը, հետևաբար, ընտրելով վարքագծի որոշակի ձև, նա դառնում է պատասխանատու իր ընտրության համար: Ասվածը երբեք էլ չի նսեմացնում մեծագույն մտածող Ֆ. Էնգելսի դրույթն այն մասին, թե «մարդը միայն այն դեպքում է կրում լրիվ պատասխանատվություն իր արարքների համար, եթե նա կատարել է դրանք` օժտված լինելով կամքի լրիվ ազատությամբ»: Այսինքն՝ լրիվ ազատություն ասելով պետք է հասկանալ ոչ թէ ազատության անսահմանափակություն, այլ նրա հնարավոր սահմանների ուրվագծում` ի տարբերություն բացարձակ կատեգորիայի (վերջինս չի ճանաչում որևէ սահմանի առկայություն):
Որոշ արևմտյան իրավաբան-միջազգայնագետներ, մասնավորապես Լ. Օպպենհեյմը, պետության պատասխանատվությունը կախվածության մեջ է դնում փոխադարձ ճանաչումից: Նման փաստարկումը հիմք է տալիս եզրակացնելու, որ բացառվում է մեկը մյուսին չճանաչած պետությունների փոխադարձ պատասխանատվությունն ընդհանրապես, ինչն էլ հակասում է միջազգային իրավունքի էությանը: Անվիճելի փաստ է, որ ցանկացած նոր կազմավորված պետություն ձգտում է ճանաչման հասնել այլ պետությունների կողմից, և որ այլ պետությունների հետ համագործակցության հիմնական նախապայման կարելի է համարել հենց ճանաչումը, իսկ վերջինս տեղի է ունենում որոշակի տևական ժամանակահատվածում: Եվ, եթե հետևենք Օպպենհեյմի տեսակետին, ապա դեռևս ճանաչման չարժանացած նոր կազմավորված պետությունը չի կարող միջազգային հարաբերությունների (ավելի կոնկրետ՝ միջազգային պատասխանատվության հարաբերությունների) մասնակից դառնալ: Դժվար է համաձայնվել նման իրավիճակի հետ, քանզի, եթե տվյալ պետությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերը և դրանով իսկ խարխլում միջազգային ընկերակցության հիմքերը, ապա նրան սոսկ չճանաչման պատճառով միջազգային պատասխանատվության հարաբերությունների սուբյեկտ չդարձնելը, այսինքն՝ միջազգային-իրավական պատասխանատցվության սուբյեկտ չդիտարկելը հակասում է միջազգային իրավունքի էությանն ու բնույթին: Ուստի պետությունը ճանաչման ուժով չէ, որ դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ:
Բոլորովին էլ չի հերքվում այն հանգամանքը, որ ճանաչումը կարևորագույն երևույթ է պետությունների միջև միջազգային հարաբերությունների ստեղծման և խորացման համար, սակայն պատասխանատվությունը միանշանակ ճանաչումից կախվածության մեջ դնելու փաստը միջազգային իրավունքին ամբողջովին խորթ երևույթ է: Պետությունը պատասխանատվություն է կրում անկախ ճանաչումից, ինչը հաստատվում է այն հանգամանքով, որ պետությունը հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ ոչ թե ճանաչման ուժով, այլ իր ինքնիշխանության ուժով. «սուվերեն պետության առաջացման փաստը նշանակում է միջազգային իրավունքի սուբյեկտի առկայություն»: Բանն այն է, որ եթե ղեկավարվենք Օպպենհեյմի առաջադրած դրույթով, ապա պրակտիկան կհանդիպի լուրջ խոչընդոտների:
Դրանից ելնելով՝ Ի. Վասիլենկոն գտնում է, որ պետության պատասխանտվության նախադրյալները պետք է փնտրել նախ և առաջ նրա միջազգային իրավասուբյեկտության հատկանիշների էության մեջ, և որպես այդպիսի նախադրյալ է նշում պետության կամքի ազատությունը, որն արտահայտվում է ինքնիշխանությամբ` տալով նրան հնարավորություն գործելու որպես իրավունքի սուբյեկտ` օժտված լինելով այլ պետությունների հետ համահավասար իրավունքներով ու գործունակությամբ:
Ընդ որում՝ պետությունն իր ինքնիշխանության ուժով էլ հանդիսանում է ոչ թե պարզապես բնակչություն ունեցող տարածք, այլ սոցիալական օրգանիզմ, որն իր մարմինների միջոցով հանդես է գալիս միջազգային արենայում ինքնակամ և անկախ սուբյեկտ: Հետևաբար, ի տարբերություն անհատականի, «պետության կամքի ազատությունը կրում է կոլեկտիվ-սոցիալական, դասական բնույթ»: Ինչպես արդեն նշել ենք, պետությունն իր կամքի ազատությունն իրականացնում է ինքնիշխանության միջոցով, որը նրան հնարավորություն է տալիս այլ պետությունների հետ հավասար հնարավորություններով մասնակցելու միջազգային կյանքին: Տեղին են ընդգծում Ֆելդմանը և Կորդյուկովը. «պետությունը միջազգային ասպեկտով հասկացվում է որպես իշխանության և ինքնիշխանության միասնություն, որը թույլ է տալիս նրան լինելու սեփական, ինքնուրույն կամքի կրողը»: Հետևաբար, պետության կամքի ազատությունը միշտ հարաբերական է. պետության միջազգային-իրավական պատասխանատվության հիմնական նախադրյալ է հանդիսանում նրա հնարավորությունը՝ օբյեկտիվ իրավիճակներում ընտրելու վարքագծի որոշակի ձև և լինելու պատասխանատու իր ընտրության համար:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել