ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

ՀՀ գլխավոր դատախազության՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս
Լիլիթ Թադևոսյան
Մարտ 2007թ.

Ժամանակակից պայմաններում մեր հասարակության արմատական վերափոխումները բազմաթիվ հակասական գործընթացներ են ծնել սոցիալ-տնտեսական, քաղաքական, ազգային-պետական և իրավական զարգացման բնագավառներում և այսօր արդեն իսկ առաջնային նշանակություն են ձեռք բերում իրավական պետության կայացման, երկրում օրինականության և իրավակարգի կայունացման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների պահպանման և երաշխավորման, անձի և պետության միջև փոխադարձ պատասխանատվության խնդիրները:
Անցումային շրջանում մեր հասարակության մեջ ընթացող անխուսափելի ճգնաժամային երևույթները, սեփականատիրական հարաբերությունների արմատական փոփոխություններն ու այդ ժամանակահատվածին բնորոշ մի շարք այլ երևույթներ հանգեցրեցին հասարակության մեծ զանգվածի կենսամակարդակի կտրուկ անկման ու սոցիալական շերտավորման: Արդյունքում, քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ այսօր արդեն էականորեն «նոսրացել» է թույլատրելի և անթույլատրելի, իրավաչափ և ոչ իրավաչափ վարքագծերի միջև գոյություն ունեցող սահմանը, որը նպաստում է իրավախախտումների և հատկապես հանցագործությունների որակական փոփոխմանն ու դրանց սոցիալական բազայի ընդլայնմանը:
Հանցավոր գործունեության շարժառիթները պայմանավորված են ոչ միայն արտաքին (օբյեկտիվ), այլ նաև ներքին (սուբյեկտիվ) գործոններով:
Հանցավորության աճին նպաստող պատճառներն ու պայմանները բազմազան են: Մարդկային հասարակության մշտական ուղեկից այս երևույթի «ծաղկմանը» մեր օրերում հատկապես նպաստում են տնտեսական հարաբերությունների անհամաչափ զարգացումները և դրա հետևանքով հասարակության անհամամասնական բաժանվածությունը սոցիալական տարբեր խմբերի, գործազրկությունը, հասարակության ցածր իրավագիտակցությունը (իրավական գաղափարախոսությունն ու իրավական հոգեբանությունը), իրավական ու բարոյական դաստիարակության անբավարար մակարդակը, ներպետական օրենսդրության անկատարությունն ու ավելորդ լիբերալիզմը, սոցիալ-տնտեսական ներկայիս պայմանները և այլն:
Հասարակության մեջ ընթացող տնտեսական նոր հարաբերությունների և սոցիալական միջավայրի ազդեցության ներքո փոփոխվում է իրավախախտում կատարող անձանց հոգեբանությունը, որն էլ աստիճանաբար հանգեցնում է հանցավոր վարքագծի դրսևորման: Հանցավորությունը այսօր նոր հատկանիշներ և բնորոշ գծեր է ձեռք բերել, այն դարձել է առավել պրոֆեսիոնալ ու կազմակերպված, և այս պայմաններում առավել քան հասունացել է որակապես ու քանակական տեսանկյունից փոփոխված հանցավորության դեմ պայքարի դժվարին գործում իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրը:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը հիմնականում կախված է այն հանգամանքից, թե հանցավոր գործունեության որ փուլում է այն հայտնաբերվել և կանխվել: Ակնհայտ է, որ որքան վաղ են այդ մասին իրազեկվում իրավապահ մարմինները, որքան արագ և համարժեք է լինում հանցագործությունների կանխմանն ուղղված արձագանքը, այնքան քիչ վնաս է պատճառվում հանցավոր գործունեության արդյունքում պետությանը, հասարակությանն ու քաղաքացիների շահերին:
Օրենքով պաշտպանվող շահերին պատճառվող վնասը նվազագույն կլինի, եթե հնարավոր լինի դեռևս հանցավոր մտադրության ձևավորման փուլում կանխել այն: Սակայն, քանի որ գիտակցության այս կատեգորիային կարելի է արձագանքել միայն այն հայտնաբերելուց հետո, իսկ հանցավոր մտադրության հայտնաբերումը քրեաիրավական հետևանքներ է առաջացնում այն դեպքում, երբ այն իր դրսևորումն է գտնում անձի որոշակի գործողություններում, ապա միանշանակ կարելի է պնդել, որ իրավապահ մարմինների` հանցագործությունների կանխարգելմանն ուղղված գործունեության հիմնական ուշադրությունը պետք է սևեռվի նախնական հանցավոր գործունեության վրա:
Գործող քրեական օրենսդրության համաձայն՝ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն, այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները (ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդված):
Սակայն, հարկ է նկատել, որ ՀՀ քր. օր-ի 33-րդ հոդվածի համաձայն՝ հանցակազմի բոլոր հատկանիշների առկայությամբ արարքը համարվում է ավարտված հանցագործություն: Նույն կերպ է վարվել նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդիրը (ՌԴ քրեական օրենսգրքի 8-րդ հոդված): Անխուսափելիորեն հարց է ծագում չավարտված հանցագործության դեպքում քրեական պատասխանատվության հիմքի վերաբերյալ:
Քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ գրականության մեջ բազմաթիվ կարծիքներ են արտահայտվել: Գիտնականների մի մասը չավարտված հանցագործության համար պատասխանատվության հիմք են դիտարկում այնպիսի արարքի կատարումը, որն իր մեջ պարունակում է չավարտված հանցագործության հատկանիշներ, մյուսներն այդպիսին են համարում մեղավորությամբ հանրորեն վտանգավոր արարք կատարելը, որն իր մեջ հանցակազմի հատկանիշներ է պարունակում:
Մեր կարծիքով, չավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվության հիմք կարող է հանդիսանալ այն արարքի կատարումը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված չավարտված հանցագործության (հանցագործության նախապատրաստության և հանցափորձի) բոլոր տարրերը:
Օրենսդիրը, առաջին անգամ սահմանելով ավարտված հանցագործության բնորոշումը, հիմնականում հաշվի է առել հանցագործության օբյեկտիվ կողմի իրագործման աստիճանը, սակայն հանցավոր արարքի սուբյեկտիվ ուղղվածության, հանցավոր մտադրության իրագործման աստիճանի վերաբերյալ որևէ նշում չի կատարել, ինչը գործնականում հանցագործության ավարտման պահի որոշման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում:
Ցանկացած հանցագործություն զարգացման որոշակի փուլեր է անցնում, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ ցանկացած հանցագործության մեջ առկա լինեն միաժամանակ բոլոր փուլերը: Կան հանցավոր գործունեության զարգացման երկու փուլեր, որոնք անվերապահորեն պետք է առկա լինեն բոլոր հանցագործություններում. դրանք են հոգեբանական վերաբերմունքի ձևավորումը, որը պարտադիր կերպով նախորդում է հանցավոր վարքագծին, և արարքը, որը վնաս է պատճառում հասարակական հարաբերություններին, կամ այդպիսի վնասի պատճառման համար պայմաններ է ստեղծում, կամ այդ հարաբերությունները կանգնեցնում է այդպիսի վնասի պատճառման վտանգի առջև: Հանցավոր գործունեության մյուս փուլերը կամ գոյություն ունեն հանցագործություններում կամ դրանք բացակայում են:
«Ուղղակի, նախապես ձևավորված դիտավորությամբ կատարվող հանցագործությունների փուլերը ավանդաբար սկիզբ են առնում հանցավոր մտադրության ձևավորումից: Հանցավոր մտադրության ձևավորումը, որպես կանոն, հանցագործության ինքնուրույն փուլ չի դիտարկվում, քանի որ նման գործունեության մասին որևէ մեկը դեռ իմանալ չի կարող»: Այն ամենը, ինչ արարքի (գործողության կամ անգործության) ձևով չի դրսևորվում, գտնվում է քրեաիրավական կարգավորման ոլորտից դուրս: Մեր կարծիքով, այս տեսակետը լիովին արդարացված է, իսկ խոսելով հանցավոր մտադրության ծագման մասին՝ մենք նկատի ունենք անձի հակասոցիալական վերաբերմունքը համապատասխան հասարակական հարաբերությունների նկատմամբ, որն իր հետագա դրսևորումն է գտնում սոցիալական առումով բացասական շարժառիթների, նպատակի և մեղքի մեջ:
Այս կամ այն գործելակերպն ընտրելիս անհրաժեշտ է, որ անձը նպատակադրված որոշում կայացնի, առկա լինեն մեղքը, շարժառիթը, որոնք ճիշտ որոշելը, մի շարք դեպքերում, բավականին կարևոր է լինում, քանի որ հնարավոր չէ առանց շարժառիթի և նպատակի պարզել կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանը: Իսկ մեղքը քրեական իրավունքի հիմնարար ինստիտուտներից է, որի պարտադիր առկայության հետ է կապվում ընդհանրապես հանցագործության փաստը, և պատահական չէ, որ հանցագործության հասկացության օրենսդրական ձևակերպման մեջ այն դիտարկվում է որպես հանցագործության պարտադիր հատկանիշ: Այնուամենայիվ, քանի դեռ անձի մոտ ձևավորված հանցավոր մտադրությունը նրա որոշակի վարքագծի միջոցով կյանքի չի կոչվել և սուբյեկտն այդ մտադրության իրագործման ուղղությամբ կոնկրետ գործողություններ (անգործություն) չի ձեռնարկել, նրա մոտ ձևավորված այս զուտ սուբյեկտիվ կատեգորիան քրեաիրավական գնահատականի արժանանալ չի կարող:
Այն, ինչը դրսևորված չէ արարքի (գործողության, անգործության) մեջ, դուրս է քրեաիրավական կարգավորման ոլորտից և չի կարող քրեական պատասխանատվություն առաջ բերել: Այսպիսով՝ հանցավոր մտադրության հայտնաբերումը, որն իր արտացոլումը չի գտել հանրորեն վտանգավոր արարքի մեջ, քրեական պատասխանատվություն չի առաջացնում:
Այն ժամանակահատվածը, որն ընկած է դիտավորության առաջացման և դրա վերջնական իրագործման պահի միջև, տարբեր կարող է լինել: Ինչպես արդեն վերը նշեցինք՝ դիտավորությունն ինքնին պատժելի չէ և նշանակություն ունի միայն արարքը որակելիս` որպես դրա վերջնական նպատակ: Այդ իսկ պատճառով պատասխանատվությունը հնարավոր է միայն հանցավոր մտադրության իրագործմանն ուղղված գործողությունների (անգործության) համար, որոնք օբյեկտին վնաս պատճառելու ռեալ վտանգ են առաջացնում: Այսպիսի գործողությունները թերևս պայմանականորեն կարելի է բաժանել հանցագործության կատարման երկու փուլերի` հանցագործության նախապատրաստության և հանցափորձի, որոնք դիտավորյալ հանցագործության կատարման պարտադիր փուլեր չեն հանդիսանում:
Դիտավորյալ հանցագործության, ինչպես և անձի ցանկացած գիտակցական արարքի անմիջական աղբյուրը հանդիսանում է սուբյեկտիվ կամային ակտը, այսինքն անձի վճռականությունը՝ կատարել որոշակի գործողություններ (գործողություն) կամ հրաժարվել որոշակի գործողությունների կատարումից (անգործություն): Ավարտված հանցագործության բնորոշման մեջ սուբյեկտիվ հատկանիշի ընդգրկումը հնարավորություն կտա հանցափորձը սահմանազատել ավարտված հանցագործությունից, այսինքն, այնպիսի հանցագործությունից, որի կատարմանն ուղղված դիտավորությունն ամբողջությամբ իրագործվել է:
Չավարտված հանցագործության էությունը կայանում է նրանում, որ դրա կատարման ժամանակ չի ավարտվում հանցագործության օբյեկտին վնաս պատճառելու գործընթացը, այսինքն, չի խախտվում քրեական օրենքի կողմից տվյալ հանցագործությունից պաշտպանվող հասարակական հարաբերությունների ամբողջականությունը, և լիովին կամ մասնակի չի իրագործվում հանցակազմի օբյեկտիվ կողմը, որի հատկանիշները նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այս կամ այն հոդվածի դիսպոզիցիայում:
Չավարտված հանցագործությունների որակումը գործնականում, որպես կանոն, դժվարություններ է առաջացնում այն պարզ պատճառով, որ մի շարք դեպքերում բացակայում է հանցագործության նախապատրաստության և հանցափորձի, հանցափորձի և կամովին անավարտ թողնված հանցագործության միջև գոյություն ունեցող սահմանը:
Չավարտված հանցագործության հակաիրավական բնույթը և պատժելիությունը բնութագրվում է առաջին հերթին բացառապես իրեն բնորոշ ուղղակի դիտավորությամբ: Այդպիսիք չեն կարող կատարվել ոչ անզգուշությամբ և ոչ էլ անուղղակի դիտավորությամբ, քանի որ, եթե հանցագործություն կատարող անձը չի ցանկանում հանրորեն վտանգավոր հետևանքների վրա հասնելը, ապա չի կարող պատրաստվել դրան ուղղված արարքի կատարմանը կամ այդպիսի փորձ կատարել: Հարկ է նշել, որ այս տեսակետը գերիշխում է քրեական իրավունքի տեսության մեջ և միաժամանակ ընդունելի է համարվում քննչական և դատական պրակտիկայում:
Անձի կամքից անկախ գոյություն ունեցող կամ առաջացող հանգամանքները, որոնք խոչընդոտում են հանցավորի մտադրության վերջնական իրագործմանը, կարող են տարաբնույթ լինել և տարբեր կերպ ազդել չավարտված հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանի վրա և արդյունքում անդրադառնալ նաև դատարանի կողմից անձի նկատմամբ պատիժ սահմանելու գործընթացի վրա:
Գործնականում չավարտված հանցագործությունների որակման ժամանակ անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ճիշտ գնահատել ոչ միայն հանցավոր գործունեությունն ավարտին չհասցնելու, այլ նաև հանցագործությունից կամովին հրաժարվելու շարժառիթները, քանի որ այդ հրաժարումը կարող է հարկադրված լինել, սակայն սուբյեկտի կողմից ներկայացվել որպես կամովին` քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել