«Ինձ ասեցին՝ տեր չունես, դրա համար էլ պիտի ազատվես աշխատանքից»․ ամբաստնյալի աթոռին հայտնված դպրոցի տնօրեն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երևանի  64-րդ հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով դպրոցի տնօրեն  և պաշտոնական դիրքն օգտագործելով, 2009-2015 թվականների ընթացքում որպես աշխատող դպրոցում գրանցել է 12 քաղաքացի, ովքեր փաստացի աշխատանքի չեն այցելել, իսկ նա այդ մարդկանց անվամբ բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 12 միլիոն դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարներ։

Դատական քննությանը ներկա էին ամբաստանյալներ Անաիդա Շահնազարյանը և նույն դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը, նրանց պաշտպան Անժելա Հոբոսյանը և մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը:

Այսօր դատական նիստին հարցաքննվեց Անաիդա Շահնազարյանը։ Նա իր ցուցմունքում նշեց, որ  չի յուրացրել նշված 12 քաղաքացու անուններով  աշխատավարձերը, այլ դուրս գրված գումարները ծախսվել են դպրոցի բարեկարգման համար․ պնդեց, որ իր տնօրինության տարիներին դպրոցը եղել է անմխիթար վիճակում և իր ներդրած ուժերի արդյունքում կարողացել է այն վերակառուցել:

Մանրամասն ներկայացրեց նաև, թե ինչպես է եղել իր աշխատանքից ազատվելու ընթացքը․  իր հասցեին սպառնալիքներ են եղել և իրեն ասել են՝ տեր չունես, դրա համար էլ պիտի ազատվես աշխատանքից:

Դատական նիստը նախագահող դատավոր՝ Վարդան Գրիգորյանի այն հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ 9 տարի շարունակ աշխատել է այդ դպրոցում և հանկարծ այդպիսի հայտարարություն է արվել, նախկին տնօրենը պատասխանեց, թե չգիտի։

Անիադա Շահնազարյանը 12 քաղաքացու անունով դուրս գրված գումարների վերաբերյալ նշեց, որ եղել են դեպքեր, երբ իրար փոխարինելով են աշխատել տարբեր աշխատակիցներ. «Իմ միակ սխալն այն է եղել, որ եղել եմ հոգատար տնօրեն և թույլ եմ տվել, որ մեկը մյուսի փոխարեն աշխատի: Այդ անձինք ձևակերպված չեն եղել, գուցե աշխատել են մեկը մյուսի համեմատ՝ մի քիչ ավելի շատ»:

Անաիդա Շահնազարյանը շեշտեց հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքային վերջին երեք տարում չի ստացել գրենական պիտույքների համար նախատեսված պետական գումարը․ «Մենք չենք ստացել աջակցություն քաղաքապետարանի կողմից: Ջուրը լցվել էր նկուղ, մենք ինքներս ենք մեր սեփական ուժերով այն նորոգել: Իմ տղան իսկապես աշխատել է այդ դպրոցում, սակայն մեկ տարի, որից հետո գնացել է արտագնա աշխատանքի»:

Պաշտպան Անժելա Հոբոսյանի այն հարցին, թե 2009-2015թվականներն արդյո՞ք չեն եղել ստուգումներ, Անաիդան Շահնազարյանը պատասխանեց, որ ստուգումներ շատ են եղել, բայց երբեք ոչ մի խնդիր չի հայտնաբերվել:

«Ես իմ սեփական ջանքերի շնորհիվ եմ հասել տնօրենի պաշտոնի: Ստուգել են և ոչ մի բան չեն հայտնաբերել, գոհ գնացել են: Նույնիսկ 2012, թե 2013 թվականն էր, չեմ հիշում, աուդիտ էին արել և ասել էին, որ այդպիսի մաքուր դպրոց հազվադեպ է հանդիպում»։

Նա ցուցմունքում նշեց նաև, որ նույնիսկ ինքն է վարկ վերցրել 300.000 դրամի չափով, որպեսզի կառուցի դպրոցի թեքահարթակը:

Ամբաստանյալ Անաիդա Շահնազարյանն իր ցուցմուքնում նաև նշեց, որ այդ 12 անձանցից միայն երկուսն են եղել գրանցված, որոնք չեն աշխատել՝ Լուսինեն և Արսենը. «Արսենը շատ լավ տեղյակ է այդ մասին»,- նշեց նա:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Քնարիկ Մալխասյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ դիմել է տնօրենին ու խնդրել դպրոցում որպես աշխատող  գրանցել  իր որդուն, եղբորը և եղբորորդուն՝  նրանց անվամբ աշխատավարձերի և պարտադիր այլ վճարների գումարները ելքագրելու և դրանք անձամբ տնօրինելու ակնկալիքով։

Նա իր ցուցմունքում նշեց, որ այդ դպրոցում աշխատել է 1995 թվականից, եղել է տնտեսվար, որից հետո տարիներով բնակվել է դպրոցում և իր տղայի՝ Դավիթ Մալխասյանի հետ միասին աշխատել է որպես գիշերային պահակ:

Ուշագրավ էր այն փաստը, որ Քնարիկ Մալխասյանն ասաց, թե գրանցված մարդկանցից մի քանիսի  փոխարեն ինքն է աշխատել, քանի որ օրենքով սահմանված կարգով նա չէր կարող իր անվամբ տարբեր հաստիքներ զբաղեցնել։

Մեղադրող Հակոբ Ենոքյանի այն հարցին, թե ինչպե՞ս է ստացել այդ անձանց անունով դուրսգրված գումարը, ամբաստանյալը պատասխանեց, որ ստացել է բանկային քարտի միջոցով, որն իրեն տրամադրել է հաշվապահը:

Այսօր դատական նիստին Անժելա Հոբոսյանը դատարանին ներկայացրեց, որ 2009-2015 թվականներին Անաիդա Շահնազարյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացել է մի շարք շնորհակալական պատվոգրեր: Ներկայացրեց նաև ազատման հրամանը։

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց քաղաքացիական հայցի պահանջի կապակցությամբ:
Հաջորդ դատական նիստը  նշանակվել է նոյեմբերին:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել