ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՆՅՈՒԹ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՑ

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան
Գևորգ Գյոզալյան
Ապրիլ 2007թ.

Խորհրդային Միության փլուզումն իր հետ փլուզեց նաև այդ տարիներին ինչ-որ չափով ձևավորված իրավական համակարգը, ուստի, Հայաստանում անհրաժեշտություն առաջացավ ձևավորել նոր իրավական համակարգ: Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլ պետությունների, իր իրավական ինստիտուտները ներմուծեց քիչ թե շատ զարգացած այլ պետություններից՝ չփորձելով ստեղծել իրենը: ՀՀ անկախացումից հետո կարելի է փաստել, որ ՀՀ իրավական համակարգի ինստիտուտների զգալի մասը եվրոպականացված են, սակայն ՀՀ-ն, չգիտես ինչու, չդարձավ եվրոպական երկիր: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ-ն գոնե չմոտեցավ եվրոպական արժեքային համակարգին: Փորձենք այս հարցը դիտարկել դատական արդարադատության լույսի ներքո: Այսպես, Հայաստանի Հանրապետությունը մի կողմից ունի եվրոպական երկրներին բնորոշ օրենսդրական դաշտ (իհարկե, ես այստեղ վերապահումով եմ մոտենում հարցին, քանի որ բազմաթիվ օրենքներ թեև արտագրվել են եվրոպական երկրների համապատասխան օրենքներից, սակայն շատ ցածր որակով: Համեմատեք ՀՀ և ՌԴ քաղաքացիական օրենսգրքերը կամ աշխատանքային օրենսգրքերը և այլն), իսկ մյուս կողմից էլ ունի խորհրդային դատական համակարգով անցած և այդ համակարգի դաստիարակությունը ստացած դատավորներ, որոնք այդ եվրոպական օրենքները փորձում են կիրառել այնպես, ինչպես խորհրդային տարիներին, և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք: Եթե սրան էլ գումարենք կոռուպցիոն ռիսկերը, ապա պատկերը դառնում է ամբողջական: Ասվածը պատկերավոր դարձնելու համար բերեմ մի քանի օրինակներ դատական պրակտիկայից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 96 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը»: Այս նորմը նպատակաուղղված է անապահով կողմի պաշտպանվածությանը դատական ձգձգումներից, իսկ երեխաների մասով այն ավելի նեղացված է՝ հաշվի առնելով երեխաների իրավունքների պաշտպանվածության առավել կարևորության աստիճանը: Իսկ ինչպե՞ս են ՀՀ դատարանները կիրառում այս նորմը: 2006 թվականին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահող՝ Ա. Հունանյան, իմ մասնակցությամբ քննվում էր ընտանեկան գործ՝ երեխայի ալիմենտի պահանջով: Նկատելով, որ մյուս կողմը (երեխայի հայրը) փորձում է ձգձգել գործը, ես դատարանին միջնորդություն ներկայացրեցի, վերը նշված հոդվածի համաձայն, մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, պատասխանողից երեխայի համար բռնագանձել ալիմենտ: Այս միջնորդությանը դատարանը պատասխանեց «Վայ, բայց գիտեք… թեև օրենսգրքում նման հոդված կա, բայց դա դատական պրակտիկայում չի կիրառվում, ուստի ձեր միջնորդությանը չեմ անդրադառնում»: Ավելի աբսուրդային վիճակի հանդիպեցի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում 2007 թվականին՝ նույնանման գործով: Երբ նախագահող դատավոր Վ. Լալայանին ներկայացվեց նույնանման միջնորդություն` հիմքում ունենալով երեխաների շահերը, դատավոր Վ. Լալայանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Սա, ըստ էության, հակընդդեմ հայց է, և ես մերժում եմ այն», իսկ հակընդդեմ հայցի ինստիտուտը կարգավորվում է ոչ թե ընտանեկան օրենսգրքի 96 հոդվածով, այլ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96 հոդվածով: Նորանկախ Հայաստանի դատավորը, որն ունի նոր դատական համակարգում տաս տարվա աշխատանքային փորձ և սովորական միջնորդությունը շփոթում է հակընդդեմ հայցի հետ…: Իսկ երեխաները մնացին անապահով: Ի դեպ, այս դատավորի կողմից սա միակ դեպքը չէ, երբ կայացվում են այնպիսի որոշումներ և վճիռներ, և նրա մտքի թելը իրավաբանները երկար են փնտրում՝ այդպես էլ չգտնելով այն:
Եվ այսպես, ինչո՞ւ չենք դառնում եվրոպական: Ըստ իս՝ չենք դառնում, որովհետև մինչև օրենքներին անցնելը պետք է փոխենք մեր մտածելակերպը, ավելին՝ մեր ամբողջ արժեքային համակարգը: Առավել ևս, դա պետք է հետևողականորեն փոխվի դատական համակարգում՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի: Արդյունքում, համոզված եմ, կունենանք համակարգ, որն, անկախ անձանց փոփոխությունից, կաշխատի, և այդ համակարգում երեխաները անապահով չեն մնա, իսկ մարդկանց իրավունքները կպաշտպանվեն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել