ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան
Լիանա Հարությունյան
Մայիս 2007թ.

Ակտիվ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի հզորության գրավականն ու հիմքն է: Առանց մտածող, պատասխանատու և նախաձեռնող երիտասարդության անհնար է պատկերացնել վաղվա օրը, յուրաքանչյուր պետության ծաղկումն ու զարգացումը:
Իսկ ի՞նչ է երիտասարդությունը, որո՞նք են նրա զարգացման ուղիները, ինչպիսի՞ գործոններից է կախված նրա ապագան: Իրենց աշխատություններում այդ մասին են խոսել հայտնի հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբան-գիտնականներ, մտավորականներ:
Պատահական չի ասել հայտնի ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը. «Երիտասարդությունը հասարակության ծանրաչափն է»: Եվ իսկապես, երիտասարդությունը հասարակության մի խումբ է, որում հաստատված է հասարակության սոցիալ-տնտեսական դրությունը: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ երիտասարդությունը սոցիալական և որոշակի տարիքային դրության մեջ գտնվող, անցումային կարգավիճակ ունեցող հասարակության մի շերտն է: Այսօր գիտնականների որոշ մասը այն դիտարկում են որպես հասարակության սոցիալ-դեմոգրաֆիկ խումբ, որն առանձնանում է սոցիալական դրության առանձնահատկություններով և սոցիալ-հոգեբանական հատկանիշներով, որոնք էլ իրենց հերթին որոշվում են սոցիալ-տնտեսական կուլտուրայի զարգացմամբ և տվյալ հասարակարգին բնորոշ իրավաչափություններով: Սրա հետ հնարավոր չէ չհամաձայնել, քանի որ յուրաքանչյուր երկրի երիտասարդությամբ կարելի է դատել, թե ինչպիսին է տվյալ երկրի քաղաքակրթությունը, ինչ աստիճանի վրա է գտնվում տվյալ հասարակության իրավագիտակցությունը, որն էլ իր հերթին բնորոշում է տվյալ պետության իրավական լինելու հանգամանքը:
«Երիտասարդ» սահմանումը իր արտացոլումն է գտել նաև իրավական համատեքստում: Այսպես՝ «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծով երիտասարդ են համարվում 16-30 տարեկան ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, իսկ «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծով երիտասարդ են համարվում 18-30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Փաստորեն, «Երիտասարդ» հասկացությունը բնորոշվում է որոշակի տարիքային սահմանափակմամբ, իսկ թե ո՞ր տարիքային խումբը պետք է ընդունվի օրենսդրի կողմից որպես «երիտասարդ» և ի՞նչ գործոններից է այն կախված, ունի շատ կարևոր նշանակություն: Նախ՝ ըստ էության, երիտասարդությունը մի խումբ է, որը վերապրում է սոցիալական հասունության կայացման շրջան, համակերպվում է մեծահասակների կյանքին և հետագա փոփոխություններին: Վերջինիս գիտակցությունը ձևավորվում է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով: Այսպես օրինակ` ժամանակակից պայմաններում այլ են դարձել նրա սոցիալական հասունության չափորոշիչները: Դրանք հիմնականում ձևավորվում են ոչ միայն ինքնուրույն աշխատանքային կյանք մտնելով, այլև համապատասխան կրթության ստացմամբ, մասնագիտության ձեռք բերման, ռեալ քաղաքական և քաղաքացիական իրավունքներով, ծնողներից նյութական անկախությունը պահպանելով: Նշված գործոնները տարբեր սոցիալական խմբերում երիտասարդների կողմից տարբեր ձևով կարող են դրսևորվել, եթե մի ոլորտում նա կարող է լինել լուրջ և պատասխանատու, ապա մեկ այլ ոլորտում կարող է իրեն զգալ որպես դեռահաս: Պատահական չէ օրենսդրի կողմից քաղաքացու լրիվ գործունակության ձեռք բերման համար անձի 18 տարին լրանալու (չափահաս դառնալու) պայման նախատեսելը, իսկ օրենքով սահմանված առանձին դեպքերում նաև 16 տարին լրացած անչափահասին լրիվ գործունակությամբ օժտելը (էմանսիպացիա):
Հետևաբար, կարելի է ասել, որ երիտասարդությունն ունի շարժուն տարիքային սահմաններ, որոնք կախված են տվյալ հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումից, կրթվածության մակարդակից, կյանքի պայմաններից: Ուստի, հաշվի առնելով վերը թվարկված գործոնները, մեր կարծիքով ճիշտ կլինի, որպեսզի օրենսդրի կողմից սահմանվի «Երիտասարդ» հասկացության հետևյալ՝ 18-30 տարիքային սահմանը:
Երիտասարդությունը նաև ապագայի ճանապարհն է, որը մարդն ընտրում է ինքնուրույն: Ապագայի ընտրությունը, դրա պլանավորումը երիտասարդ տարիքի բնորոշ հատկանիշն է, այն չէր լինի այդքան գրավիչ, եթե մարդը նախօրոք իմանար թե ինչ կլինի իր հետ վաղը, մեկ ամիս հետո, մեկ տարի անց: Հատկանշական է մեջբերել Ն. Վ. Գոգոլի թևավոր խոսքերը. «Երիտասարդությունը բախտավոր է նրանով, որ ապագա ունի»: Իսկ թե ինչպիսին կլինի նրա ապագան, առաջին հերթին կախված է հասարակության իրավագիտակցությունից, իրավական դաստիարակությունից, կրթվածությունից:
Երիտասարդությունը մի պահ է, երբ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի իր ապագան, գտնի միակ ճիշտ և հաջողության տանող ուղին, որն էլ հնարավորություն կտա առավելագույն ձևով իրականացնել իր հնարավորությունները և շնորհքը: Դա մի ժամանակաշրջան է` զուգորդված ինքնահաստատման բարդ գործընթացով, սեփական «Ես»-ի ձեռքբերումով: Մարդը պետք է հաստատի իր իրական հնարավորությունների իրականացման սահմանները, ձևավորի կյանքի մասին որոշակի գաղափարներ, կենտրոնացնի արժեքները, քաղաքական, բարոյական մտածելակերպը:
Նշված գործոններն, անշուշտ, ազդում են յուրաքանչյուր անձի իրավագիտակցության, իրավական դաստիարակության և իրավական մշակույթի ձևավորման վրա:
Իսկ ի՞նչ է իրավագիտակցությունը, ինչու՞ է այն հանդիսանում երիտասարդության զարգացման և կայացման կարևոր գործոն:
Իրավագիտակցությունը հասարակության մի մասնիկն է, այն տեսակետների, մտքերի, մարդկանց զգացմունքների, նրանց միտումների ամբողջությունն է, ընդհանուր հասարակության վերաբերմունքը իրավունքի և իրավական երևույթների նկատմամբ: Հենց նա է հանդիսանում իրավական նորմի ստեղծման և կատարելագործման անհրաժեշտ գործիքը, ինչպես նաև իրավունքի զարգացման կարևոր ցուցանիշը: Իրավագիտակցության հիմնական սկզբունքն է ամրապնդել օրինականությունը պետությունում, պայքարել ապօրինությունների դեմ, որն էլ իր հերթին բերում է իրավական պետության կայացմանը: Փորձենք տեսնել այն պատճառական կապը, որն առկա է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման ուղղությունների և իրավագիտակցության միջև:
Այսպես.
1. Երիտասարդության գործունեությունն ապահովելու իրավական դաշտի ստեղծումը, առանց իրավագիտակցության ոչ միայն չի կարող զարգանալ, այլև չի կարող գոյություն ունենալ: Պարզաբանենք, իրավագիտակցությունը կարևոր հիմք է հանդիսանում անհատի դաստիարակության համար` սերմանելով հարգանք դեպի իրավունքը, օրենքը՝ որպես կարևորագույն արժեք, առանց որի չի կարող գոյություն ունենալ յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Այդ է պատճառը, որ իրավագիտակցությունը սերտորեն կապված է իրավական դաստիարակության հետ:
2. Հետևաբար, եթե հասարակության, առավել ևս երիտասարդության մոտ ցածր լինի իրավագիտակցությունը կամ պարզապես այն բացակայի, ապա խոսք անգամ չի կարող լինել իրավական դաշտի մասին, որն էլ իր հերթին կբացառի երիտասարդության ցանկացած գործունեության ապահովում:
3. Աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը: Յուրաքանչյուր ձեռնակատիրական գործունեության կայացումը, անխոս, պահանջում է մասնավոր սեփականության իրավունքի հաստատում` որպես բարձրագույն սոցիալական և բարոյական արժեք: Այս իրավունքի իրականացման կարևոր երաշխիքներն են հանդիսանում հետևյալ 2 գործոնները՝
• մարդու անօտարելի իրավունքների գաղափարախոսությունը,
• «մասնավոր սեփականությունը ծնում է քաղաքակրթություն» գաղափարախոսությունը:
Մարդու անօտարելի իրավունքների գաղափարախոսությունը դիտարկվում է մասնավոր սեփականության իրավունքի և քաղաքական հայացքների ազատության իրավունքի համատեղությամբ՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմք: Մասնավոր սեփականության իրավունքի հաստատումը հնարավորություն է տալիս զարգացնել քաղաքակրթությունը, իսկ այդ իրավունքից հրաժարումը հասարակությանը մատնում է աղքատության: Հասարակությունը, առավել ևս երիտասարդությունը, հոգեբանորեն արդեն պատրաստ է նոր կյանքի ձևավորմանը, շուկայական հարաբերությունների կայացմանը, սակայն նա պետք է իր մեջ ամրապնդի սոցիալական պատասխանատվությունը, որն իրենից ներկայացնում է քրտնաջան աշխատանք յուրաքանչյուրն իր անձի վրա, իրավական կուլտուրա, նախաձեռնություն, ինչպես նաև անհատական կենսապայմանի արժեքներ: Երիտասարդությունը բոլոր ժամանակներում ինքնադրսևորվել է՝ տարբերվելով նախորդ սերունդներից: Մնում է ներկայացնել նոր օրինակներ, նորմեր և արժեքներ: Երիտասարդության համար գոյություն ունեն 2 տիպի օրինակներ.
• «Ես այսօր»՝ սա այն կատարյալ օրինակն է, որի վրա երիտասարդը հիմնվում է այսօր: Դա կարող է լինել երիտասարդ ձեռներեց, ռոք երգիչ և այլն:
• «Ես վաղը»՝ սա այն է, ինչպես է երազում իրեն տեսնել երիտասարդը 10 տարի անց:
Այս 2 օրինակների լիարժեք իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրավունքը ներթափանցում է հասարակության կյանք, ձևավորվում է իրավագիտակցությունը, տեղի է ունենում համընդհանուր իրավական ուսուցում, բարձրանում է իրավունքի դերը՝ որպես բարոյական բարձր արժեք ունեցող չափանիշ: Առանց այս հանգամանքների առկայության ձեռնակատիրությունը չի կարող ունենալ որևէ լուրջ հեռանկարներ: Գումարելով այս ամենը՝ կարելի է ասել, որ ձեռներեցությունը և շուկայական տնտեսությունը կարող են հաստատվել միայն այն հասարակությունում և այն պայմանով, որտեղ պահպանվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝
• իրավագիտակցությունը և իրավական կուլտուրան,
• մարդու անօտարելի իրավունքների գաղափարախոսությունը,
• անհատի արժեքների հաստատումը,
• աշխատանքը և գործարար էթիկան:
Այսօրվա իրականությունը վկայում է, որ երիտասարդության առաջնային կարիքներն են հետաքրքիր և լավ վարձատրվող աշխատանքը, լավ աշխատանքային պայմանները, իրավական պաշտպանվածությունը՝ ներառյալ իրավաբանական խորհրդատվությունը, երիտասարդ ընտանիքներին օժանդակումը և այլն: Անցումը շուկայական հարաբերություններին պահանջում է արմատական փոփոխություններ մարդկանց տնտեսական ակտիվության շարժառիթների մեջ և պարտադրում երիտասարդ սերնդին ապրել և աշխատել նոր պայմաններում, որոնք կապահովեն արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: Այդ է պատճառը, որ քաղաքացիների իրավագիտակցության և սոցիալ-իրավական ակտիվության բարձրացման խնդիրը՝ որպես բարոյական պարտականություն, նաև դրվել և մնում է դրված յուրաքանչյուր երկրի պետական և հասարակական կազմակերպությունների վրա: Անխոս, իրավագիտակցությունը սերտորեն կապված է իրավական դաստիարակության և իրավական կրթության հետ: Ժողովրդավարական հասարակությունում իրավական դաստիարակությունը հանդիսանում է քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ մասնիկը, այն յուրաքանչյուր անհատի մոտ իրավական պետության քաղաքացու բարձրագույն արժեքների դաստիարակությունն է: Յուրաքանչյուր անհատի իրավագիտակցությունից է ձևավորվում հասակության իրավագիտակցությունը: Քաղաքացիական հասարակության իրավագիտակցությունը բնորոշվում է այդ հասարակության տնտեսական հիմքով, որի կորիզն էլ կազմում են շուկայական հարաբերությունները, սոցիալական հիմքը, իրավական պետությունը, նրա սկզբունքները, օրինականությունը, հավասարությունը, արդարությունը, իրավունքների և պարտականությունների միասնականությունը և, մեղքի առկայության դեպքում, պատասխանատվության կրումը:
Անձի իրավագիտակցությունը ոչ այնքան իրավունքի իմացություն է, որքան նրա վերաբերմունքն է իրավունքի նկատմամբ, այն կիրառելու պատրաստակամությունը: Իրավագիտակացությունն իրավական դաստիարակության արդյունքն է և, թե ինչ մակարդակի վրա է այն գտնվում, կախված է ժողովրդավարական հասարակությունում իրավադաստիարակչական գործընթացի կիրառումով: Քաղաքացիների իրավական դաստիարակության հաջողության ապահովման համար մեր պետությունից պահանջվում է անձի քաղաքական ակտիվության դրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, ակտիվ պայքարի մղում բոլոր տեսակի անօրինականությունների դեմ, ինչպես նաև բնակչության նյութական բարեկեցության ապահովում և բարձրացում:
Այս ամենում երիտասարդությունն ունի բավականին մեծ և վճռորոշ դեր և, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, կախված է մեզանից՝ նոր սերնդից: Պատահական չի ասել մեր հայրենակից Դ. Դեմիրճյանը. «Երիտասարդությունը նորոգում է մարդկությանը»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել