Նորություններ

Նախարարը ճապոնական պատվիրակության հետ քննարկել է ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց Ճապոնիայից ժամանած պատվիրակությանը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի ուղեկցությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ճապոնական այնպիսի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Hitachi Construction»-ը, «Mitsubishi Heavy Industries»-ը, «JETRO»-ն և այլն:

Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ճապոնացի գործընկերների այցը Հայաստան շատ սպասված է:

«Հայաստանը մեծապես հետաքրքրված է ճապոնական կողմի հետ համագործակցությամբ: Հուսով եմ, որ այս այցելությունը կնպաստի ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում գործակցության հիմքեր ստեղծելուն»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

«Ջետրո» ընկերության Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Յասույուկի Մուրահաշին հայտնեց, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի ՏՀՏ ոլորտով:
Նախարարության ներկայացուցիչների առաջարկով Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում պատվիրակությունն այցելելու է «ԴիջիԹեք Էքսպո», մի շարք խոշոր ընկերություններ և կրթական հաստատություններ: Ճապոնական կողմը տեխնոլոգիական ցուցահանդեսում նաև ներկայացմամբ է հանդես գալու:

Յասույուկի Մուրահաշին հույս հայտնեց, որ հանդիպումներն ու քննարկումներն արդյունավետ կլինեն, և դրանց կհաջորդի համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացումը:
Նախարարը ՀՀ կառավարության անունից աջակցություն հայտնեց հայ-ճապոնական գործակցության յուրաքանչյուր նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ուղղությամբ հնարավոր համագործակցությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիայի տրանսպորտային ցանցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը:

Կողմերը խոսեցին նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» (Data center) ստեղծելու նախագծի մասին, քննարկվեցին գործակցության հնարավորությունները:

Նախարարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները կշարունակեն երկկողմ համագործակցության շուրջ հետագա քննարկումները:

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել