Ներկայացվեցին շուրջ 60 թափուր աշխատատեղեր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 27 գործատուներ, որոնց կողմից ներկայացվեցին շուրջ 60 թափուր աշխատատեղեր: Սիսիանում պահանջարկված են հատկապես բժիշկները, օպերատորները, հաշվապահները, դասընթացավարները, պանրագործները և սպասարկման ոլորտի այլ մասնագետները:

Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է տալիս գործատուներին և աշխատանք փնտրողներին հանդիպել միևնույն հարթակում: Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները   ծանոթացել են առաջարկվող աշխատանքների պայմաններին, զրուցել գործատուների հետ, փոխանցել ինքնակենսագրականներ, ինչը գործատուների հնարավորություն է տալիս ձևավորել աշխատանք փնտրողների բազա և արագ համալրել թափուր աշխատատեղերը:  Ներկայացվել են նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը:

Սյունիքի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 3.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 92.3%-ը կամ 3.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.3%-ով:   Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.5%-ը կամ 2.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 20.7%-ը երիտասարդ է, 5.3%-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

Մարզում հիմնական զբաղվածությունն արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, կրթության, սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում է:

Սիսիան քաղաքում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1049 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 973: Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 80 անձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել