Նորություններ

Դատարաններում քաղաքացիական վերահսկողությունը սկսվում է լրագրությունից․ Արման Ղարիբյան

Հաճախ մենք՝ լրագրողներս, մեր մասին մոռանում ենք ՝ վազելով ուրիշի խնդիրների հետևից, ինչպես իրավապաշտպանները: Թե լրագրողներն ինչ խնդիրների են բախվում դատարաններում, դատավարությունների լուսաբանման առանձնահատկությունների  մասին զրուցել ենք լրագրող,  «Իրավունքի ուժ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Արման  Ղարիբյանի հետ՝ «Իրավական ոլորտը լուսաբանող լրագրողները» շարքի հերթական հարցազրույցում ։

-Պարոն Ղարիբյան,  գիտեմ, որ  ավարտել եք  լրագրության ֆակուլտետը, այնուհետև Հունգարիայում շարունակել կրթությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կպատմեք ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունները, ե՞րբ սկսեցիք դատաիրավական ոլորտը լուսաբանել։ 
Դատաիրավական գործընթացներ  լուսաբանել սկսել եմ  դեռևս  2007 թվականից, երբ ուսանող էի և  աշխատում էի  «Ռադիո հայ» ՌԿ-ում: Մինչև համալսարան ընդունվելս անընդհատ  տատանվում էի լրագրության և իրավաբանության  ոլորտների ընտրության մեջ, սակայն  իրավագիտությունը մի փոքր չոր թվաց ինձ, լրագրությունն  ավելի հարուստ և խոստումնալից: Ընտրեցի վերջինը, բայց ժամանակի ընթացքում զգացի, որ իրավագիտության հանդեպ սերը  չի մարել: Ըստ այդմ՝  սկսեցի հետաքրքրվել դատական լրագրությամբ, սկզբում միայն նիստեր էի լուսաբանում, 2009-2010 թվականներին առավել խորացրի գիտելիքներս: Այդ ժամանակ աշխատում էի նաև «Հետք»-ում:  Այնուհետև 5 տարի աշխատել եմ   «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների » ՀԿ-ում:
Ընդհանուր առմամբ, ոլորտը ինձ շատ էր հետաքրքրում, բայց ժամանակի ընթացքում հասկացա,  որ  գիտելիքներս չեն բավարարում մարդու իրավունքներին առնչվող հարցեր լուսաբանելիս։ Եվ որոշեցի արտերկրում կրթություն ստանալ։ Հիշում եմ բանակում, Քարվաճառում ծառայության ժամանակ անգլերեն էի  պարապում, բոլորը զարմանում էին:  Զորացրվելուց հետո ընդունվեցի Կենտրոնական Եվրոպայի համալսարան (Հունգարիա): Ի դեպ,  սովորելու ընթացքում նաև աշխատել եմ:
Հենց այդ տարիներին էլ գրեցի  այժմ իրականություն դարձած ծրագիրս, որով սկսեցի ընկերներս հետ միասին  պաշտպանել մարդու իրավունքները ՀՀ-ում ՝ անցած  տարվա դեկտեմբերին ստեղծված «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ շրջանակներում:

-Ձեր ծրագիրն ուղղված է դատարաններում լրագրողների գործունեությանը խոչընդոտող խնդիրների վերացմանը։ Կարելի՞ է ասել, որ խնդիրը սեփական փորձով եք վեր հանել։ 
-Անկեղծորեն՝ այո: Ես նույնպես երբ  դեռ անփորձ էի,  շատ էի վախենում նկարահանումներ անել  դատական պրոցեսի ժամանակ: Չգիտեի՝ կարելի է, թե ոչ, բայց տեսնում էի, որ հաճախ արգելում են: Հիմա մի դեպք հիշեցի,  որ խորապես ազդել էր ինձ վրա։ Մի անգամ  դատական նիստին մի լրագրողի արգելեցին  նկարահանում անել անգամ նախատեսված նիստի առաջին 5 րոպեի ընթացքում,  լրագրողը պարզապես թողեց և գնաց՝ առանց  որևէ բան անելու, ասելու։ Երբ տուն եկա, բացեցի  իրենց թերթը և տեսա, որ այդ օրվա  նիստի լուսաբանում չկար: Ցավով հասկացա, որ լրագրողները սովորել են  մերժվելուն։ Դա ցցուն օրինակ էր ինձ համար: Հենց նման դեպքերն էլ  համոզեցին գիտակցել որոշակի նախագծի անհրաժեշտությունը:  Այլ խոսքով,  ցանկանում էի  դաշտ  սոլիդարություն բերել:

-Հիմնականում լրագրողի ի՞նչ իրավունքներ են խախտվում և ինչու՞:
– Հաճախ մենք մեր մասին մոռանում ենք ՝ վազելով ուրիշի խնդիրների հետևից, ինչպես իրավապաշտպանները:  Ցավոք,  մենք  մի փոքր «համեստ ենք» և հանդուրժում ենք նման դեպքերը:  Օրինակ, վերջերս մի քանի լրագրողների  խնդրեցինք  պարզապես ստորագրել Դատական դեպարտամենտ ուղարկվող  նամակի տակ, ոչ ոք չհամաձայնվեց: Կա հետևողականության պակաս: Կամ էլ հաճախ լրագրողը չի հասցնում վազվզել մի նյութի համար, քանի որ  դրանք շատ են, այս պարագայում մենք ստանձնում ենք այդ միջնորդի դերը:
Արգելելը կարող է կապված լինել նաև կոնկրետ գործի հետ․ հաճախ լարվածություն է լինում դատարանում՝ կապված գործի բնույթից, ինչն ուղղվում է նաև լրագրողի դեմ: Բայց ունեմ համոզմունք, որ կա մեկ այլ պատճառ․  ապախրախուսել լրագրողների մասնակցությունը դատական պրոսեցներին, ինչը լավ բաների չի հանգեցնի, քանզի քաղաքացիական վերահսկողությունը սկսվում է լրագրությունից:

Դատարանում հիմնականում արգելում են տեսանկարահանել կամ լուսանկարահանել, կամ թույլատրում են միայն 5-10 րոպե նկարահանել:
Շատ են նաև օրինակները, երբ դատավորը անհարկի դիտողությոններ է անում, կարգադրիչները  ինքնուրույն որոշումներ են ընդունում: Կամ ցայտուն օրինակ է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ապակեպատ նիստերի դահլիճը, որտեղ ոչինչ չի լսվում, և «դե ֆակտո» դռնփակ նիստեր են լինում:

-Գիտեմ, որ այս խնդրով դիմել եք արդարադատության նախարարություն, Դատական դեպարտամենտ, արդյո՞ք արձագանքներ եղել են:
-Այո,  դիմել ենք  3 անգամ: Մի դեպքում ասել են, որ նամակը պարզապես չի հասել, մյուսները  դեռ քննվում  են:  Առհասարակ գրավոր դիմումներին պետք է պատասխանել  գրավոր կարգով, բայց մենք պատասխան չենք ստացել, ըստ այդմ՝  ցածր ենք գնահատում  նրանց  աշխատանքը, բայց նաև կարծում  ենք, որ դա շտկելի երևույթ է:

-Իսկ ո՞րն է լուծումը, ըստ Ձեզ։
-Առաջին  լուծումն  այն է, որ լրագրողները պետք է բարձրաձայնեն դեպքերը, լինեն հետևեղական, անդրադառնան ոչ միայն իրենց խնդրին, այլև այլ լրատվամիջոցների:  Պետք է խիստ քննադատվի իրավախախտ դատավորը։ Բացի նրանից, որ կա սոլիդարության պակաս կամ ոչ ամբողջապես ձևավորված գիտակցություն, կան նաև օրենսդրական բացեր:  Մենք  նոյեմբերին  կներկայացնենք  նոր առաջարկներ, (ի դեպ, հավանության էին արժանացել  արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ փոխնխագահ Արփինե Հովհաննիսյանի կողմից), որոնք  կփորձեն շտկել  այդ բացերը: 
Կարող են նաև  դատարանների նախագահները ցուցում տալ դատավորներին՝ պատշաճ վարք ցուցաբերել այս հարցում և այլն:

-Իսկ կա ՞ն արդյոք դատավորներ, ովքեր ավելի տոլերանտ են լրագրողների հանդեպ և կարող են լավ օրինակ լինել:
-Իհարկե կան։ Ասեմ  ավելին, այսօր պատկերը այդան էլ ցավագին չէ, օրինակ, եթե համեմատենք 2008-2009 թվականների հետ,  լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքերը բավականին պակասել են: Որպես լավ օրինակ կարող եմ տալ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունը: Ըստ իս, նա  շատ պրոցեդուրալ առումով  հմուտ է՝ հարգում է կողմերի իրավունքները, լրագրողներին, չի դրսևորում  չպատճառաբանված ագրեսիվ վարքագիծ:

Իսկ հանդիպե ՞լ եք դեպքերի, երբ լրագրողն է ոչ պատշաճ վարք դրսևորել դատարանում։
-Մի ուրախալի բան պիտի ասեմ․ վերջերս դատական ոլորտը լուսաբանող լրագրողական դաշտը բավականին բյուրեղացել է, գրեթե բոլորն էլ հմուտ են, տեղյակ են իրենց գործից, իսկ ով տեղյակ չի, միանգամից նկատվում է և, փորձը ցույց է տալիս, իր ընտրությամբ էլ շուտով դուրս է գալիս այս դաշտից:
Պարզապես, մի կարևոր նկատառում: Դատական պրոցես լուսաբանող լրագրողը պետք է մինչև վերջ լուսաբանի: Օրինակ, եթե լրագրողը լուսանկարել է մի մարդու՝ ասելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել, պետք է տեղեկություն տրամադրի նաև, թե հետագայում արդարացվեց այդ մարդը, թե՝ ոչ։ 

-Պարոն Ղարիբյան, այս ուսումնական տարվանից դասախոսում եք ԵՊՀ-ում՝  «Լրագրություն և Մարդու իրավունքներ» առարկան։ Ի՞նչ նպատակներ և ի ՞նչ ակնկալիքներ ունեք այս նախաձեռնությունից։
-Ես շատ եմ լսել, որ իբրև թե  համալսարանը չի տալիս որակյալ գիտելիքներ, այն անիմաստ է և այլն: Հակված չեմ  հավատալու նման դիրքորոշումներին, քանզի դասախոսը տալիս է, լսարանի մի մասը վերցնում է, մյուսը՝ ոչ, լրիվ նորմալ է: Կոնկրետ իմ   նպատակն   է մարդու իրավունքների  լուսաբանման խթանումը,   իհարկե, գրագետ  լուսաբանումը:  Նաև ցանկանում եմ  տալ   որոշակի հմտություններ, ակադեմիական գիտելիք, որը հիմք պիտի լինի իրենց համար: Չկա պարտադրանք գնալ և դառնալ այս ոլորտը լուսաբանող լրագրող, բայց գոնե տարրական գիտելիքներ պետք են:   

Մենք ուսումնասիրելու  ենք մարդու իրավուքներն առհասարակ, կոնկրետ դատական պրոցեսների լուսաբանմանը կհատկացվի 2 ժամ:

– Բացի մասնագիտական աշխատանքից, ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Սիրում   եմ մաֆիա խաղալ,  հաճախ աշխատանքից հետո գնում եմ  և խաղում. և հետաքրքիր է,  և օգնում  է լիցքաթափվել: Առողջ ապրելակերպի կողմանկից եմ,  սիրում եմ սպորտով զբաղվել, ֆիլմեր դիտել: Այդ առումով մի քիչ անհետաքրքիր եմ: Սիրում եմ պատրաստել, ուտել իմ պատրաստածը: Որևէ ուտեստ չեմ առանձնացնի. բոլորն էլ լավ եմ պատրաստում, սեր եմ դնում դրա մեջ: Սնվում եմ  միայն  տանը, քանզի  սրճարաններում, վստահ եմ,  սեր չեն դնում ուտեստների մեջ:
Վերջերս  հետաքրքված եմ  նաև հակասպառողականությամբ, քանզի  այն  մեզանում շատ մեծ  տեղ է զբաղեցնում, դրա համար շատ չեմ գնում սրճարաններ, նախընտրում եմ ժամանակս անցկացնել տանը:
Մեկ  խոսքով, կարողանում եմ աշխատանքս և հանգիստ  արդյունավետ ներդաշնակել:

Հարցազրույցը՝ Լիանա Մարտիրոսյանի
Մտահղացումը՝ Կարեն Զադոյանի
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել