Եվրադատարանը կքննի ոստիկանների գործողություններից տուժած լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել  է 2015 թ. մայիսի 7-ին ձերբակալված և ոստիկանների կողմից անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու ֆիզիկական բռնության ենթարկված լրագրող Գայանե Առուստամյանի գործով գանգատը:

Գայանե Առուստամյանի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գանգատի հիմքում խոշտանգումներից զերծ մնալու՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքը և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի՝ ՄԻԵԿ 13-րդ հոդվածով ամրագրված իրավունքներն են:

Գայանե Առուստամյանը ձերբակալվել և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժին է տեղափոխվել 2015 թ. մայիսի 7-ին, երբ թույլատրված վայրում փողոցը հատելիս լսելով ոստիկանի սուլիչի ձայնը՝ անակնկալի գալով հանդիմանել է վերջինիս՝ «Ինչ ես սուլում, այ էշ» արտահայտությամբ: Ոստիկանը դա որակել է որպես վիրավորանք և ոստիկանության այլ աշխատակիցների հետ նրան բաժին է տեղափոխել:

Ինչպես հայտնել է Գ. Առուստամյանը, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին և բաժնում ոստիկաններն անվայելուչ պահվածք և արտահայտություններ են թույլ տվել նրա հասցեին՝ հոգեբանորեն ճնշելով ու ֆիզիկական ցավ պատճառելով նրան: Ինչի հետևանքով Գ. Առուստամյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա խնդրանքով շտապ օգնություն են կանչել: Հետագայում նրա նախաձեռնությամբ անցկացված դատահոգեբանական փորձաքննությունը հաստատել է նրա հոգեվիճակի վրա վերը նշված դեպքերի ունեցած ազդեցությունը:

Տեղի ունեցածի մասին Գ. Առուստամյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների հիման վրա պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ է հարուցվել, սակայն 2015 թ. օգոստոսի 8-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել: Վերադասության և դատական կարգով  հետո Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը ներկայացրել է նաև վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Չատինյանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ մեղավորներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել: Նրա ձեռք բերած հիվանդությունների ու ոստիկանության գործողությունների միջև կապը բացահայտելու նպատակով փորձաքննություն իրականացնելու տուժողի միջնորդությունները մերժվել են, իսկ սեփական նախաձեռնությամբ իրականացված փորձաքննության արդյունքները դատարանը որպես ապացույց չի ընդունել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել