Նորություններ

Նոր օրենքը կարող է նպաստել աղբի սակագնի բարձրացմանը․մասնագետ

«Տուգանքների մեխանիզմները ավելի շուտ են ներդրվում , քան մարդկանց` այդ խախտումներից խուսափելու հնարավորություն տալու մեխանիզմները»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում այս մասին ասաց կենսաբան, «Երիտասարդ կենսաբաններ» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը` խոսելով «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրինագծի մասին:

 Նրա խոսքով՝ նախ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացին աղբը չնախատեսված տեղում չթափի, իսկ հետո արդեն տուգանքներ նշանակել կարգը խախտելու համար:

 «Օրինակ՝ բոլոր կանգառներում աղբամաններ չկան: Աղբը նետելու համար նախատեսված վայրերը բացակայում են անգամ Կենտրոն համայնքի կանգառներում, էլ չեմ խոսում ծայրամասերի մասին: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ելք չունեցող քաղաքացուն տուգանելը»,-ասաց Սարգիս Աղայանը:

Աղայանի խոսքով, օրենքի տառը պետք է գերակա լինի յուրաքանչյուր դեպքում: Օրինակ` կանգառներում, որտեղ արգելվում է ծխելը, ծխողները կանգնած շարունակում են ծխել, երթուղային տրանսպորտը գալիս է, ծխողը գցում է գլանակը ու նստում երթուղային:

 «Այդ օրենքում նշված է, որ աղբը պետք է վերամշակման ենթարկվի, բայց Հայաստանում, որպես այդպիսին, աղբի վերամշակման գործարաններ գոյություն չունեն: Կան մի քանի մանր գործարաններ, բայց դրանք այսպիսի քանակությամբ աղբ վերմշակել չեն կարող»,-նշեց նա:

Տարածքային զարգացման և ներդրումների նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության պետ Արտաշես Բախշյանն այն հարցին, թե արդյո՞ք եվրոպական փորձը կիրառվելու է նաև Հայաստանում, և աղբը վերամշակման ենթարկվելո՞ւ է` պատասխանեց.

«Մենք չպետք է այդ ռեսուրսից ազատվենք ու պարզապես տանենք ու թաղենք: Պետք է վերաշրջանառման մասին մտածենք, և հենց դա էլ օրենքի նպատակներից մեկն է: Բայց մինչև օրենքի այդ նպատակին հասնելը մենք պետք է օրենքի առաջին նպատակի մասին մտածենք, այն է` մարդու առողջությանը վնաս չպատճառելը»:

 Նրա  խոսքով` Հայաստանը աղբավայրերի կառավարման դրական փորձ չունի, բայց եվրոպական ստանդարտների համապատասխան աղբի մաքրումը կնպաստի սակագների բարձրացմանը. «Վերամշակման գործընթացները առաջին փուլ բերելով` մենք անհարկի ճնշումներ ենք ստեղծելու աղբահանության սակագների նոր բարձրացման»:

Սակայն, ըստ տրամաբանության, աղբը վերամշակելով ստանացվելու է նոր արտադրանք, որի շնորհիվ էլ կարելի է զերծ մնալ սակագների թանկացումից։ Սակայն Արտաշես Բախշյանը նշում է, որ այդ գործընթացը չի կարող իրականացվել համայնքապետարանների կողմից,  և դա հնարավոր է միայն մասնավոր ընկերությունների հետ համգործակցության դեպքում:

«Հիմա բանակցություններ են տարվում Հրազդանի ջերմաէլեկտրոկայանի հետ, որտեղ հնարավոր է մենք ունենանք աղբի այրման գործարան, բայց իրենց պահանջն է, որ մենք աղբի նախնական տեսակավորում չանենք: Իրենց համար ամենակալորիական աղբի բաղադրիչները պլաստիկ թափոններն են, և նրանք պայման են դնում, որ այդ պլաստիկ թափոնները առանց տեսակավորելու պետք է մատակարարվի իրենց: Եվրոպական ստանդարտների կիրառումը կբերի սակագնի բարձրացման, և մենք ամեն կերպ փորձում ենք դրանից խուսափել»,-նշեց նա:

Այս ամենի արդյունքում նաև հարց է ծագում, թե արդյոք աղբի վերամշակման համար բավարար միջոցներ չունենալու պայմաններում հնարավոր կլինի օրինախախտին հայտնաբերել․ չէ՞ որ դա էլ է հավելյալ ռեսուրս պահանջում:

Արտաշես Բախշյանի խոսքով` այդ առաջին բացահայտումները նրանց հնարավորություն կտան ստեղծել հիմնադրամներ, որոնց միջոցով էլ կներդրվեն ժամանակակից սարքավորումներ` կարգ ու կանոնին ավելի լավ հետևելու համար․  «Առաջին հայացքից գուցե շատ կարդինալ որոշումներ ենք նախատեսել, բայց հուսով եմ` մեզ ըմբռնումով կմոտենան»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել