Վաճառել են 4700 և 900 ԱՄՆ դոլարի տարբեր տեսակի զենքեր

Նախորդ տարվա նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված  զինված խմբի վնասազերծման գործով դատական նիստի դատավարությունը շարունակվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Այսօր հարցաքննվեցին վկաներ Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, հիմնական գործից անջատված մասով դատապարտվել են, սակայն ներկայումս ազատության մեջ են։ Նրանք հրաժարվեցին ցուցմունք տալ և նրանց նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։

Ստեփան Չիլինգարյանն, ով նախքան կալանավորվելը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակից, նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում հայտնել էր, որ իր կողմից վաճառված զենքերը պատկանել են իր պապին: Նա ցանկացել է վաճառել դրանք ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ նպատակներով պետք է օգտագործեր դրանք Անուշավան Ավետիսյանը: Նա նաև նշել էր,որ Անուշավան Ավետիսյանին զգուշացրել էր, որ զենքերը իրենը չեն՝ գնային սակարկումներից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ, Անուշավան Ավետիսյանին է վաճառել 4700 դոլարի զենք։

Հարություն Հովհաննիսյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ, հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները։ Նա հայտնել է, որ մեղքը չի ընդունում։ Իր հանգուցյալ հոր մեքենայից մի քանի տեսակի զենք է գտել, որոնք վաճառել է Անուշավան Ավետիսյանին 3000 դոլարով։ Չի իմացել, թե Անուշավան Ավետիսյանն ինչ նպատակով պետք է օգտագործեր դրանք։

Նախքան երրորդ վկայի ցուցմունքին անցնելը նիստը ընդհատվեց գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջության վատթարացման պատճառով: Բժշկական առաջին օգնություն ցուցաբերելուց հետո դատական պրոցեսը շարունակվեց:

Գործով վկա Իլիչ Թադևոսյանը դատարանում պատմեց,որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վարդանյանի հետ մեկ անգամ, երբ վերջինս հորն ուզեցել է տանել Քեսաբ պատերազմի մասնակցելու։ Նա հեռախոսով ասել է, որ իր հորից հեռու մնա:  Վկան շեշտում էր, որ հայրն ու ինքը որևէ կապ չունեն հանցավոր գործողությունների հետ:  Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը  հորդորեց կեղծ ցուցմունք չտալ, հակառակ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի սեպտեմբերի 8-ի վճռով Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը դատապարտվել էին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հարություն Հովհաննիսյանը 2015թ. հուլիսին Գյումրիում 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել Անուշավան Ավետիսյանին: Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել:

Լիանա Մարտիրոսյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել