Նորություններ

Ամեն ինչ տանում է ռուսերենը պետական լեզու դարձնելուն. Աշոտ Բլեյան

Ուսուցման ձևի մեջ է խնդիրը, ոչ թե առարկայի ստատուսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ լուսավության նախարարի նախկին պաշտոնակատար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով՝ մարդը ինքը պետք է որոշի այս կամ այն լեզվի կարևորությունը իր համար, և այդ ընտրությունը չպետք է պարտադրվի:

«Ամիսներ առաջ Կրթության և գիտության նախարարությունը հրապարակեց օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, իսկ ռուսերենը, որքան գիտեմ՝ օտար լեզու է: Այնտեղ շատ հստակ գրված է, որ օտար լեզուների մեջ չի կարելի խտրականություն դնել»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ 2017 թվականի միասնական և ավարտական քննությունների արդյունքներն են պատճառը, որով ամբողջ հանրապետությունից միայն 5 հոգի ստացան առավելագույն 20 բալը, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Անգլերենի թեստերը բավականին լավ արդյունքների են բերում: Ինչո՞ւ է հավասար ժամաքանակի պայմաններում, ունենալով խորհրդային երկրի ռուսերենի իմացության ավանդույթը ռուսերենի իմացության մակարդակը ցածր: Իհարկե ուսուցման խնդիր է: Ինչո՞ւ ենք մենք ռուսերենից թելադրություն գրում, իսկ անգլերենից, գերմաներենից՝ ոչ»:

Նրա խոսքով՝ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել այն լեզուներին, որոնք մեզ պետք են, սակայն հանրակրթական դպրոցներում դրանք չեն դասավանդվում:

«Հայաստանում մի կրթահամալիր կա, որտեղ վրացերենը որպես օտար լեզու ուսուցանվում է: Վրաստանը մեր միակ ելքն է դեպի Եվրոպա ու ինչո՞ւ վարցերենի դասավանդումը չի դառնում առանձին հայեցակարգ»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության է դրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման համակարգի զարգացմանն ուղղված  մի նախագիծ:

Նախարարությունը պնդում է, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են  հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել