Արա Ղարագյոզյանի հանդեպ կարգապահական տույժ է կիրառվել

Փաստաբանների պալատի խորհուրդը 12.09.2017թ. քննել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ․ Մարտիրոսյան)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 27.04.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԷԴ/0101/01/16 քրեական գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները:

Փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի՝ դահլիճը լքելու վարքագծում (երբ չի հայտարարվել ընդմիջման տևողություն, երբ դատարանը փաստաբաններին չի ճանաչել, որպես պաշտպան, սակայն կիրառել է պաշտպանների նկատմամբ նախատեսված սանկցիա) Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չի արձանագրել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի դահլիճը լքելու վարքագծում արձանագրել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի խախտում:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները շուտով կհրապարակվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել