Նորություններ

Գերմանիան սառեցրել է Անկարային զենք մատակարարելու գործարքների մեծ մասը

Գերմանիայի դաշնային կառավարությունը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով սառեցրել է Անկարային զենքի մատակարարման գործարքների մեծ մասը:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը:

«Բոլոր խոշոր դիմումները, որոնցով Թուրքիան այժմ մեզ է դիմում, մենք բերել ենք «սպասման ռեժիմի»»,-ընդգծել է երկրի գլխավոր դիվանագետը՝ նկատելով, որ խոսքն իրոք մեծ ծավալով զենքի մատակարարման մասին է:

Սակայն, միևնույն ժամանակ, զենքի մատակարարման որոշակի հատվածն իրականացվում է միջազգային պայմանագրերի շրջանակում, ուստի՝ վաճառքի ամբողջական դադարեցման մասին խոսք չկա:

Բացի այդ, Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի հետ կապված է մի շարք գործընկերային պարտավորություններով, որոնցից Բեռլինը չի կարող հրաժարվել միակողմանի կարգով:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարեսկզբից Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիային ավելի քան 25 մլն եվրո արժողությամբ պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանման որոշմանը: Բայց միևնույն ժամանակ 2016թ. նոյեմբերից ի վեր Բեռլինը Թուրքիային զենքի արտահանման հետ կապված առնվազն 11 գործարքի թույլտվություն չի տվել:

Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ հարկավոր է ամեն ինչ անել կողմերի միջև հարաբերությունները կարգավորելու համար:

Նշենք, որ 2 պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են: Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել