Նորություններ

Բանակը կարիք ունի չռոբոտանալու. Քառօրյա պատերազմի մասնակից

Ծնունդով Թալինցի Մանուել Մանուկյանը 3-րդ դասարանում էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Արմավիրի մարզի Շենիկ գյուղ: Սովորել է տեղի դպրոցում: Ուսումը շարունակել ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարաման ակադեմիայի առաջին կուրսն ավարտել ու 2014 թ.-ին համալրել է Արցախի պաշտպանության բանակի շարքերը: Ծառայությունն անցել է Հադրութում:

-Մանուել, բանակն ամենից առաջ ու՞մն է:

-Բանակը մեր մանկապարտեզներինն ու դպրոցներինն է: Ուժեղ բանակն իրենցից է ձևավորվում: Այսօրվա բանակը հենց իրենցն է: Իսկ առաջնագծում կանգնած զինվորը անմիջական վերահսկողն է:

Երբ զորացրվում էի, հրամանատարը մի տեսակ թախիծով էր ճանապարհում մեզ, ասում էր՝ ես ուրախ եմ, որ այսօր ձեզ հասցնում եմ ձեր ծնողներին, բայց մի բանում տխուր եմ, որ դուք այսքան կայացել եք, բայց հիմա պետք է գնաք: Դառնում է՝ նույն տեղում ենք մնում: Ճիշտ է, մի մասը դառնում են սպա ու շարունակում ծառայությունը, բայց շատ շատերն էլ գնում են, հիմա ի՞նչ, ասենք էլ վե՞րջ, պետք է իրենց ուժն ու կարողությունն էլ այլ ուղղություններով օգտագործել:

ԱԻՆում սովորել ես Հրդեհային պաշտպանության բաժնում, 1 տարվա փրկարարի ուսումը ինչոր կերպ բանակում օգնե՞լ է:

-Առաջին կուրսում սովորել էինք նաև առաջին բուժօգնություն ու Քառօրյայից առաջ ընկերներիցս մեկը մարտական հերթապահության ժամանակ ոտքից հրազենային վիրավորում էր ստացել. հենց այդ դասընթացների շնորհիվ կարողացել եմ իմ ընկերոջն առաջին օգնություն ցույց տալ մինչև շտապօգնության մեքենան հասել է. բարեբախտաբար ամեն ինչ լավ է ավարտվել:

Քառօրյա պատերազմի առաջին ժամերին որտե՞ղ եք եղել:

-Մենք բարձրացանք դիրքեր, հաջորդ օրը՝ ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը սկսվեց: Մենք զգում էինք, որ կրակոցների տարբերություն կա: Իրենք սկսեցին ավելի շատ կրակել, հետո արդեն տեղեկություն եղավ, որ մեր կողքի դիրքերը մեծ ուժով ճեղքում են: Անցանք մարտական հաշվարկի, թաքստոցներ մտանք ու սկսեցինք պաշտպանվել. հրամանի էինք սպասում:

Առաջնագծում մնացել ենք մինչև ամսի 18-ը: Կամավորներ պետք է գային, բայց մեզ մոտ այդ օգնությունն այդքան հարկավոր չէր: Առաջնային էր Թալիշը: Հետո մեզ մոտ էլ եկան կամավորներն ու թե՛ իրենց գալը, թե՛ ամբողջ ազգի արձագանքը մեզ օգնում էր էնպես, որ զգում էինք՝ մենք մենակ չենք: Բայց իրենց գալուց հետո էլ ամենամեծ պատասխանատվությունն էլի մեզ վրա էր, ոնց որ ես գամ ձեր տուն ու ուզեմ ձեր տան մեջ ավելի լավ իմանամ սենյակները, տեղերը:

Ոնց էստեղի համար է սահմանն առաջնագիծ, մեզ համար էլ տունն էր առաջնագծի պես ընկալվում

Ի՞նչն է նպաստում բանակի զարգացմանը:

-Զինտեխնիկան, այստեղից գնացած սերունդի մտածելակերպն ու մակարդակը: Լինելով որպես կրտսեր հրամանատար, այնտեղ էլ հասկացել եմ, որ ամենամեծ բեռը մնում է բանակի վրա, բայց իրականում այդ խնդիրները լուծելու համար մեզ պետք է հենց էստեղ աշխատանքները սկսել, ինչ-որ գործ անել:  Ուշադրությունը կենտրոնացնել մանկապարտեզների ու դպրոցների վրա, որտեղից որ հիմքն է ձևավորվում, որի վրա հիմնվում է բանակը: ՈՒ հենց այն, որ բանակ են գնում սովորած, խելացի, մտածող տղերք, իրենց հետ ավելի հեշտ է աշխատել, իսկ խուլիգանական բարքերով տղաների վրա ժամանակն ավելի շատ է ծախսվում ու բանակն էլ այսօր այնքան կայացած չէ, որ կարողանա հա՛մ մարտական գործողությունների պատրաստվի, հա՛մ շատ խնդիրներ կատարի ու կայացած, հասուն մարդուն կարողանա դաստիարակի:

Բանակն աճող օրգանիզմ է ու ինքն անընդհատ փոփոխվում է:

Թշնամու հետ դեմ առ դեմ առճակատումը կանխած երիտասարդը հպարությամբ էր պատմում, որ իր ու իր խմբի պահած դիրքին թշնամին չի կարողացել հասնել: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել կռվի ընթացքը:

Բանակում վեճեր շա՞տ են լինում:

-Բանակ եկած հասուն, կայացած  մարդու դաստիարակությամբ զբաղվելը հոգեբանական և այլ առումներով շատ դժվար է ու դրանք կուտակվում են: Դրա համար բանակում լինում են դեպքեր, որ հրամանատարները չկարողանալով հեշտ լուծումներ գտնել, ինչ-որ տեղ խփում էլ են, կռիվներ էլ են լինում: Երևի մի զինվոր չկա, որ կռիվ արած չլինի: Տունը որ տուն է երկու հարազատ եղբայրներ իրար հետ կռվում են: Բայց դա պետք է իր չափն ու սահմաններն ունենա ու ամեն ինչ պետք է վերահսկվի, վերացվի և՛ ինքնասպանության դեպքերը, և՛ լուրջ կռիվները: Նման հարցերը ձևավորվում են բանակից առաջ էլ:

Որքանով որ տեղյակ եմ, ապրիլյան դեպքերի ժամանակ՝ հենց դիրքերում եղած օրերին որոշել էիք, որ եթե ողջ մնաք ու ամեն ինչ բարեհաջող ավարտվի, հետ կվերադառնաք ու ամեն ինչ չկորցնելու համար ինչոր կազմակերպություն կստեղծեք, որն էլ դարձավ «Դիրքապահ» հասարակական կազմակերպությունը:

«Դիրքապահը» ծնվեց խրամատներում

Հենց այնտեղ հասկացանք, թե ինչ կարևոր գործ ենք անում: Ընկերներ ունենք որ ողջ չեն այսօր, իրենց կյանք տվեցին հանուն մեր կյանքի: Ու հիմա, եթե մենք գանք ու չուզենանք ոչինչ անել… Իրենց ծնողները մեր ծնողներն են արդեն:

Գիտենք, որ փորձը լավագույն ուսուցման տարբերակն է և այդ փորձի հիման վրա մարդիկ շատ բան են սովորում, իսկ այօսր այդ փորձառու տղեքը Քառօրյայի մասնակից տղաներն են: Եվ հիմա կորցնել այդ ուժը, կոպիտ ասած, հիմարություն եմ համարում: Ադրբեջանը մեծ գումարներ է պատրաստում փորձառու զինվորներ ունենալու համար, իսկ մեր պետությունն արդեն տեսավ, որ ունի այդ ուժը ու հիմա մի քայլ է մնում անել՝ պահել դա, միավորել այդ տղաներին: Մենք ազատ ու անկախ են, պատրաստ համագործակցել ցանկացած անհատի, կազմակերպության հետ:

«Դիրքապահի»   անդամները դեռ 2 տասնյակի չեն հասնում, նրանք տարբեր զորամասերում ծառայություն անցած Քառօրյա պատերազմի մասնակից տղաներն են: Մանուելն իր խոսքում անընդհատ նշում էր, որ պետք է ամեն ինչ անել, այդ ուժը պահելու համար, նրանց պետք է ինչ-որ կերպ իրար կապել:

-Զորացրվելուցդ հետո մոտ մեկ տարի է անցել, ի՞նչ ես հասցրել անել:

-Հասցրել եմ մեկ տարի էլ սովորել, շարունակել եմ ուսումս: Իսկ զորացրվելուց անմիջապես հետո նախագիծ եմ ներկայացրել Պաշտպանության նախարարությանը՝ «Դիրքի ավագների պարտադիր կրթություն». Սեյրան Օհանյանն ընդունեց ինձ, քննարկել ենք ծրագիրը, կարգադրեց, որ իրականացնեք, բայց մի որոշ ժամանակ հետո նա դուրս եկավ Պաշտպանության  նախարարի պաշտոնից ու դա այդպես էլ մնաց:

Մանուելը պատրաստվում է ծրագիրը ներկայացնել ներկայիս նախարարին՝ Վիգեն Սարգսյանին և հուսով է, որ դրական պատասխան կստանա:

-Ի՞նչն է կաղում մեզ մոտ: Առաջնային ինչի՞ պակաս կա:

-Ուշադրության: Եթե անհրաժեշտ է եղել մենք սոված էլ ենք կարողացել մնալ, ցանկացած զինվոր նման ամեն ինչին էլ կդիմանա, բայց երբ զինվորն իմանում է, որ իր ծնողներն էստեղ լավ չեն, սոցիալակն խնդիրներ ունեն, ընկնում են հոգեբանական ծանր դրության մեջ: Արդեն ոչ մի բանի պատրաստ չի կարող լինել այդ զինվորը: Նեղված լինի, մեկի հետ մի քիչ լավ չխոսա ու հերիք է արդեն վեչի համար: Պետությունը պետք է զինվոր ունեցող ընտանիքին ուշադրություն դարձնի, զիջող լինի, մինչև իրենց զինվորն իրենց հասնի:

-Հայ զինվորի մոտ զգոնության պակաս կա՞

-Երբ երկար ես արդեն լինում ծառայության մեջ, ամեն ինչ սովորական է դառնում: Առաջին անգամ երբ դիրքեր ես բարձանում՝ զգոն ես, մի քիչ վախ կա… Սկզբում ասում էի, որ առաջնագծից գլուխս ոչ մի դեպքում չեմ բարձրացնի, ինչ էլ լինի, ինչ էլ ասեն, բայց հետո, երբ մի քիչ մնում ես, սովորում ես, էլ ուշադիր չես լիոնւմ ու դեպք է պատահում: Դա մի ամիս զգոնություն է տալիս, հետո նորից քիչ-քիչ թուլանում է ազդեցությունը ու էլի նույնը: Դրա համար ամեն օր բանակը կարիք ունի չռոբոտանալու:

Լուսանկարները՝ Մանուել Մանուկյանի անձնական արխիվից

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Ֆոտոշարքը՝ Ալեքսանդր Սարգսյանի

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել