Նորություններ

Երիտասարդ բժիշկներին համագործակցության առաջարկ է արվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, ապա ընդգծել, որ բժիշկների երիտասարդական կառույցներից ակնկալում է համագործակցություն առաջին հերթին  կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման գործում։

«Այս ոլորտում մենք լրացուցիչ ներուժի անհրաժեշտություն ունենք։ Անգլերենին տիրապետող մեր երիտասարդ բժիշկները կարող են իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրում»,-­ասել է նախարարը։

Այնուհետև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանը երիտասարդ բժիշկներին ներկայացրել է, որ կլինիկական ուղեցույցներն ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված փաստաթղթեր են, որոնք ներառում են որոշակի  հիվանդության, համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարման ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը։ Նա նաև նշել է, որ դրանց նպատակը հիվանդի արդյունավետ բուժման ապահովումն է և կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացնելու գործում աջակցումը բուժաշխատողներին։

 Հարություն Մանգոյանն ընդգծել է, որ եթե կլինիկական ուղեցույցը խորհրդատվական փաստաթուղթ է և բժիշկն իրավունք ունի ապացուցողական բժշկությամբ հիմնավորված առանձնահատուկ որոշում կայացնելու, ապա պացիենտի վարման գործելակարգը պարտադիր պահանջ է:

 Նա երիտասարդ մասնագետներին ներկայացրել է, թե հատկապես որ մասնագիտությունների և նոզոլոգիաների ուղղությամբ են անհրաժեշտ լրացուցիչ ուժեր։ Հարություն Մանգոյանը պատրաստակամություն է հայտնել կարևոր և պատասխանատու գործընթացին միացող երիտասարդ բժիշկների հետ ևս մեկ հանդիպում ունենալ և առավել հանգամանալից ներկայացնել արդեն թարգմանված ուղեցույցներն ու գործելակարգերն ազգային փաստաթուղթ դարձնելու մեթոդաբանությունը։

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի ղեկավար Նարեկ Վանեսյանը վստահեցրել է, որ նախարարության գերակա ծրագրերին աջակցելու նպատակով կազմակերպությունն իր շուրջը լրացուցիչ ուժեր կհամախմբի։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել