Ահաբեկչության վերաբերյալ սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ քր.գործ է հարուցվել. պարզվել են մի շարք հանգամանքեր

ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։

2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի  շենքում պայթուցիկ սարք  տեղադրված լինելու վերաբերյալ։ Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել և պայթուցիկ շենքում չէր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների՝ հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի  բնակչուհի, ով հարցաքննվել է։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել