Նորություններ

Անահիտ Բախշյանն անդրադարձել է մանկապարտեզներում ընդունելության գործընթացի անօրինական քայլերին

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա որոշ անօրինական քայլերին:

«ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, նշանակում է համայնքի պարտավորությունն է ապահովել այդ իրավունքի իրականացումը:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) կետով նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ է մտնում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ) կետով՝ նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որը նշանակում է 0-6 տարեկան երեխաների հերթագրում՝ ըստ մանկապարտեզների :

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անձի ուսուցման եւ դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագրերով:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախադպրոցական տարիքը սահմանվում է. «2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ տարիք` մինչեւ 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչեւ 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչեւ 6 տարեկան»:

5. Օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք, որը նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե հերթը հասնել է:

 Այսպիսով, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երեւանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել:

Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է երեխային մանկապարտեզ չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ:

Հավելեմ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»:

Այնպես որ, Երեւանի մանկապարտեզներում երեխաների հաշվառման, հերթագրման եւ ընդունելության գործընթացում առկա անհիմն որոշումների վերանայման եւ օպտիմալացված դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկման առաջարկով դիմել եմ Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով հրավիրել հանձնաժողովի նիստ, որին Երեւանի ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն, կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել