Նորություններ

ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԲԱՆԴԻՏԻԶՄ» ՀԱՆՑԱԿԱԶՄՈՒՄ

Իրավաբան
Սարգիս Մադաթյան
Մայիս 2007թ.

Բանդիտիզմը հանդիսանում է խմբակային հանցավորության առանձնահատուկ դրսևորումներից մեկը, որն օժտված է բարձր հանրային վտանգավորությամբ և դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին: Ներկայումս բանդան բնութագրվում է որպես 2 կամ ավել անձից բաղկացած կազմակերպված, կայուն, զինված խումբ, որի անդամները նախապես միավորվել են անձանց կամ կազմակերպությունների վրա մեկ կամ մի քանի հարձակումներ գործելու նպատակով: Այստեղից էլ ակնհայտ են դառնում բանդային բնորոշ հատկանիշները, այն է. 1. երկու կամ ավել անձանց առկայությունը, 2. կազմակերպվածությունը, 3. կայունությունը, 4. զինվածությունը, 5. անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակումներ գործելու նպատակը:
ՀՀ 2003թ.-ի քրեական օրսենգրքի իմաստով բանդայի առումով խմբի առկայության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ դրա կազմում միավորված լինեն հանցագործության սուբյեկտի հատկանիշներով օժտված առնվազն երկու անձ: Հակառակ պարագայում, եթե երկու հոգուց բաղկացած խմբի անդամներից մեկն անմեղսունակ է կամ չի հասել բանդիտիզմի համար պատասխանատվության ենթարկվելու տարիքի (16 տարեկան), ապա բանդիտիզմի հանցակազմը կբացակայի: Նման դեպքերում խմբի այն անդամը, ով օժտված է հանցագործության սուբյեկտի հատկանիշներով, պատասխանատվության կենթարկվի կոնկրետ հանցագործության համար, որը կատարվել է այդ «խմբի» կողմից, կամ էլ կոնկրետ հանցագործության (հանցագործությունների) նախապատրաստության համար: Իհարկե, այսպիսի մոտեցումն անչափահասների և անմեղսունակների առումով ունի իր օրենսդրական հիմնավորումը, սակայն որոշ հեղինակներ արտահայտել են նաև այլ կարծիքներ, ինչը, սակայն, բավարար հիմնավորում չունի:
Ընդհանուր առմամբ խումբը սոցիալական հանրույթի տեսակ է, հասարակական կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված միություն: «Խումբ» սեռային հասկացության համար «հանցավոր խումբը» տեսակային հասկացություն է:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1947թ.-ի հուլիսի 4-ի «Պետական և հասարակական գույքի հափշտակության համար քրեական պատասխանատվության մասին» և «Քաղաքացիների անձնական սեփականության պահպանման ուժեղացման մասին» հրամանագրերի ընդունումից հետո շայկան սկսեցին անվանել կազմակերպված խումբ, և դատավորներն ու քրեական իրավունքի տեսաբանները կամայականորեն, անտեսելով «շայկա», «հանցավոր համագործակցություն» տերմինների պատմական իմաստն ու բովանդակությունը, սկսեցին երկու անձանց մասնակցությամբ թեկուզև մեկ հանցագործության կատարումը համարել կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված: Այս մոտեցումը հետագայում օրենսդրական ամրագրում ստացավ ՀԽՍՀ 1961թ.-ի և ՀՀ 2003թ.-ի քրեական օրենսգրքերում:
Հարկ է նշել նաև, որ կազմակերպված հանցավոր խմբերի անդամների քանակական հատկանիշի մասին մասնագիտական գրականության մեջ արտահայտվում են նաև այլ կարծիքներ: Մասնավորապես, ըստ Ա.Ֆ.Զելենսկու, հանցավոր խմբի կազմակերպվածության և համակարգային կառուցվածքի մասին կարող է խոսք լինել միայն հարաբերականորեն մեծ թվով մարդկանց միավորման ժամանակ: Դեռևս 1903թ.-ի Ռուսաստանի քրեական օրենսգրքի հեղինակները բացատրական զեկույցում, հղում կատարելով Սենատի մեկնաբանությունների վրա, նշում էին, որ հանցավոր խմբավորումը (շայկան) կարող է առկա լինել դրանում ոչ պակաս, քան 3 անձի մասնակցությամբ, քանի որ հենց այդ թվի դեպքում է շայկան ձևավորված համարվում:
Չնայած խմբի ադամերի թվի վերաբերյալ գրականության մեջ առկա բազմաթիվ ուսումնասիրություներին, հարցը վերջնականապես չի կարելի լուծված համարել, քանի որ դրա վերաբերյալ արտահայտված տեսակետներն էականորեն տարբերվում են միմյանցից: Փոքր խմբի սահմանային («սկզբնական» կամ «կոնտակտային») քանակը արտահայտվում է հետևյալ քանակական մեծություններով՝ 2-7 անձ (Վ.Բոգոսլովսկի), 6-7 (Դ.Ջեյմս), 2-20 (Գ.Անտիպին), 3-45 (Վ.Իվանով) և այլ: Չնայած, որ հետազոտողների մեծ մասի կարծիքով փոքր խումբն «սկսվում» է դիադայից՝ գրականության մեջ իրավացիորեն ուշադրություն է դարձվում այս տեսակի միկրոհարաբերություններում ներխմբային հարաբերությունների բնույթի որոշակի «կրճատմանը», որը չի արտացոլում ծավալով մեծ (օրինակ՝ տրիադա) խմբերում առկա միջանձնային կապերի ամբողջականությունը: Ռ.Կրիչևսկու կարծիքով դիադան չի կարող հավակնել փոքր խմբի ունիվերսալ մոդելի դերին: Հիմնավորված է, որ զույգին 3-րդ անձի ավելացումն ունի առավել էական հետևանքներ, քան 4-րդ, 5-րդ և ավելի անդամների ավելացումը: Յան Շեպինսկին այս առումով նշել է. «Մենք խումբ կանվանենք որոշակի թվով անձանց (երեքից ոչ պակաս), որոնք կապված են կարգավորվող ինստիտուտներով, համակարգային հարաբերություններով, ընդհանուր արժեքներով…»:
Վերոգրյալ տեսակետների համեմատական վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ բանդան` որպես հանցավոր խմբավորման տարատեսակ, օժտված է կազմակերպվածության և կայունության բարձր մակարդակով, համակարգային կառուցվածքով, իսկ այս հատկանիշները, մեր կարծիքով, 2 անձից բաղկացած «խմբում» ըստ էության արտահայտվել չեն կարող: Երկուսը զույգ են, ոչ թե խումբ, քանի որ խումբը միշտ էլ երկուսից ավել է: Երկու անձից բաղկացած կառույցում չի կարող լիարժեքորեն դրսևորվել նաև ընդհանուր նշանակության ձեռքբերումների վրա հիմնված կոլեկտիվ ինքնագիտակցությունը, որը միջանձնային հարաբերությունների խմբային դրսևորման կարևորագույն նախապայմանն է: Հանցավոր խմբավորումների` մեր կողմից ընդունելի քանակական հատկանիշն իր դրսևորումն է ստացել մի շարք արտասահմանյան երկրների օրենսդրության մեջ: Օրինակ՝ Իտալիայի քրեական օրենսգրքիի 416 և 416 bis հոդվածներում նշվում է, որ քրեական խմբավորման անդամների նվազագույն թիվը 3-ն է:
Հարկ է նշել նաև, որ ի տարբերություն 60-80-ական թվականների, երբ բանդաները, որպես կանոն, բաղկացած էին (ըստ պաշտոնական վիճակագրության տվյալնների) 3-5 հոգուց, ապա վերջին ժամանակներս այն հասնում է 20-100-ի: Սա պայմանավորված է հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով՝
ա) բանդայի կազմում նոր կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորմամբ, այն է՝ հետախուզական, հակահետախուզական, տեղեկատվության հավաքման, սեփական անվտանգության ապահովման, հսկիչների ստորաբաժանումերը և այլն:
բ) հանցավոր խմբավորումների միջև ազդեցության ոլորտների փոփոխմանը բանդիտական խմբերի մասնակցությամբ, որը բանդայի ղեկավարներին ստիպում է մեծացնել իրենց անդամների քանակը, որպիսի կարողանան հակազդել մրցակիցներին և որպիսի «մարտական կորուստները» խմբի վրա ծանր չնստեն:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել