Նորություններ

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից:

Նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ ծավալվել է լայն քննարկում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել:

Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ: Բացի այդ, ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ:

Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին, անհրաժեշտության դեպքում քննարկելով այլ շահագրգիռ մարմինների հետ, ամբողջականացնել փաստաթուղթը՝ ներկայացնելով այն կառավարության քննարկմանը: 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել