Նորություններ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նախագիծն ընդունվեց

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման են հանձնվում «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ամբողջությամբ հանդիսանում է պետական սեփականություն: Կառավարությունը հաշվի է առնում, որ «Տաշիր Կապիտալ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 70% բաժնետոմսերի սեփականատերն է, և որ վերջինս ու «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն ունեն էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման, ինչպես նաև հաղորդման և բաշխիչ ցանցի սպասարկման և շահագործման անհրաժեշտ փորձառություն:

Սույն Պայմանագիրը գործում է հինգ տարվա ընթացքում:

Որոշման նախագծի ընդունման նպատակը «ԲԷՑ» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացումն է:

«ԲԷՑ» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդումն է, հաղորդման ցանցի սպասարկումը և շահագործումն է: Ընկերության գործունեության ուղղություններից է նաև հաղորդման ցանցի ընդլայնումը և զարգացումը, իր տնօրինության տակ գտնվող հաշվիչների նորոգումը և ստուգաչափումը, էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի նախագծումը և կառուցումը, ինչպես նաև՝ հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրական էներգիայի արտադրությունը:

«ԲԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվում են թվով 15՝ 220 կՎ և 110 կՎ ենթակայաններ (2561 ՄՎԱ ընդհանուր հզորությամբ), մեկ՝ 220 կՎ փոխանջատման կետ («Ագարակ») և 330, 220 և 110 կՎ օդային գծեր (1914,7 կմ ընդհանուր երկարությամբ), «Լոռի» հողմաէլեկտրակայանը՝ 2,64ՄՎտ հզորության: Ընկերությունն ունի 8 մասնաճյուղ:

«ՀԷՑ» ՓԲԸ-ն Հայաստանի տարածքում իրականացնում է էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման գործունեություն: Ընկերությունը էլեկտրական էներգիայի հաղորդման համար օգտագործում է իրեն պատկանող 0,4-110 կՎ լարման օդային և մալուխային գծերը, ենթակայանները և բաշխման կետերը:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվում են բարձր լարման (110 կՎ և 35 կՎ)` թվով 328 ենթակայաններ (6214 ՄՎԱ ընդհանուր հզորությամբ) և էլեկտրահաղորդման օդային գծեր (5100 կմ ընդհանուր երկարությամբ): Ընկերությունն ունի 9 մասնաճյուղ:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, թե «ԲԷՑ» ՓԲԸ-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին ունի մի շարք առավելություններ, մասնավորապես`

1) ծախսերի օպտիմալացման տեսանկյունից`

«ԲԷՑ» և «ՀԷՑ» ՓԲԸ-ների (այսուհետ՝ երկու ընկերություններ) բարձր լարման ցանցերի և ենթակայանների (այսուհետ՝ բարձր լարման ցանցեր) սպասարկումը և շահագործումը կիրականացվի նրանցից առավել մասնագիտացված՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից և վերջինս «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող բարձր լարման ցանցերի սպասարկման և շահագործման դիմաց կստանա ծառայության վճար: Նշված գործառույթի «կենտրոնացման» արդյունքում երկու ընկերություններում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ: Կիրառելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի ընթացիկ ծախսերի օպտիմալացման փորձը՝ հնարավոր կլինի «ԲԷՑ» ՓԲԸ-ում բարձրացնել ապրանքանյութական արժեքների օգտագործման և ծառայությունների ձեռքբերման արդյունավետությունը և համակարգված կառավարման արդյունքում հասնել գների էական նվազման:

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման պայմաններում երկու ընկերություններում բարձր լարման ցանցերի վերանորոգման և նյութական ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում հնարավոր կլինի տնտեսել սակագներով նախատեսված միջոցների շուրջ 20%-ը:

2) Ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյունից`

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման պայմաններում.

  •  կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ,
  •  միասնական կառավարումը կնպաստի ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում համապատասխան ծառայությունների համագործակցությանը, օպերատիվ որոշումների ընդունմանը, կբարելավի պատասխանատվության բաշխումը համապատասխան օղակների մեջ և կնվազեն սխալների հավանականությունը,
  •  տեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը կապահովի օգտագործվող սարքավորումների, տեխնոլոգիաների և գործառույթների միասնականությունը, կբացառվեն անհամատեղելի սարքավորումների կիրառումը և գործառույթները, կկիրառվեն տեխնիկայի զարգացման տեսանկյունից նույն սերնդի սարքավորումներ, տեխնոլոգիաներ և միասնական ինովացիոն մոտեցումներ,
  • վերջնական սպառողների շահերի տեսանկյունից ներդրումների միասնական կառավարումը և տեխնիկական քաղաքականության իրականացումը կնպաստի էլեկտրաէներգետիկ համակարգի անվտանգության բարձրացմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, որոնց արդյունքում կնվազեն անջատումների քանակը և կկրճատվեն վթարների վերացման ժամկետները:

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ» ՓԲԸ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունը այլևս չի հանդիսանա «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ՝

  • «ԲԷՑ» ՓԲԸ-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով,
  • Բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման և զարգացման համար անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման համար,
  • Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև “Դդմաշեն” և “Այրում” ենթակայանների կառուցման համար,

ձերբազատելով պետության երաշխիքով ներգրավվող միջոցները և հնարավորություն տալով դրանք նպատակաուղղել այլ նպատակների:

Նախատեսվում է կազմակերպել էլեկտրաէներգետիկական սարքավորումների (տրանսֆորմատորների, մեկուսիչների, անջատիչների, ռելեական պաշտպանության և այլն) և փոխանցող հարմարանքների (հաղորդալարերի, ինքնավարար մեկուսացված օդային գծերի և այլն) արտադրություն Հայաստանում, որոնց օգտագործողները հիմնականում կլինեն «ՀԷՑ» և «ԲԷՑ» ՓԲԸ-ները:

Այս գործընթացները հնարավոր կլինի իրականացնել երկու ընկերությունների միասնական (համալիր) ներդրումային ծրագրերի շրջանակներում և դա թույլ կտա արտադրության մեծ ծավալների պայմաններում ունենալ ցածր ինքնարժեք, ինչն էլ կբերի «ՀԷՑ» և «ԲԷՑ» ՓԲԸ-ներում ձեռքբերումների գծով ծախսերի էական նվազման:

Էլեկտրաուժային սարքավորումների և փոխանցող հարմարանքների տեղական արտադրությունը նախատեսվում է կազմակերպել բարձր համբավ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սկզբնական փուլում հավաքակցման, այնուհետև՝ ամբողջական արտադրության կազմակերպման եղանակով: Արտադրանքի իրացման շուկաները կլինեն նաև Եվրասիական տնտեսական միության երկրները, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, ներառյալ բարձր որակավորման և բարձր վարձատրվող աշխատատեղեր (շուրջ 1200 մարդ), այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել ուսումնական և վերապատրաստման գործընթացներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել