Նորություններ

Հայաստանը և Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականությունը միտված է ընդլայնելու համագործակցությունը նաև արևելյան գործընկերների հետ և հաստատելու ուղիղ օդային հաղորդակցություններ այս ուղղություններով: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն Արևելքում ՀՀ-ի ստրատեգիական գործընկերներից է, և այս պետության հետ հարաբերությունների զարգացմանը համահունչ, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայել գործող իրավապայմանագրային դաշտը:
Այսպես, չին գործընկերների հետ բանակցությունները 2017 թվականին տվել են սպասված արդյունքը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների:
ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, ողջունելով չին գործընկերներին, ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում նաև՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը, որոնք ևս միտված են երկու երկրների միջև համագործակցության խթանմանը:
Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:
Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:
Տեղեկացնենք, որ համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:
Հայկական պատվիրակությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգից ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը:
Հիշեցնենք, որ 1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը և առաջացել էր վերանայման անհրաժեշտություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել