ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Իրավաբան
Արմինե Ավետիսյան
Հուլիս 2007թ.

Ցանկացած իրավական երևույթ սոցիալական ոլորտի հետ հարաբերակցվում է մի քանի մակարդակով. նախ` սոցիալական գործոններն են կանխորոշում այն շահերը, որոնք պետք է ենթարկվեն իրավական պաշտպանության, ապա` դրանց իրավական պաշտպանության արդյունքում նույն սոցիալական ոլորտը կրում է որակական փոփոխություններ և միաժամանակ իր կնիքն է դնում իրավական զարգացումների ուղղվածության բովանդակային հստակեցման գործընթացների վրա:
Սնանկության ինստիտուտը, ենթարկվելով զարգացման ընդհանուր օրինաչափություններին, անցել է երկարատև ուղի` պատմական ընթացքի ամեն մի փուլում արտացոլելով սոցիալ-տնտեսական կացութաձևի ու գաղափարական արժեքների համապատասխան մակարդակը:
Միայն զարգացած տնտեսական հարաբերությունների առկայությունն է պայմանավորել այնպիսի նյութական և դատավարական նորմերի առաջացումը, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են սնանկության ինստիտուտը` որպես պարտապանի և պարտատիրոջ հարաբերությունները կարգավորող առանձին իրավական միավոր:
Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները աշխարհում գործում էին սնանկության երկու մոդելներ` ա) անգլոսաքսոնական, որն առավելապես ուղղված էր պարտատերերի շահերի պաշտպանությանը, բ) ամերիկյան, որն ուղղված էր պարտապանի շահերի պաշտպանությանը: Այսօր արդեն իսկ գործում են սնանկությայն հինգ մոդելներ` ծայրահեղ պրոպարտապանական, ծայրահեղ պրոպարտատիրական, սրանց միջանկյալ տարբերակները և չեզոք մոդելը: Եվրոպական միության շրջանակում մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժը, տնտեսական կապերի ընդլայնումը և վերևում արդեն իսկ ընդգծված մի շարք հանգամանքներ պայմանավորեցին սնանկության ինստիտուտի որոշակի տարրերին միջազգային իրավական կարգավորում տալը: Ասվածի համատեքստում ընդունված ակտերից են ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի կողմից 1997 թվականի Անդրսահմանային սնանկության մասին տիպային օրենքը, Եվրոմիության 1995 թվականի հունիսի 5-ին Ստամբուլում ընդունված «Սնանկության որոշ միջազգային հարցերի մասին» եվրոպական կոնվենցիան:
Սնանկության մասին օրեսդրությունը հետխորհրդային Հայաստանի օրենսդրության առավել արագ փոփոխություններ կրող և զարգացող ինստիտուտներից մեկն է: Ցարական Ռուսաստանի մասը հանդիսացող Հայաստանը սնանկության կարգավորման սեփական իրավական տարբերակ չի ունեցել, իսկ 1917 թվականից հետո սնանկությունը` որպես քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունների կարգավորման առանձին ձև, խորհրդային կարգերի համար, բնականաբար, դարձավ ոչ պիտանի: 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց նաև այս ոլորտի համար իրավական կարգավորման ճիշտ ու արդարացված մոդելների փնտրտուքը, որի հետևանքը 1995, 1996, 2003 և 2006 թվականներին ընդունված օրենքներն էին: 1995 թվականի հունիսի 15-ի «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» ՀՀ օրենքն առաջին փորձն էր, որը հստակ դատավարական ընթացակարգեր չունենալու և մի շարք այլ թերությունների հետևանքով կիրառություն չունեցավ: Հետևանքն եղավ այն, որ մեկուկես տարի անց` 1996 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունվեց նոր օրենք «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքն ավելի էր համապատասխանում տնտեսական զարգացման հեռանկարներին, մանրամասն կարգավորում էր սնանկության ընթացակարգերը: Օրենքն որոշակիորեն հաշվի էր առնում նաև անցումային ժամանակաշրջանի առանձնահատկությունները, մասնավորապես` կապված սեփականաշնորհման ենթակա կազմակերպությունների սնանկացման վարույթի հետ: 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքը նշված օրենքներից որակապես տարբերվում է, սակայն այն ևս ուներ մի շարք թերություններ: Բոլորովին վերջերս` 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդուվեց «Սնանկության մասին» ՀՀ նոր օրենքը (այսուհետև` Օրենք):
Իրականացված իրավական փնտրտուքների արդյունքում, սակայն, այսօր մեր հանրապետությունում գործող, սնանկության իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերը իրենց ամբողջականության մեջ չեն ձևավորում մեկ միասնական իրավական հայեցակարգ ներկայացնող մոդել, չունեն հանրության սոցիալական պաշտպանություն իրականացման համար անհրաժեշտ ծանրաբեռնվածություն, այս ոլորտում առաջացող հարաբերությունները կարգավորվում են ոչ լիարժեք, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բացասական հետևանքների քաղաքացիական շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց, հետևաբար նաև` ողջ հասարակության և պետության համար:
Սնանկությունը դատարանի կողմից հաստատված պարտապանի անկարողությունն է ամբողջությամբ բավարարելու դրամական պարտավորություններով իր պարտատերերի պահանջները կամ կատարելու պարտադիր վճարումներով իր պարտականությունները՝ օրենքով նախատեսված ժամկետներում:
ՀՀ-ում որպես սնանկության արտաքին հատկանիշ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը (500.000 դրամ) գերազանցող դրամական պարտավորությունների կատարման 30-օրյա ժամկետով կետանցը: Քննարկենք այսպիսի չափանիշների ընտրության հիմնավորվածությունը: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող դրամական պարտավորությունները 30-օրյա ժամկետում չկատարած մանր ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելը գուցե և տրամաբանական է, բայց մեծածավալ և բազմակողմանի տնտեսական գործունեություն ծավալող, մի քանի հարյուր բաժնետեր ունեցող ընկերության համար` ոչ պիտանի: Վերջինս կարող է որոշակի մակրոտնտեսական նպատակների հասնելու համար վարել այնպիսի քաղաքականություն, որ նման մասշտաբների վճարումների կատարումն ընդհատելը և դրա համար գույքային պատասխանատվություն կրելը լինի նրա համար շատ ավելի ձեռնտու, քան պարտականությունները ժամանակին կատարելը: Բնականաբար, նման պարագայում սնանկության վարույթ հարուցելու համար դատարան դիմելը բացասաբար կանդրադառնա տվյալ իրավաբանական անձի հեղինակության վրա, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արտադրական խոշոր վնասների: Սակայն չպետք է մոռանալ նաև քաղաքացիական կարգապահության մասին` բացառելով կամայականությունների անթույլատրելի դրսևորումները: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ տարբերակված մոտեցման կիրառումը կարող է լինել արգասաբեր և ապահովել քաղաքացիական շրջանառության կայունությունը:
Ավելորդ չէր լինի ընդգծել, որ այս` արտաքին հատկանիշի կիրառումը պետք է հնարավորություն տա ժամանակին «կռահելու» գործարարության սուբյեկտի փաստացի բացարձակ անվճարունակության վտանգը և ժամանակին ձեռք առնված միջոցառումների շնորհիվ վերականգնելու դրա կենսունակությունը:
Սնանկության բովանդակային հատկանիշի ( պարտապանը վճռի կայացման պահին ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (ենթադրվում է, որ խոսքը պարտավորությունների լրիվ կատարման անհնարինության մասին է) կամ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը) կիրառումը լայն տարածում չունի (Գերմանիա, ՌԴ): ՀՀ-ում Օրենքն այս հատկանիշը պարտադիր կարգով կիրառելի է դարձնում միայն այն դեպքում, երբ սնանկ ճանաչվելու համար դատարան է դիմում հենց ինքը` պարտապանը: Հասկանալի է, որ այս դեպքում պարտատանի համար հեշտ է իր գույքի անբավարար լինելը հաստատող փաստեր և տվյալներ ներկայացնելը, որոնք հավաստվում են նրա կողմից ներկայացվող Օրենքի հոդված 13-ով նախատեսված փաստաթղթերով: Պարտատերը ևս կարող է այս հիմքով պարտապանի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու նախաձեռնող դառնալ, սակայն նա կարող է կիրառել նաև սնանկության արտաքին հատկանիշը:
Օրենսդրական պարտադիր ամրագրման կարիք ունի այն նաև դրույթը, համաձայն որի, անձը չի կարող սնանկ ճանաչվել և դատարանում սնանկության վերաբերյալ գործ չի կարող քննվել, իսկ դրա քննության ընթացքում բացահայտվելու դեպքում` այն ենթակա է կարճման, եթե պարտապանն ունի միայն մեկ պարտատեր: Այս դեպքում պարտապանի նկատմամբ ունեցած դրամական պահանջների վերաբերյալ գործերը ենթակա են քննության և բավարարման քաղաքացիական դատավարության ընդհանուր հայցային վարույթի կարգով: Նշված նորմի բացակայության պատճառով միայն մեկ պարտատիրոջ առկայությամբ սնանկության վերաբերյալ գործերի քննումը դատարանում ուղղակիորեն հակասում է այս ինստիտուտի դերին և նշանակությանը` դրանով կարգավորվող հատուկ մեխանիզմների կիրառումը դարձնելով անիմաստ:
Էական բարեփոխումների կարիք ունեն նաև պարտատերերի ժողովի և խորհրդի իրավասությունները: Նշված կառույցներն այսօր սնանկության գործընթացի վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող` անհրաժեշտ լիազորությունները չունենալու պատճառով: Բացի դրանից՝ պետք է նաև հստակ սահմանազատվի ժողովի և խորհրդի լիազորությունները: Կարծում ենք՝ փոփոխության պետք է ենթարկել նաև խորհրդի ձևավորման կարգը` դրա մեջ ընդգրկելով տարբեր կարգավիճակ ունեցող բոլոր պարտատերերին: Պետք է բացառել նաև խորհորդ ստեղծելու արգելքը` սահմանելով միայն այն դեպքերը, երբ դրա ստեղծումը պարտադիր է:
Որոշակի լրացումների կարիք ունի նաև սնանկության կառավարիչների ենթաինստիտուտը: Մասնավորապես` պետք է նախատեսվի դատարանի հնարավորությունը խոշոր տնտեսվարող սուբյեկտների սնանկության դեպքում նշանակելու մեկից ավելի կառավարիչներ, միաժամանակ պետք է կարգավորվի նաև այդ դեպքում նրանց իրավական պատասխանատվության և վարձատրության հարցերը: Անհրաժեշտ է երկարաձգել նաև կառավարչի գործողությունները (անգործությունը) բողոքարկելու ժամկետները` դարձնելով ներկայիս տասը օրը երեսուն օր:
Առանձնահատուկ պետք է սահմանվի նաև պարտապանի աշխատողների` պարտապանին սնանկ ճանաչելու համար դատարան դիմելու իրավունքը: Պետք է առավելություն տրվի նաև աշխատողների և կյանքին ու առողջությանը պատճառած վնասի համար պարտապանից փոխհատուցում ստացող անձանց պահանջներին` դրանք` անգամ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում ընդգրկելով ոչ թե չապահովված պահանջների շարքում, այլ պահանջների բավարման օրենքով սահմանված այն հերթում, որոնց մեջ դրանք ընդհանրապես ընդգրկվում են:
Այսօր Օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների բավարարման կարգը չի համապատասխանում իրավունքի` որպես սոցիալական կարգավորչի դերին ու նշանակությանը: Թվում է, այս հարցը այն կարևորագույն խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ օրենսդիրը պետք է դրսևորի այլ մոտեցում: Կարծում ենք, որ ապահովված պահանջների (ի դեպ` պահանջները ապահովված պետք է համարվեն ոչ միայն գրավի, այլև գույքի պահումի դեպքում) չպետք է բավարարվեն առանձին կարգով, այլ գրավի և պահումի առարկաները պետք է մտցվեն մրցութային զանգվածի մեջ, իրացվեն ընդհանուր կարգով: Ապահովված պարտատերերի պահանջները պետք է բավարարվեն ընդհանուր կարգով` պարտապանի աշխատողների և կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների համար պարտապանից հատուցում ստացող անձանց պահանջները բավարարելուց հետո միայն: Ի դեպ, կարծում ենք, որ պարտապանի աշխատողները և կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների համար պարտապանից հատուցում ստացող անձինք պետք է ընդգրկվեն ոչ թե միմյանց հաջորդող, այլ մեկ հերթի շրջանակում` սոցիալապես խոցելի այս երկու սուբյեկտների համար էլ ապահովելով իրավունքների պաշտպանության հավասար հնարավորություններ:
Շատ կարևոր ենք համարում նաև Օրենքով սնանկության ընթացակարգերի հստակ ու խելամիտ ժամկետներ, դրանց հաշվարկման չափանիշներ, իսկ խախտման դեպքում` բողոքարկում և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառում նախատեսելը, քանի որ այսօր վերը նշված բացի արդյունքում է, որ հիմնականում խախտվում են սնանկության իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը:
Սնանկության ինստիտուտի կատարելագործման համար ընդգծելի ենք համարում սնանկության գործն ավարտելու եղանակներից մեկի` հաշտության համաձայնության կառուցակարգի ներդնումը և դրա լիարժեք իրավական կարգավորումը:
Օրենքի նորամուծություններից է ֆիզիկական անձանց սնանկության ինստիտուտը: Ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են մյուս սուբյեկտների սնանկության հետ կապված հարաբերությունները կարգավորող ընդհանուր դրույթները` հաշվի առնելով նաև Օրենքով սահմանված առանձնահատկությունները, սակայն, կարծում ենք, որ պարտապան ֆիզիկական անձի սնանկության նկատմամբ պետք է կիրառվի առանձին` հատուկ ընթացակարգ: Չի կարելի այս սուբյեկտի սնանկության նկատմամբ կիրառել նույն դրույթները, որոնք որ կիրառվում են գործարարական իրավունքի սուբյեկտների սնանկության դեպքում: Արդարացված չէ նաև ֆիզիկական անձի նկատմամբ այնպիսի ընթացակարգի կիրառումը, ինչպիսին է ֆինանսական առողջացումը` դրա նպատակների ու խնդիրների միանգամայն այլ բովանդակության պատճառով: Կարծում ենք՝ ֆիզիկական անձի սնանկության ներկայիս տարբերակը երևույթի մասին տալիս է, այսպես ասած, կիսատ-պռատ պատկերացում, հետևաբար այն այս ձևով ներդնելն այսօր համարում ենք ոչ այնքան մտածված և հանրապետությունում իրավական մշակույթը ձևավորելուն բոլորովին չնպաստող քայլ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել