Նորություններ

Աշխարհի 10 ամենաքիչ կոռումպացված երկրները՝ 2017-ի տվյալներով

Կոռուպցիան աշխարհի ամենամեծ վտանգներից մեկն է: Դժբախտաբար այն առկա է յուրաքանչյուր երկրում: Այս գլոբալ խնդիրը ձևավորում է վատ կառավարում, դադարեցնում է զարգացումը և թուլացնում է օրենքի ուժը: Այնուամենայնիվ, կան մի շարք երկրներ, որտեղ կոռուպցիայի մակարդակը շատ ցածր է: Ահա աշխարհի 10 ամենաքիչ կոռումպացված երկրների ցուցակը, իրենց կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով:

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշները տատանվում են 0-ից 100. Եթե ցուցանիշը 0 է, ապա պետության կոռուպցիայի մակարդակը բարձր է, իսկ 100 ցուցանիշը  բնութագրում է կատարյալ երկիր` առանց կոռուպցիայի, տեղեկացնում է  themysteriousworld.com կայքը: Այսպիսով՝

10. Կանադա

Կանադայի կառավարման համակարգն ընդգրկում է երեք հիմնական ճյուղ` միապետը, սենատը և համայնքների պալատը: Կանադայի ներկայիս միապետը թագուհի Ելիզավետա երկրորդն է: Բաց և դեմոկրատական կառավարման համակարգի շնորհիվ այն աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է:  Բացի այդ Կանադան նաև հայտնի է կյանքի, կրթական համակարգի բարձր որակով և կառավարման թափանցիկությամբ:

Կանադայում օրենքներն իրականացվում են գործադիր իշխանության կողմից, որի անդամներն են թագուհին, վարչապետը և նախարարների խորհուրդը: Օրենքները ստեղծում է օրենսդիր մարմինը (թագուհին, սենատը, և համայնքների պալատը): Գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից ընդունված օրենքները մեկնաբանվում են Կանադայի Բարձրագույն դատարանում:

9. Լյուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգը ԵՄ ամենահարուստ և ամենափոքր պետություններից մեկն է: Այն աշխարհում դեռևս մնացած միակ ինքնիշխան դքսությունն է: Կոռուպցիայի ցածր մակարդակը Լյուքսեմբուրգի մեկ այլ առավելությունն է: Այս պետությունն ունի միատարր խորհրդարանական համակարգ` սահմանադրական միապետության հետ համատեղ: Լյուքսեմբուրգի կառավարությունը խորապես մտահոգված է հակակոռուպցիոն օրենքների կիրառմամբ: Այս երկրում դատական համակարգի ադմինիստրացիան ևս շատ թափանցիկ է գործում:

8. Հոլանդիա

Հոլանդիան սահմանադրական միապետություն է, որն ունի միասնական խորհրդարանական համակարգ: Պետության ներկայիս ղեկավարը թագավոր Վիլլեմ Ալեքսանդրն է: Թագավորը պատասխանատու է կառավարության քաղաքապետերի ու քաղաքական գործչների նշանակման համար: Հոլանդիայի կառավարության ղեկավարը վարչապետն է: Կոռուպցիայի մակարդակը հնարավորինս ցածր պահելու համար հոլանդական կառավարությունը հետևում է թափանցիկ դատական և արդյունավետ հակակոռուպցիոն ծրագրերին:

7. Սինգապուր

Սինգապուրը աշխարհի հինգերորդ ամենաքիչ կոռումպացված երկիրն է: Պետությունն ունի միասնական կառավարական համակարգ վեստմինստերյան համակարգի հետ: Սինգապուրում կա հատուկ գործակալություն, որը կոչվում է (Կոռուպցիոն դեպքերի հետաքննության վարչություն), որը հետաքննում և իրավական գործընթացներ է իրականացնում կոռուպցիայի դեմ: Սինգապուրի հզոր դատական համակարգը մեծապես ճանաչված է իր լեգիտիմությամբ և օրենքում անկողմնակալությամբ:

6. Շվեյցարիա

Շվեյցարիան իր կառավարության համար ունի դաշնային ուղղորդիչ դեմոկրատական հանրապետական համակարգ: Այստեղ մարդիկ իրավունք ունեն ազդելու կառավարության գործընթացներին` համապատասխան հանրաքվեի միջոցով: Այս անմիջական ժողովրդավարությունը Շվեյցարական կառավարությունը դարձնում է աշխարհի ամենակայուն ժողովրդավարական համակարգերից մեկը: Պետությունն ունի նաև ուժեղ իրավական շրջանակ և արդյունավետ հակակոռուպցիոն օրենքներ: Այն օգնում է շվեյցարական կառավարությանը պահպանել մաքուր համակարգ հանրային սեկտորում:

5. Նորվեգիա

Նորվեգիան խորհրդարանական համակարգով սահմանադրական միապետություն է: Միապետը երկրի ղեկավարն է, իսկ կառավարությունն  առաջնորդում է  վարչապետը: Նորվեգիայի դատական համակարգը լիովին անկախ է գործադիր և օրենսդիր իշխանություններից: Նորվեգիան նաև ունի  խիստ և արդյունավետ հակակոռուպցիոն օրենսդրություն: Այն օգնում է պահպանել բարձր չափանիշներ Նորվեգիայի հանրային սեկտորում:

4. Շվեդիա

Շվեդիան խորհրդարանական ժողովրդավարական պետություն է սահմանադրական միապետության հետ համատեղ: Այս պետությունը մեծապես ճանաչված է կյանքի բարձր որակով, հավասարությամբ, մարդկային զարգացմամբ, կրթությամբ ու առողջապահությամբ: Շվեդիայի կառավարական համակարգը նույնպես թափանցիկ է և կայուն: Շվեդիայի կառավարական գործակալությունները կոռուպցիան համարում են որպես “իշխանության չարաշահում”: Շվեդիայում կա նաև արդյունավետ հակակոռուպցիոն միավոր, որը հետաքննում և հետապնդում է կոռուպցիան:

3. Ֆինլանդիա

Ֆինլանդիան խորհրդարանական հանրապետություն է և վարչապետը ղեկավարում է կառավարությունը: Ֆինլանդիայում քաղաքական առաջնորդներն ունեն լուրջ պարտավորություններ ընդդեմ կոռուպցիայի: Ֆինլանդիայի կառավարությունը նաև պահպանում է բավականին թափանցիկ մեխանիզմներ և արդյունավետ ներառական համակարգեր: Անկախ դատական համակարգը և ուժեղ իրավական շրջանակները նույնպես իջեցնում են երկրում կոռուպցիայի տարբեր ձևերի հավանականությունը:

2. Նոր Զելանդիա

Նոր Զելանդիան երկրորդ ամենաքիչ կոռումպացված երկիրն է, որի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 91 է: Նոր Զելանդիան ունի խորհրդարանական համակարգ սահմանադրական միապետության հետ համատեղ: Նոր Զելանդիայի ղեկավարը թագուհի Ելիզավետա երկրորդն է: Նոր Զելանդիայի կառավարությունը հետևում է վեստմինստերյան մոդելին:  Նոր Զելանդիայի դատական համակարգը լիովին անկախ է գործադիր և օրենսդիր իշխանություններից: Այդ կերպ Նոր Զելանդիայի դատական համակարգը պահպանում է իր պարտավորությունները և անկողմնակալությունը:

1. Դանիա

Դանիան աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկիրն է, որի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 92 է: Ադմինիստրատիվ կոռուպցիան, բիզնես կոռուպցիան և կոռուպցիայի այլ ձևերը Դանիայում շատ հազվադեպ են: Երկիրն ունի միասնական խորհրդարանական համակարգ սահմանադրական միապետության հետ համատեղ:

Թափանցիկ մեխանիզմները, ներառումը, անկախ դատական համակարգը, քաղաքացիական ակտիվիզմը, և հասարակական վստահությունը այն գործոններն են, որոնք դարձնում են Դանիան աշխարհի ամենաթափանցիկ երկիրը: Դանիայի քրեական օրենսգիրքը նաև արգելում է երկրում ամեն տեսակ կաշառակերությունը: Ի հավելումն կոռուպցիայի ցածր մակարդակին, Դանիան ունի նաև կյանքի բարձր չափանիշներ, բարձր հասարակական ակտիվություն, գրագիտության և հավասարության բարձր աստիճան:

թարգմանությունը՝ Վիկտորիա Բադալյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել