Նորություններ

Բացահայտվել է ավազակային հարձակումն ու գողությունը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննությամբ  բացահայտվել է նաև  գողության 1 դրվագ:

2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանում գործող դեղատներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ատրճանակը պահել է դեղատան աշխատակցի ուղղությամբ, սպառնացել, ապա՝ հափշտակել դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը   մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և աշխատակիցների նկատմամբ որպես զենք օգտագործվող` ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև մեկ այլ հափշտակություն: Մասնավորապես՝ 23-ամյա երիտասարդը, աշխատանքի անցնելով բժշկական կենտրոնի սրճարանում, օգտվելով գանձապահի ժամանակավոր բացակայությունից՝ 2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին, դրամարկղից  գաղտնի  հափշտակել է կանխիկ գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել