Նորություններ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒԹԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան
Գևորգ Գյոզալյան
21.12-24.12.2007թ., «Իրավունք» օրաթաթերթ

Ներկայումս նոր սերնդի իրավաբանների կողմից կարևորվում է արդարադատության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Եվ այս համատեքստում առանձնակի կարևորություն և նշանակություն է ստանում անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք…»: Սակայն արդարադատության համակարգի առաջին սերնդի բարեփոխումների անվան տակ ներմուծված Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը ոչ միայն խոչընդոտում, այլև էականորեն սահմանափակում և անմատչելի է դարձնում անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի իրականացումը: Բացի այդ հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի ներդրմամբ էականորեն նվազել է ոչ միայն արդարադատության իրականացման արդյունավետությունը՝ մեծացնելով այս բնագավառի կոռուպցիոն ռիսկերի մակարդակը, այլև հավատարմագրված փաստաբանների կողմից բերված վճռաբեկ բողոքների ոչ որակյալ լինելը:
Որպեսզի զերծ մնանք տեսական վերլուծությունից՝ կփորձենք անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի հարցը ներկայացնել փաստաբանի տեսանկյունից՝ կոնկրետ օրինակով:
Վերջերս, ՀՀ նախագահը ստորագրեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, համաձայն որի, Վարչական դատարանին ընդդատյա են լինելու հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի և քրեական գործերի), մասնավորապես, պետական համայնքային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև իրավասության հարցերի վերաբերյալ այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, իրավաբանական այնպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, որոնք նշանակություն ունեն ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների ծագման, հիմնավորման, փոփոխման կամ դադարման համար, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, ինչպես նաև հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող այլ միավորումների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը, վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:
Նույն օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ այդ օրենսգրքով: Այսինքն՝ 2008 թվականի հունվարի մեկից, եթե վարչական մարմինը տուգանք նշանակի ինչ-որ իրավախախտման համար, ապա անձինք հնարավորություն կունենան այդ վարչական ակտը բողոքարկել Վարչական դատարան, որի կայացրած դատական ակտը, անկախ իր թերություններից և տարաբնույթ ընկալումներից, քաղաքացիների մեծ մասի համար լինելու է վերջնական: Ինչո՞ւ վերջնական, որովհետև այդ ակտը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն այդ դատարանում հավատարմագրված փաստաբանը, ինչպես նաև գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:
Ինչպես ցույց է տալիս իրողությունը, ցավոք սրտի, ՀՀ դատարաններում մինչ օրս ՀՀ օրենքներն ընկալվում են տարբեր կերպ, որի մասին վկայում են հենց իրենք՝ դատավորները: Օրինակ՝ ՀՀ Արդարադատության խորհուրդը 19.11.2007 թվականին իր թիվ ԱԽ-11-Ո-32 որոշմամբ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությանը (ով միջնորդել էր կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ա.Հունանյանի նկատմամբ օրենքի կոպիտ խախտման համար), նշել է. «… Խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարի կողմից նմանատիպ խախտումներով կարգապահական վարույթ հարուցելու կապակցությամբ: Ժամանակակից անցումային հասարակություններում օրենսդրության զարգացման ցածր մակարդակի պայմաններում առավել մեծ են հնարավորությունները օրենքների տարաբնույթ մեկնաբանությունների»: Ուստի, այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե տարաբնույթ մեկնաբանությունները դեռ շատ են, ինչո՞ւ ենք երկաթյա վարագույրով փակում ՀՀ Վճռաբեկ դատարան մեր երկրի քաղաքացիների մուտքը: Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշման՝ Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը: Հետևաբար, եթե օբյեկտիվ լինենք, ապա միանշանակորեն կարելի է փաստել, որ ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի նմանատիպ սահմանափակումները դեռ վաղ են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դեռևս հայ իրականության մեջ բազմաթիվ են այնպիսի երևույթները, ինչպիսիք են կոռուպցիան, օրենքների անկատարությունը, դատավորների և փաստաբանների իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն:
Իսկ անդրադառնալով ՀՀ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտին պետք է նշել, որ ըստ ՀՀ Փաստաբանների պալատի տվյալների՝ հավատարմագրված փաստաբանների թիվը հիսունհինգն է: Եթե մի պահ ենթադրենք, որ այդ փաստաբանները բոլորը միահամուռ կերպով փորձում են բավարարել հասարակական պահանջը և բողոքարկում են միայն (կրկնում եմ միայն) վարչական դատարանի դատական ակտերը, ապա այս դեպքում էլ մենք իրոք կունենանք խայտառակ պատկեր, քանի որ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ հասնել մեր դատավորների՝ անհիմն վճիռ գրելու արագության ետևից: Իսկ արդյունքում խախտվելու է հազարավոր անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջիններս, ինչպես հստակ փաստել է ՀՀ Արդարադատության խորհուրդը, երաշխավորված չեն լինելու օրենքների տարընթերցումներից, իսկ այնուհետև՝ դրանք բողոքարկելու հնարավորությունից: Եթե սրան էլ գումարենք վճռաբեկ բողոքը ստորագրելու համար «ընտրյալ փաստաբանների» կողմից սահմանված բարձր սակագները և դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, ապա կարելի է համարել, որ մեր երկրում ընդհանրապես չի գործում ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը: Ի դեպ՝ կոռուպցիոն ռիսկերի մասին խոսել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 09.04.2007թ.-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1., 231.2. հոդվածների դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Այդ որոշման մեջ բառացիորեն նշված է հետևյալը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համակարգային բարեփոխումների ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև անցումային համակարգերին բնորոշ այնպիuի առանձնահատկություններ, ինչպիuիք են իրավագիտակցության դեռևu ցածր մակարդակը, հաuարակական հարաբերությունների uահմանադրականացման անբավարար աuտիճանը, համակարգային անկատարությունները, կոռուպցիոն ռիuկը և այլն: Հետևաբար, իրավակարգավորման առանցքային խնդիրներից են, մաuնավորապեu, Uահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական, իրավական պետության կայացման նախադրյալների ապահովումը, uահմանադրական ժողովրդավարության ամրապնդումը, Uահմանադրության հիմնարար արժեքների ու uկզբունքների իրացման oրենuդրական ու կառուցակարգային երաշխիքների uտեղծումը, դատական իշխանության անկախության ու անկողմնակալության նկատմամբ հաuարակության անդամների վuտահության ամրապնդումը և այլն»: Դժվար թե այս ամենին հնարավոր լինի հասնել հիսունհինգ փաստաբանի օգնությամբ:
Իսկ ի՞նչպես է հիմնավորում ՀՀ Վճռաբեկ դատարանը, հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի ներդրումը: Շատ պարզ. ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորները ո՛չ համապատասխան ժամանակ և ո՛չ էլ համապատասխան տրամադրություն ունեն կարդալու «անբարեխիղճ» փաստաբանների կողմից ուղարկված «անհիմն» վճռաբեկ բողոքները, ուստի նրանք կարծում են, որ եթե հավատարմագրեն հիսունհինգ փաստաբանի՝ առանց սահմանելու այդ փաստաբանների ընտրության որևէ չափանիշներ, ապա վճռաբեկ բողոքները կլինեն ավելի որակյալ: Այստեղ պետք է հիասթափեցնենք մեր դատավորներին, քանի որ վճռաբեկ բողոքները ներկայումս որակյալ չեն, և այդ բանում համոզվել են նաև իրենք՝ դատավորները: Թեպետև հստակ է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի խնդիրը ոչ թե վճռաբեկ բողոքների որակյալ լինելու մեջ է, այլ՝ վճռաբեկ բողոք բերող հավատարմագրված փաստաբանների քանակի:
Ինչևէ, ավարտելով՝ պետք է նշել, որ ներկայումս՝ արդարադատության համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման նախաշեմին, առանձնակի կարևորություն է ստանում անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի ապահովումը, իրավունք, որի ապահովման համար ահրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել «Փաստաբանության մասին» օրենքում և անհապաղ վերացնել հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը: Ի դեպ՝ այդպիսի նախագիծ՝ անհրաժեշտ բոլոր հիմնավորումներով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Վերը նշված օրենսդրական փոփոխության կատարումը կնպաստի միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարմանը, անձի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքի իրականացմանը, Հայաստանում փաստաբանական օգնության մատչելիության ապահովմանը, փաստաբանների իրավահավասարության ապահովմանը, որը կխթանի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև փաստաբաննների իրավահավասարության ապահովմանը և փաստաբանական ինստիտուտի զարգացմանը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել