Նորություններ

Նոր մանրամասներ դատավորների կողմից կաշառք վերցնելու գործով

Դատական համակարգում աղմկահարույց գործով նոր մանրամասներ են հրապարակվել։ Պաշտոնական աղբյուրում հասանելի են դարձել Արդարադատության խորհրդի որոշումները, որոնցում իրադարձությունները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ։

Հիշեցնեքն՝ ըստ պաշտոնական հաղորդագրության 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ  կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք  են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա  դատի է տրվել: Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի  բնակիչ Հ.Կ-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով:

Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին  կայացրել է պայմանավորված  դատական ակտը: Գործով մեղադրող դատախազի  կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

ԱԽ որոշումից տեղեկանում ենք, որ դատախազի միջնորդության համաձայն՝ վերաքննիչ դատարանը նոր քննության է ուղարկել՝ հաշվի առնելով նաև նյութական և դատավարական իրավունքի խախտումները, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի սխալ կիրառման հանագամանքը։

Այս որոշումից հետո Գ․Գ․-ի ծնողները սկսել են Հ․Կ-ից պահանջել, որպեսզի վերջինս իր հերթին Աղվան Պետրոսյանից պահանջի ստացած կաշառքի դիմաց տրված խոստումը պահել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց որդու նկատմամբ կրկին կիրառվի խոստացված մեղմ պատիժը, հակառակ դեպքում սպառնալով, որ դիմելու են իրավասու մարմիններին կամ անձամբ գնալու են տվյալ պաշտոնատար անձի մոտ և պահանջելու կամ կատարել խոստումը, կամ վերադարձնել տրված կաշառքի գումարը: Յուրաքանչյուր դեպքում Հ․Կ․-ն խոստացել է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, Աղվան Պետրոսյանին փոխանցել նրանց պահանջը և, ի կատարումն իր խոստման, 2016թ. հունիս – 2017թ. ապրիլ ամիսների ընթացքում բազմիցս հանդիպել է Աղվան Պետրոսյանին և նրա վարորդին կամ վարորդի միջոցով հեռախոսային կապ հաստատել նույն պաշտոնատար անձի հետ` խոսելով ամբաստանյալի ծնողների դժգոհությունների, Գ. Գ․-ի գործով նոր դատավարության ընթացքի և տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով դատական նիստը նախագահող դատավորի նկատմամբ ազդեցության շնորհիվ նրանց համար դրական (նախընտրելի) դատական ակտի կայացմանը նպաստելու հնարավորության մասին: Բոլոր դեպքերում Աղվան Պետրոսյանը խոստացել է Գ. Գ.-ի գործով պայմանավորված լուծումը տալ, ինչի մասին Հ. Կ.-ն տեղեկացրել է նրանց ծնողներին, սակայն վերջիններս թեև սկզբնական ժամանակահատվածում հավատացել և սպասել են, սակայն հետագա ամիսներին Հ․Կ․-ին և դատարանի նախագահին անվանել են խաբեբա և Հ․ Կ․-ից պահանջել են Ա. Պետրոսյանից հետ ստանալ տրված կաշառքի գումարը և վերադարձնել իրենց:

Մեկ այլ դրվագով՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

ԱԽ-ի որոշումից տեղեկանում ենք, որ այս գործով որպես միջնորդ անցնող Է․Չ․-ն փաստաբան է։

Դատախազի միջնորդության մեջ մանրամասներ է ներկայացվել կաշառք տալու դրվագից, ըստ այդմ՝ Է․Չ․-ն գումար տվել է հենց Ա․ Պետրոսյանին, միջնորդության մեջ կարդում ենք․ «Է. Չ․-ն դուրս գալով Ա. Պետրոսյանի աշխատասենյակից, ապա շենքից և առանձնանալով Ռ. Գ․-ի հետ, վերջինիս փոխանցել է Ա. Պետրոսյանի խոսքերը, թե կադաստրից փաստաթուղթ ստանալու անհրաժեշտության, թե Ա. Պետրոսյանին գումար տալու վերջինիս կողմից ներկայացված պահանջի մասին, ինչից հետո Ռ. Գ․-ն հեռացել, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չ․-ին տվել է 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ ու ասել, որ այնտեղ 120.000 (հարյուր քսան հազար) ՌԴ ռուբլի գումար է և այն փոխանցի դատավորին: Է. Չ.-ն, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, ապա Աղվան Պետրոսյանի ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ վերջինիս տվել է Ռ. Գ․-ի կողմից տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չ․-ն պատասխանել է, որ «120.000 ռուբլի է»: Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չ․-ին վերադարձրել է 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չ․-ն պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա. Պետրոսյանը պնդել է` ասելով. «ճիշտը էդ ա», ինչից հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չ․-ի վերնաշապիկի գրպանը: Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին, ապա Է. Չ․-ն հեռացել է, իսկ Ա. Պետրոսյանը դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը ասել է. «Կիսի իմը»: Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը վերցնելով թղթադրամները հաշվել և ասել է. «Հիսուն հինգ հազար` քեզ, հիսուն հազար` ինձ»` կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել