Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

1992-ին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 10-ը հռչակել են հոգեկան առողջության միջազգային օր:
Դեռևս 1948թ. ԱՀԿ կողմից սահմանվել է, որ առողջությունը «ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ամբողջական լավակեցությունն է և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական արատի բացակայություն»:
Աշխարհում մոտ 350 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը: ԱՀԿ-ն նաև պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ։
ԱՀԿ հետազոտությությունների համաձայն՝ հոգեկան խանգարման դեպքերի մեծ մասը մարդկանց մոտ ի հայտ են գալիս մինչև 14 տարեկանը։ Աշխարհի երեխաների և դեռահասների 20 տոկոսն ունեն հոգեկան խանգարումներ և խնդիրեր։ Ամեն տարի աշխարհում միջին հաշվով 800 000 մարդ է ինքնասպանություն գործում, որոնց 86 տոկոսը զարգացող երկրների բնակիչներ են։ Հոգեկան խանգարումները ինքնասպանության դրդող հիմնական պատճառներն են։ ԱՀԿ-ն երկրների ղեկավարների ուշադրությունը հրավիրում է հոգեկան առողջության խնդիրների վրա՝ արձանագրելով, որ զարգացող երկրներում 200 անգամ ավելի քիչ է հոգեբույժների թիվը, քան զարգացած երկրներում։ Զարգացող և աղքատ երկրների մեծ մասում 1-4 մլն մարդուն բաժին է ընկնում ընդամենը մեկ մանկական հոգեբույժ։
Շատ երկրներում հոգեբուժարաններում պարբերաբար մարդկանց իրավունքների խախտման դեպքեր են արձանագրվում։ Շատ քիչ երկրներ ունեն հոգեկան հիվանդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրություն։
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարությունից տվյալների` Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է (Հայաստանում բնակչության 1.5 տոկոսն է գտնվում հոգեկան ծառայությունների հաշվառման մեջ): Հայաստանում հոգեկան հիվաների բուժումն իրականացվում է պետպատվերով:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել