Կմաղթեի, որպեսզի ոչ մի իրավաբան հարկադրված «ձմեռ պապի» դեր չստանձներ. Գևորգ Դանիելյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Իմ ձեռքբերումներն այս փուլում մեծամասամբ, ցավոք, տեսանելի չեն, քանի որ դրանք գիտության ոլորտից են, որի արդյունքները դեռևս համարժեք պահանջված չեն: Մյուս կողմից ծնվեց իմ անուն, ազգանունը կրող թոռնիկս, որն ինձ համար անչափ մեծ մխիթարություն է: Բացթողումներ էլ կան՝ երբ հայտնվում ես մի իրավիճակում, երբ անզոր ես հիրավի լավ գաղափարը կենսագործել, բա դա ի՞նչ է:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Կոնկրետ մեկին առանձնացնելն արդարացի չէր լինի, սակայն պրակտիկ իրավաբաններից պայմանականորեն կառանձնացնեի փաստաբան Արա Ղազարյանին՝ լայն մտահորիզոնի և ճշգրիտ դատողությունների համար: Ընդ որում, սա սուբյեկտիվ  գնահատական չէ, քանզի իրեն անձամբ չեմ ճանաչում:

Ընդհանրապես նոր խոսք ասելու որակով առավելապես աչքի են ընկնում փաստաբանները, ինչը ողջունելի է:

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

-Զավեշտալին էլ հենց այն է, որ այդպիսիք անթույլատրելի շատ են:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ցավոք, տևական ժամանակ է, ինչ ինձ արդեն ոչինչ չի զարմացնում Ձեր կողմից նշված համակարգի առնչությամբ: Թերևս, հաճելիորեն զարմացած եմ արդարադատության նախարար տիկին Հովհաննիսյանի մի քանի թարմ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք հանրությունը դեռևս այնքան էլ համարժեք չի ընկալում:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Առաջինը կմաղթեի, որպեսզի ոչ մի իրավաբան հարկադրված «ձմեռ պապի» դեր չստանձներ: Խորհրդային ժամանակներում սիրված արտիստ Աշոտ Ղազարյանը մի համար ուներ, որտեղ գործազուրկ իրավաբանը Ձմեռ պապի դեր էր ստանձնել, սակայն այն կատարում էր այնպես, ինչպես Աշոտ Ղազարյանը կգրեր, օրինակ՝ «Պարտադիր սերվիտուտի մասին» օրենք:

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Բացառապես ընտանիքիս, մերձավոր ազգականներիս հետ: Երբեմն, իրավիճակի բերումով՝ ներկա են լինում մտերիմ ընկերներ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ոչ միայն Ամանորի կապակցությամբ, քանի որ ես վատ խոհարար չեմ, երբեմն նույն բաղադրատոմոսով եմ պատրաստում, ինչ այլոք, սակայն անհամեմատ համեղ է ստացվում: Հիմնական պատվիրատուն 11-ամյա ավագ թոռնիկս է՝ Գրիգորը, որին մերժել հնարավոր չէ:

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Միայն ակնկալում եմ խաղաղություն, թող Աստված մեզ զերծ պահի զոհեր ունենալու փորձությունից: Թող ոչ մի մարդ, հատկապես, մանուկ անբուժելի ցավ ու անվերականգնելի զրկանք չունենա, իսկ աղքատությունը լինի սոսկ պատմական անցյալի կատեգորիա: Հավատացեք, սա միանգամայն իրագործելի խնդիր է, իսկ լուծման բանալին՝ մեր հավաքական ուժն է. փորձենք միավորվել՝ խմբավորվելու փոխարեն:

-Ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

Ես միայն խնդրում եմ Տիրոջից, իսկ աղոթքիս առանցքը՝ չար խոսքից ու մարդկանցից հեռու պահելն է, դրանցից կյանքում, կարծում եմ, ինձ բավական շատ է բաժին հասել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել