Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մարդ է, սիրտ է, դե հասկացե´ք, էլի». Դատավորի հորդորը «ջրծաղիկից մահացած» զինվորի հոր վարքի վերաբերյալ (լրացված)

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց «ջրծաղիկից մահացած» զինվորի գործով մեղադրյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

.

ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Նա չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

.

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

.

Նիստը սկսվեց ուշացումով, քանի որ մեղադրող դատախազ Մելիք Սարգսյանը ուշացել էր: Նրա հետ դատարան էր ներկայացել ևս մեկ մեղադրող դատախազ՝ Մանվել Գրիգորյանը, ով հետայսու պետք է հանդես գար այս գործով երկրորդ մեղադրող դատախազ: Մանվել Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարան 4 հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ հատկացնել: Միաժամանակ Մանվել Գրիգորյանը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ, որով գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազը նշում էր նրան՝ որպես մեղադրող դատախազ գործում ներգրավվելու մասին: Դատարանը գտավ, որ փաստաթուղթը հանձնարարություն է Մանվել Գրիգորյանին, ոչ թե լիազորագիր դատարան համար: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մերժեց այս դատական նիստում Մանվել Գրիգորյանին՝ որպես երկրորդ մեղադրող դատախազ հանդես գալը:

.

Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որ դատարանում, որպես իր ներկայացուցիչ, հանդես գա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ում ծառայություններից հրաժարվել էր նախորդ դատական նիստի ժամանակ: Դատավորը 15- րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որ Մովսես Խաչատրյանը գրավոր միջնորդագիր ներկայացնի դատարան, որով Մուշեղ Շուշանյանին կրկին կլիազորի դատարանում ներկայացնել իր շահերը: Միջնորդությունը բավարարվեց:

.

Մուշեղ Շուշանյանը հորդորեց մեղադրող դատախազին փոփոխել և լրացնել մեղադրյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները: Քանի որ այս պարագայում կարող են պնդել, որ մեղադրող դատախազը հանցավոր համաձայնության է գնացել մեղադրյալների հետ: Մեղադրող դատախազ Մելիք Սարգսյանը նշեց, որ դատաքննության ընթացքում կհետազոտվեն բոլոր ապացույցները և հարկ եղած դեպքում ինքը կաշկանդված չի լինի միջնորդելու առաջադրված հոդվածը փոփոխելու համար:

.

Մահացած զինվորի հայր Մովսես Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ իրեն չէր կարողանում զսպել: Ասում էր, որ գնալու է Նախագահի նստավայրի մոտ նստելու՝ իր որդուն «սպանածները» պետք է պատժվեն: Դատավորը ստիպված եղավ ընդհատել դատաքննությունը: Մեղադրյալների պաշտպանները դատավորին ասում էին, որ այդպես հնարավոր չէ շարունակել դատաքննությունը, քանի որ մահացած զինվորի հայրն անընդատ պոռթկումներ է ունենում՝ ասելով, որ իր որդուն սպանել են ու մեղադրյալները ազատության մեջ են (նրանց նկատմամբ խափանման միջոց նշանակվել է ստորագրությունը չհեռանալու մասին) և այլն:

.

Դատավորը կոչ էր անում մեղադրյալի պաշտպաններին ըմբռնումով մոտենալ մահացած զինվորի հոր հոգեվիճակին: «Մարդ է, սիրտ է, դե հասկացե´ք, էլի»,-ասում էր դատավորը դատավարության կողմերին՝ Մովսես Խաչատրյանի բացակայության ժամանակ:

.

Ավելի ուշ դատարանը ստիպված եղավ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով նախատեսված սանկցիաներից նախազգուշացումը կիրառել Մովսես Խաչատրյանի նկատմամբ: Վերջինս ասում էր, որ ուզում եք ձերբակալեք՝ «ում է պետք էլ իմ ապրելը»:

.

Ապա դատավորն իր նախաձեռնությամբ հստակեցրեց դատակոչի ամբողջական ցուցակը, քանի որ մեղադրող դատախազը միջնորդեց հետաձգել դատական նիստը դատակոչի ամբողջական ցուցակը դատարանին ներկայացնելու համար՝ իր կարծիքը նաև համադրելով գործով նոր մեղադրյալի կարծիքին: Դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց, քանի որ Մանվել Գրիգորյանը պատշաճ լիազորագիր չէր ներկայացրել դատարանին: Դատարանը որոշեց հարցաքննել նախաքննության ժամանակ հարցաքննված 17 անձի՝ բույժքույրերի, բուժող բժիշկների: Ինչպես նաև տուժող Հայկ Խաչատրյանի հետ նույն հիվանդասենյակում ջրծաղիկ հիվանդությունից բուժվող զինվորներին: Ընդհանուր թվով 24 անձի:

.

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը միջնորդեց դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննել տուժողի իրավահաջորդի կնոջը՝ Աննա Խաչատրյանին, որդուն՝ Սերյոժա Խաչատրյանին, ինչպես նաև տուժողի հարևանին և աներորդուն, ովքեր հիվանդասենյակում տեսել են հիվանդ զինվորին: Նրանք նախաքննության ընթացքում չէին հարցաքննվել: Չնայած մեղադրյալների պաշտպանները առարկեցին այդ վկաներին հարցաքննելուն, դատարանը բավարարեց:

.

Ապա դատարանն անցավ դատաքննության փուլ: Դատավորը դատավարության մասնակիցներին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, մեղադրող դատախազը կարդաց մեղադրական եզրակացությունը: Հարցաքննվեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոնիստ, անկախ փորձագետ Արմինե Պեպանյանը: Ապա անկախ փորձագետ Հարություն Իսրայելյանը: Երկու վկաներն էլ մահացած զինվորի գործին ծանոթ են եղել միայն հիվանդության պատմությունից: Հարություն Իսրայելյանը հարցաքննության ժամանակ նշեց, որ հոսպիտալում զինվորին բուժելու ժամանակ ինչ-որ բան բաց է թողնվել: Նաև տեղեկացրեց, որ հիվանդության պատմության մեջ նշված չի եղել ջրծաղիկի ծանր տեսակի մասին:

.

Դատարանը որոշեց յուրաքանչյուր դատական նիստի հարցաքննել 5 վկայի՝ առաջնահերթ բուժող բժիշկներին, բույժքույրերին:

.

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին: Այս գործով առաջիկա նիստի օր նշանակվեց նաև հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին:

.

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել