Նորություններ

Դատավորի համար ամենաբարդը խղճի և օրենքի միջև կանգնելն է. Հովսեփ Բեդևյան

Դատավորի համար ամենաբարդը խղճի և օրենքի միջև կանգնելն է. Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը: «Հայաստանի դատավորները» շարքի շրջանակներում Հ. Բեդևյանը ներկայացնում է դատավորի աշխատանքի, դատարանում պատահած հետաքրքիր դեպքերի մասին:  Վերջին տարիներին  Հ. Բեդևյանը գրեթե միշտ մասնագիտական գրականություն է կարդում, աշխատանքը ընտանիքի ու ընկերների, հոբբիով զբաղվելու համար քիչ ժամանակ է թողնում:

Պարոն Բեդևյան, ինչու ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը: Ցանկանու՞մ էիք դառնալ դատավոր: 

-Ես իրավաբանի ընտանիքում եմ մեծացել: Եվ հայրս, և հորաքույրս իրավաբաններ են եղել: Միշտ մտածել եմ, որ իրավաբան եմ դառնալու: Երբ արդեն դարձա իրավաբան, սկզբնական շրջանում չէի մտածում դատավոր դառնալու մասին, ավելի շատ հակված էի քննչական աշխատանքով զբաղվելուն: Իսկ հետո ստացվեց այնպես, որ հակառակ ուղղությամբ գնացի՝ դարձա փաստաբան, իսկ հետո պետական մարմիններում սկսեցի աշխատել: Երբ վարչական դատավարության օրենսգիրքն էր մշակվում, այդ ժամանակ հասկացա, որ հենց վարչական դատարանի դատավոր եմ ուզում դառնալ: Լինելով պետական մարմնում աշխատող իրավաբան, հասկացա, որ հենց դա է ինձ հոգեհարազատ: Միայն այդ պահին եմ մտածել դատավոր դառնալու մասին:

Որոշակի ժամանակ աշխատե՞լ եք  փաստաբան: Ներկայումս փաստաբաններն առավել անկաշկանդ են խոսում դատաիրավական համակարգի խնդիրների մասին: Այն ժամանակ Դուք ի՞նչ խնդիր էիք տեսնում համակարգում, և արդյո՞ք փորձել եք որևէ կերպ լուծում տալ դրանց արդեն  որպես  դատավոր:

-Գիտեք, երբ ես փաստաբան էի, զբաղվում էի բացառապես քրեական գործերով, քրեական իրավունքի ոլորտում էի մասնագիտացված: Եվ այն ժամանակ ինձ հուզող խնդիրները ավելի շատ կապված էին նախաքննություն իրականացնող մարմնի հետ, քան դատարանների: Հիմնականում խոսքը վերաբերում էր նրան, որ կասկածյալի, մեղադրյալի իրավունքների իրականցման հետ կապված արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում: Եվ վարչական դատավարությունը, բնականաբար, բոլորովին այլ ուղղություն է: Քրեական իրավունքի խնդիրներից ներկայումս չեմ կարող խոսել, շատ հեռացել քրեականից:

Ներկայումս որո՞նք են առաջնային մեծ խնդիրները, որոնք ծառացած են դատաիրավական համակարգի առջև, որոնք չենք թողնում արդարադատության կայացմանը մեր երկրում:

-Շատ գլոբալ հարց է: Հավաստիացնում եմ, որ մենք չունենք այնպիսի խնդիր, որը խոչընդոտի մեզ արդարադատություն իրականացնել: Կարող ենք ունենալ կադրային խնդիրներ, կարող ենք ունենալ խնդիրներ արդարադատության որակի հարցերում, բայց խնդիր, որ կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, չունենք: Այսօր մեր օրենքը, սահմանադրությունը թույլ են տալիս իրականացնել արդարադատություն:

-Հասարակության կողմից դատարանների հանդեպ անվստահությունը դատաիրավական համակարգի զարգացման վրա՞ չի ազդում:

-Ինձ թվում է՝ կարող է ազդել: Մի բան է, երբ քո գործունեության վերաբերյալ կա վստահություն, մեկ այլ՝ երբ չկա: Ես միանշանակ չեմ ասում, որ չկա հասարակական վստահություն դատական համակարգի հանդեպ: Ես կարծում եմ, որ ունենք խնդիրներ, որոնք պետք է հաղթահարենք: Եթե նայենք վերջին ութ տարին, ապա մենք լուրջ առաջընթաց ունենք: Փոփոխություններն առաջին հերթին դատարանակազմական են, մատչելիության առումով լուրջ փոփոխություններ են եղել: Լուրջ փոփոխություններ կան կադրային քաղաքականության, դատավորներ նշանակելու առումով:

Կարևոր խնդիրը մնում է աշխատավարձի հարցը: Այս տարիների ընթացքում և դրական, և բացական փոփոխություներ եղան: Ինչպես գիտեք օրենսդրական փոփոխություններ եղան՝ կապված Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության հետ, որով դատավորների, դատարանների նախագահների աշխատավարձերի չափորոշիչները սահմանվեցին: Նոր նշանակվող դատավորի համար սա աշխատավարձի բարձրացում էր: Բայց մենք այստեղ խնդիրներ ունեցանք կենսաթոշակների հետ կապված: Դատավորը նախկին օրենսդրությամբ ավելի բարձր կենսաթոշակ էր ստանում, քան այժմ:

-Իսկ տարբերությունը մե՞ծ է:

– Այս նոր օրենքը իրավունք է վերապահվում կառավարությանը որոշակի գործակիցներ սահմանել, բանաձև մշակել: Երբ այդ բանաձևով հաշվում ես, շուրջ 3 անգամ քիչ է ստացվում: Նախկինում երբ կարգավորվում էր Դատական օրենսգրքով, գոնե իր ստացած վերջին աշխատավարձի 55 տոկոսը ստանում էր: Իսկ ինչպես գիտեք, դատավորի անկախության համար կարևոր բաղադրիչ է նաև սոցիալական երաշխիքները: Այսինքն պետք է նա բարձր աշխատավարձ ստանա և հույս ունենա, որ կենսաթոշակի անցնելուց հետո նորմալ կենսաթոշակ կստանա:

Ներակայումս մեր դատավորները դժգոհում են, որ օրենքով արգելվեց՝ թոշակի անցնելուց հետո այլ աշխատանք կատարել: Օրինակ, հաճախ 65 տարեկանը լրանալուց հետո, փաստաբանությամբ էին զբաղվում, այժմ եթե փաստաբան դառնան, ապա կենսաթոշակ չեն ստանա: Բայց պատկերացրեք 65 տարեկանում էլ կան աշխխույժ, կայտառ աշխատողներ են: Վերջերս ԱՄՆ-ում էի, այնտեղ, օրինակ, թողնում են դատավորի հայեցությանը, ինքը կարողանում է աշխատել, թե՝ ոչ:

Մյուս կողմից խտրականություն դրվեց՝ ովքեր մինչև 2013 թվականն ունեն տասը տարվա դատավորի աշխատանքային ստաժ, նրանք թոշակի են անցնում հին կարգով, մյուսները՝ նոր կարգով:

-Պարոն Բեդևյան, իսկ ներկայումս արդյո՞ք բավարար չէ աշխատավարձը՝  անկախ և անկաշառ լինելու համար:

-Եթե խոսքը վերաբերում է դատավորի աշխատավարձի չափին, իմ կարծիքով՝ ոչ: Որովհետև հիմա նոր նշանակված դատավորը ունի 10 գործակից, իսկ բազային աշխատավարձի չափ է սահմանված 66 հազարը, այսինքն, սա նաշանակում է, որ բազմապատկում ենք 10-ով: Եթե հանում ենք հարկերը, ստացվում է, որ առաջին ատյանի նոր դատավորները ստանում են 450 հազար դրամ: Իմ կարծիքով, սա բավարար չէ:

-Սակայն եթե ավելի երկար տարիների ստաժ են ունենում, ավելի բարձր են ստանում:

-Այո, բայց այստեղ ի՞նչն էր խնդիրը: Նախկինում կարգավորումը հետևյալն էր. առաջին հինգ տարին ավելանում էր աշխատավարձի 2 տոկոսի չափով, իսկ 5 տարուց հետո տարեկան ավելանում էր 5 տոկոսի չափով: Նոր օրենքով՝ հավելավճարները չեն կարող անցնել աշխատավարձի  30 տոկոսը: Այսինքն, կապ չունի ոչ տարիների ստաժը, ոչ էլ այն, թե որ ատյանի դատավոր ես, հավելավճարները 30 տոկոսը չեն կարող գերազանցել:

-Ներկայումս ամենաբարձր աշխատավարձը հասնու՞մ է 1 միլիոն դրամի:

-Այո, կարող են լինել դատավորներ, ովքեր հին օրենքի ուժով ստանում են, նրանց վրա նոր օրենքը չի տարածվում:  Իհարկե, դրանից եկամտահարկ է պահում:

-Իհարկե, սոցիալական երաշխիքները կարևոր են, իսկ ընդհանրապես, ըստ Ձեզ, որպեսզի դատավորը լինի անկաշառ և օբյեկտիվ,  ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա:

-Պետք է լինի գրագետ իրավաբան, արդարամիտ և, ամենակարևորը, սկզբունքային:

Ըստ Ձեզ՝ դատավորը որոշումներ ընդունելիս ի ՞նչ դիլեմաների առջև կարող է կանգնել: Դուք ի՞նչ դիլեմաների առջև եք կանգնել:

-Իմ ներսի խնդիրների առջև: Դատավորի համար ամենավատն այն է, երբ խիղճդ մի բան է ասում, օրենքը՝ մեկ այլ բան: Եվ պետք է ընտրես:

Եղե՞լ են դեպքեր, երբ օրենսդրական լուծումները մարդկային չեն եղել, և փորձե՞լ եք որևէ կերպ շրջանցել:

-Չեմ ասի, թե ինչպես եմ վարվել… Բոլոր դեպքերում օրենքը պետք չէ շրջանցել:

-Ներկայումս դատարաններում կան փակ գոտիներ, ու՞մ համար են փակ և ինչու՞ են փակ:

-Փակ են բոլորի համար՝ բացի դատարանի աշխատողներից: Քաղաքացիները պետք է դատավորների հետ շփվեն միայն նիստերի դահլիճում: Նպատակը նաև այն էր, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն: Նախկինում երբ  ազատ գոտի էր, տվյալ դատավորի մոտ քննվող գործող քաղաքացին, դատախազը կամ փաստաբանը առանձին կարող էին շփվել դատավորի հետ:

-Դատարաններում բազմիցս ենք հանդիպում դեպքերի, երբ քաղաքացիները դժգոհ մնալով դատական ակտից, ամենադաժան անեծնքերն են տալիս դատավորներին: Ինչպե՞ս եք արձագանքում նման դեպքերում:

-Իմ պրակտիկայում չի եղել: Բայց կարծում եմ, որ դատավորը չպետք է արձագանքի, պետք է վեր կանգնի այդ ամենից:

-Ներկայումս քրեական գործերով բավականին շատ են արդարացումները: Եվ ավելի շատ արդարացումներ ունեցող դատավորները բարձր «ռեյտինգ» ունեն: Վարչական գործերով կա՞ նման ցուցանիշ:

-Վարչական դատարանների դատավորները կարող են պարծենալ վարչական մարմինների հետ քաղաքացիների իրավունքների բարձր պաշտպանության մակարդակով: Հատկապես առաջին տարիներին գործերի մոտ 60-70 տոկոսի դեպքում ընդդեմ պետական մարմինների էր կայացվում դատական ակտը: Հիմա հասել ենք այն փուլին, որ էդքան շատ չէ, ոչ թե նրա համար, որ դատարանները դեմ չեն գնում պետական մարմիններին, այլ պետական մարմիններն են սկսել հաշվի նստել դատական ակտերի հետ, հիմա օրինականությունը ավելի բարձր մակարդակի վրա է դրվում:  Սա շատ լուրջ ձեռքբերում է իրավական պետության կայացման գործում:

Գիտեք վարչական դատավորի աշխատանքը շատ բարդ ու ծանր է: Վարչական դատարանի դատավորը կարող է մեկ օրվա մեջ ունենալ մի քանի նիստ՝ հարկայինի, ավիացիայի, կադաստրի և այլ ոլորտի հարցերին վերաբերող: Նա պետք է այնքան ունիվերսալ լինի և տիրապետի բոլոր ոլորտները կարգավորող օրենսդրությանը:

-Դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ ցուցանիշներ կա՞ն:

-Կարող եմ ասել, որ  2015 թվականին վերաքննիչ դատարանը վարույթում ունեցել է շուրջ 2400 գործ, որից ավարտել է 1980-ը: Այս տարի առաջին վեց ամիսների ընթացքում մոտավորապես 1200 գործ ունեցել ենք վարույթում: Ընդհանուր առմամբ՝  2500 գործ ունենում ենք: Եվ սա այն դեպքում, ունենք երկու կազմ (յուրաքանչյուրը 3 դատավորից բաղկացած), այսինքն՝ տարեկան յուրաքանչյուր կազմին 1200 գործ է բաժին ընկնում:

-Կա պատկերացնում, որ պրակտիկայում վերաքննիչ ատյանում գործերը քննվում են նախագահող դատավորի կողմից, իսկ մյուս երկու դատավորները ստորագրում են դատական ակտը:

-Ոչ, հաստատ՝ ոչ: Մեզ մոտ ի սկզբանե դրված է եղել, որ անխակ այն բանից, թե  նախագահողն ով է, երեք դատավորներով գործերը քննարկվում են, բնականաբար, որոշումը ընդունում է նախագահողը, սակայն գործը մանրակրկիտ ուսումնասիրվում է մյուս երկու դատավորների կողմից:

Խնդրում եմ մի   հետաքրքիր դեպք պատմեք, որ պատահել է դատավարությունների ընթացքում:

-Նախ ասեմ, որ վարչական դատավորության մասնակիցներն են հայցվորը, պատասխանողը, և երրորդ անձը: Երրորդ անձ համարվում է նա, ում իրավունքներին առնչվում է գործը: Մի անգամ  մեր վարույթում գործ էր քննվում՝ վիճարկվում էր համայնքների մեկի ընտրության արդյունքները: Օրենքի համաձայն՝ չընտրված թեկնածում երբ վիճարարկում է արդյունքները, ընտրված համայնքի ղեկավարը ներգրավվում է  որպես երրորդ անձ:

Զանգ եկավ ընդունարան, լսում եմ՝ օգնականս վիճում է, մոտացա՝ հարցնում եմ՝ ինչ է եղել:  Այդ համայնքի նոր ընտրված համայանքնապետն էր զանգել, ասում էր՝ ես ահավոր վիրավորված եմ ձեր դատարանից, տեղս չեմ գտնում, կբողոքեմ: Հարցնում ենք՝ ինչի՞ համար: Պատասխանում է. «Պատկերացնու՞մ եք՝ դուք ինձ ներգրավել եք որպես երրորդ անձ: Առաջին էլ չէ, երկրորդ էլ չէ, երրորդ…»:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

«Անընդունելի է ընկերությունը՝ հանուն որևէ մեկի ճակատագրի». դատարանի նախագահ Դավիթ Բալայան

«Կենտրոն» դատարանի նախագահ. մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի

Դատավորը պետք է իրականացնի արդարադատություն և վերջ. Ալեքսանդր Ազարյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել