Ինչպե՞ս և որքա՞ն գումար ծախսվեց «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համար

Այս տարի «Էրեբունի-Երևան 2798» միջոցառումն անցկացվեց մեկ օրով՝ հեկտեմբերի 8-ին: Օրվա կարգախոսն այս անգամ «Երևան՝ արևի քաղաք»-ն էր: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել էր կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն, սա դեռ 2015-ի համեմատ: Ավագանին տոնի համար հաստատել էր 130 մլն դրամ բյուջե, սակայն պետք է ծախսվեր միայն 65 միլիոնը: Համեմատությաn համար նշենք, որ նախորդ տարիներին տոնակատարությունը կազմակերպվել է 90, 120 և 130 միլիոն դրամով: Իրավաբան.net-ն ավելի մանրամասն ուսումնասիրել է, թե ինչպե՞ս է ծախսվել այդ գումարը:

«Էրեբունի-Երևան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  պարզաբանել էր, թե ինչի արդյունքում որոշվեց թիվը կրկնակի կրճատել:

«Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ», – ընդգծել է փոխքաղաքապետը:

«Երևան» հիմնադրամը «Էյդիվիմեդիա Էս» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի ընկերությունը «Երևանի հիմնադրման 2798 ամյակին նվիրված Էրեբունի-Երևան տոնակատարություն» մշակութային միջոցառման կազմակերպման համար պետք է ապահովեր.

Կիրովի անվան մանկական զբոսայգում 13:30-ից կազմակերպել «Մանկական տոնական ծրագրեր»՝ տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, մանկական համերգային ծրագիր` մանկական համույթների, անհատ կատարողների, հեքիաթի հերոսների կերպարների, խաղավարի և հանդիսավարի, ծաղրածուների, աճպարարների մասնակցությամբ։ Նշված ծրագրի իրականացման համար ապահովել

  • Ձայնային սարքավորումներ 20 կվտ, կենդանի ձայնով երգերի կատարման համար անհրաժեշտ սարքավորումներ
  • Բեմական հարթակ 6х6 մետր չափսերով, ինչպես նաև հարթակի պաստառապատում
  • Այգու գեղարվեստական ձևավորում տեխնիկական միջոցներով.

Ժամը 17:30-ից կազմակերպել համերգային ծրագիր հայաստանյան ազգային փոքրամասնությունների գեղարվեստական կոլեկտիվների և էթնիկ խմբերի մասնակցությամբ։

Կոնսերվատորիայի հարակից այգում պետք է կազմակերպել դասական երաժշտության համերգ ՝ համապատասխան մասնակիցներով, տեխնիկական միջոցներով, բեմահարթակով: Նույնը նաև Շարլ Ազնավուրի հրապարակում՝ ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը Երևանին, նույն հրապարակում նաև՝ բառդ երաժիշտների երեկո, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջնամասում տեղակայված պուրակ՝ «Խաչքարերի պուրակ»ում Երևանյան տարազ բացօթյա ցուցադրություն-դեֆիլե, որը պետք է ցուցադրվի պրոֆեսիոնալ մոդելների կողմից: Կասկադում՝ կենդանի նվագակցությամբ համերգային ծրագիր երևանյան հայտնի ջազ խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ, այնուհետև ռոք համերգի կազմակերպում:

Սայաթ-Նովա փողոց՝ Տիկնիկային թատրոնի դիմաց կազմակերպել տիկնիկային ներկայացումներ՝ տիկնիկային թատրոնի և այլ թատերական կոլեկտիվների և հանդիսավարի մասնակցությամբ։

Հյուսիսային պողոտայում՝ կարաոկե ծրագիր նախապես մշակված երևանյան երգերով, մասնակիցը դարձնելով հանդիսատեսին։ Ապահովել հանդիսավար կամ հանդիսավարուհի, ինչպես նաև երկուսից երեք երևանյան երգեր կատարող էստրադային երգիչներ։

Այս ամենի վրա ընդհանուր ծախսվել է 64.200.000 դրամ:

image-yer2-copy

Բացի այս, Երևանի քաղաքապետարանը  մեկ այլ պայմանագիր է կնքել «Հաղթանակ 2000»  ՍՊԸ-ի հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազամակերպման ծառայությունների ձեռքբերման համար: Ըստ պայմանագրի նախատեսվել է, որ ծառայություն մատուցող կազմակերպությունը, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 3 ներկայացուցիչների հետ միասին, պետք է կազմակերպի «Էրեբունի-Երևան 2798» նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևան ժամանող ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքային իշխանության պատվիրակությունների հյուրընկալության, զբոսաշրջության և միջոցառումներին մասնակցության ծառայությունների մատուցումը: Պատվիրակության անդամները 5-ն են եղել:

image-yer3-copyՄասնավորապես նախատեսվել է միջոցառումից մեկ օր առաջ Արարատում դիմավորել պատվիրակության անդամներին, նրանց տեղավորել Հրազդան հյուրանոցում, երեկոյան 9 հոգու համար ընթրիք կազմակերպել: Բուն տոնակատարության օրը հյուրերը նախաճաշել, այնուհետև սուրճի հյուրասիրության են մասնակցել, մեկնել Մեծ եղեռնի հուշահամալիր և թանգարան, ծաղկեպսակ տեղադրել, այնտեղից այցելել կոնյակի գործարան, ճաշել, շրջել տոնական հրապարակներով, ևս մեկ շրջայց անցկացրել ավելի ուշ երեկոյան:

Տոնի հաջորդ առավոտյան հյուրերը նախաճաշել են, մասնակցել սուրճի հյուրասիրության, հանդիպել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի հետ, մասնակցել պատվո ճաշի հյուրասիրության: Կեսօրն անց հյուրերին ճանապարհել են:

Արցախից Հայաստան ժամանած պատվիրակության 5 անդամների հյուրընկալումն արժեցել է 1.763.900 դրամ:

Եվս մեկ պայմանագիր Երևանի քաղաքապետարանը կնքել է «Իմպերիա Պալաս Հոթել» ՍՊԸ-ի հետ: Ըստ փաստաթղթի, պահանջվել է ապահովել 5 մեկտեղանի ստանդարտ սենյակների հյուրանոցային համարների տրամադրում, որոնք կներառեն.՝ անհրաժեշտ ծառայությունների մատուցում /սենյակի սպասարկում, մաքրում,/, անհրաժեշտ սնունդով ապահովում /նախաճաշ, ճաշ, ընթրիք/ ,  չհրկիզվող պահարան, անվճար ինտերնետ, մարզասրահից օգտվում, ռեստորան, լոբբի բար, գրանցման ժամը լինի  05.00-ին, դուրս գրման ժամը՝ 20.00-ին:

Թե ու՞մ համար է նախատեսված եղել այս հյուրընկալումը՝ նշված չէ: Համենայն դեպս այն արժեցել է 1.998.000 ՀՀ դրամ:

image-yer1-copy

Փաստորեն, 2016թ-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար ընդհանուր առմամբ ծախսվել է 67.961.900 ՀՀ դրամ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել