Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է. Հայաստանի վիճակագրությունը

«Սիրի´ր տարեցներին, որ ծերության արժանանաս»:

 

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները:

 

Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

 

Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը: Այսօր Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թվականի օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:

 

Տարեց մարդկանց միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցները ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Մեր ուշադրության, ջերմության և վերաբերմունքի կարիք ունեն հատկապես ծերանոցներում, տուն-ինտերնատներում հանգամանքների բերումով իրենց օրերն անցկացնող տարեցները: (Ներկա դրությամբ հանրապետությունում գործող 8 տուն-ինտերնատներում խնամվում է ավելի քան 1200 կենսաթոշակառու, որից 1090-ը` նախարարության համակարգի տուն-ինտերնատներում:)

 

Միջազգային դասակարգման համաձայն` տարեցներ են համարվում 65 տարին լրացած անձինք: Տարեց մարդկանց մոտավորապես երկու-երրորդը ապրում է զարգացող երկրներում, մինչդեռ նրանք լայնորեն դուրս են թողնվում գլոբալ, տարածաշրջանային և ազգային զարգացման օրակարգերից:

 

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` Հայաստանում 63 և բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է Հանրապետության ընդհանուր բնակչության 11,5%-ը կամ 376,1 հազար մարդ, որից՝ 85 և ավելի տարիք ունեցողները կազմում են մոտ 11,5 հազար մարդ: 100 և ավելի բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է 126 մարդ: Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Այսպես, Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը կազմում է 73,9 տարի, ըստ որում` տղամարդկանց համար 70,6, իսկ կանանց համար՝ 77,0 տարի:

 

Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8 տոկոս է, ապա այդ հասարակությունը գնահատվում է որպես երիտասարդ, 10 տոկոսի դեպքում` ծերացող, իսկ 12 տոկոս և բարձր՝ համարվում է ծերացած: Այս նորմերի համաձայն Հայաստանի Հանրապետությունը համարվում է ծերացող երկիր:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեց մարդկանց ընդամենը 20 տոկոսն է պրակտիկորեն առողջ: Տարեց մարդկան մոտ աշխտորոշվող հիվանդությունները հիմնականում կրում են քրոնիկ բնույթ, և առավել հաճախ զուգակցվում են մի քանի հիվանդություններով: Տարեցների բուժօգնություն ստանալու իրավունքն ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշմամբ հաստատված կարգում: Համաձայն նշված որոշման, սկսած 2005 թվականից 65 և բարձր տարիքի բոլոր անձինք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում սպասարկվում են անվճար: Սակայն չլուծված է մնում տարեց բնակչությանը մատչելի հիվանդանոցային օգնության տրամադրման և դեղորայքով ապահովելու խնդիրը:

 

Հայաստանի Հանրապետությունում 65 տարին լրացած բոլոր քաղաքացիները ստանում են ապահովագրական կամ սոցիալական կենսաթոշակ, ընդ որում ծերության սոցիալական կենսաթոշակ է ստանում է ավելի քան 6000 կենսաթոշակառու: Կենսապահովման մյուս կարևոր միջոցը դա ընտանեկան նպաստն է: Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված է ավելի քան 14000 տարեց նպաստառու:

 

Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Ուստի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կատարելագործել և բարելավել գործող օրենսդրությունը` դրանք համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթրի պահանջներին: Առաջնային ուշադրությունը պետք է բևեռել աշխատունակության պահպանությանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների մշակմանը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում տարիքային հատկանիշներով պայմանավորված խտրականության բացառմանը, կենսաթոշակի անցած անձանց համար զբաղվածության ավելի ճկուն համակարգերի ներդրմանը` առանց աշխատաշուկայում անհամաչափություններ և սերունդների միջև կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու, տարեց մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Եվ ամենակարևորը, սերունդները պետք է գիտակցել, որ տարեցները մեր հասարակության մի մասն են կազմում, և առավել շատ հոգատարության, հարգանքի, մեծարանքի կարիք հենց նրանք ունեն: Դա այն սերունդն է, որ ճանապարհ է հարթում, դաստիարակում, իր կենսափորձն ու իմաստությունը փոխանցում երիտասարդներին:

 

Շնորհավորում եմ բոլոր տարեցներին իրենց միջազգային օրվա առթիվ:  Ցանկանում եմ, որ ձեր աչքերը երբևէ չթախծեն, այլ ուրախության և երջանկության արցունքներով փայլեն, մտքերում և հոգիներում խաղաղությունը բնակվի, միշտ շրջապատված լինեք հարազատ մարդկանցով և պարուրվեք ազնիվ և շնորհակալական սիրով, հարգանքով և նվիրավածությամբ, ապրեք բարեկեցիկ կյանքով և առողջ լինեք: Աստված ձեզ պահապան, ձեզ անհոգ ծերություն:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել