Կոռուպցիայի դեմ պայքարելով մենք առավել հեշտ ենք կարողանում կատարել մեր առջև դրված խնդիրները. ՊԵԿ ներկայացուցիչ

Յուրօրինակ է, երբ շահագրգիռ երեք կողմերը՝ պետական մարմնի պատասխանատուները, տնտեսվարողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նստում են սեղանի շուրջ և քննարկում ոլորտում առկա խնդիրները, փորձում կառուցողական լուծումներ գտնել այդ խնդիրներին. այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ Վանաձորում կայացած  «Հարկային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ:

«Նախորդ միջոցառման ժամանակ ընդդիմադիր թերթի լրագրողը և պետական կառույցի պատախանատու ներկայացուցիչները քննարկում էին ոլորտային խնդիրները: Եվ հասկանալի էր, որ դրանք ցավալի են անկախ այն բանից՝ քաղաքացիական հասարակության սեկտորն ես ներկայացնում, թե պետական կառույցը: Եվ պետական կառույցի ներկայացուցիչները սկսեցին քննարկել խնդիրները՝ առանց պաշտպանվելու և չէին ասում, թե այդպիսի խնդիրներ չկան»,- ասաց Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության, մասնավորապես, արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակներում է խնդիր դրվել նախաձեռնել այս ծրագիրը, որի շրջանակներում պետք է վերհանվեն բիզնեսի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը. «Մենք հասկացանք, որ լուրջ անելիքներ կան այս դաշտում»: Կ. Զադոյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների ժամանակ վեր են հանվել մի շարք խնդիրներ, դրանք արձանագրվել են և այնուհետև հանդիպումներ են եղել պետական կառույցներում՝ առաջարկները քննարակելու նպատակով: Նախատեսվում է, որ այդ առաջարկությունները պետք է ներկայացվեն նաև կառավարության հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստին:

«Այս ծրագրի սկիզբը դրեցինք նախորդ տարի Աղվերանում կազմակերպված միջոցառման ժամանակ, քանի որ հասկանալի էր, որ բավականին գործ կա անելու և մեծապես կարիքը կա այս ծրագրի: Եվ այս ծրագրի նպատակը կոնկրետ արդյունքներ ունենալն է, ինչի համար մենք մոբիլիզացրել ենք բոլոր շահագրիգիռ կողմերին»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Նա նույնպես կարևորեց այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա են ոչ միայն Լոռուց, այլև ամբողջ հանրապետությունից անձիք, ովքեր հետաքրքրված են խնդրով:

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետի տեղակալ Ռազմիկ Առաքելյանը մասնակիցներին հորդորեց խնդիրների մասին բարձրաձայնելիս հստակ ձևակերպել դրանք և կոնկրետ օրինակներ նշել: Այնուհետև զեկույցներ եղան հարկային ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հարցերի վերաբերյալ, հնչեցին մասնակիցների ելույթներն ու հարցերը: Առաջնային խնդիրներից մեկը վերաբերում է հարկային տեսուչ և տնտեսվարող փոխահարաբերություններին: Ահազանգներ կան այն մասին, որ հաճախ հավաքագրվում են թաքնված վճարներ, բողոքներ են լինում ՊԵԿ քննչական մարմնի աշխատակիցների գործելակերպից, խնդիրներ կան խոշոր տնտեսվարողների և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների փաստաթղթաշրջանառության դեպքերում: Երբեմն սուպերմարկետները պահանջում են ՓՄՁ-ներից առանց օրինական փաստաթղթերի ձևակերպել ապրանքի մատակարարումը:

Այս և այլ հարցերի վերաբերյալ Ռազմիկ Առաքելյանը նշեց, որ այս տարվա մարտի մեկից այլևս որևէ հարկային տեսուչ ամրագրված չէ տնտեսվարողի: Եվ ցանկացած դեպքում, երբ հարկային տեսուչն այցելում է տնտեսվարողին, պետք է հատուկ հանձնարարական ունենա: Այժմ ներդրված է հեռախոսազանգերի միջոցով պարտավորությունների, պարտքերի և տուժանքների մասին հայտնելը. «Եթե զանգով հայտնածի վերաբերյալ կան անհամաձայնություններ, ապա կարող են մոտենալ մեր սպասարկման կենտրոններ: Մենք հրաշալի սպասարկման կենտրոններ ունենք»,- Ռազմիկ Առաքելյանի խոսքով, հեռախոսազանգերը կատարում են բարեհամբույր ձայնով կանայք, սպասարկման կետերում նույնպես սպասարկումը կատարվում է բարձր մակարդակով:

Նա նշեց նաև, որ բացի վերոնշյալ փոփոխությունները, հստակ սահմանվել են ՊԵԿ քննչական մարմնի լիազորությունները: Նաև վերապատրաստումներ են կազմակերպվում ՊԵԿ աշխատակիցների համար: Ու նաև չբացառեց, որ, իհարկե, կարող են պատահել մասնակի դեպքեր՝ ՊԵԿ աշխատակիցների իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

«Կոռուպցիայի դեմ պայքարելով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու դեպքում մենք առավել հեշտ ենք կարողանում կատարել մեր առջև դրված խնդիրները»,- ասաց Ռազմիկ Առաքելյանը՝ նշելով, որ եթե կոռուպցիոն ռիսկերը բիզնեսի դեպքում խափանում են պարզ վերարտադրողականությունը, ապա պետության դեպքում խափանվում է հարկահավաքության բնականոն ընթացքը:

Այսօրվա հակակոռուպցիոն միջոցառմանը  փոքր և միջին բիզնեսի ոլորտում հարկային խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը ներկայացրեց «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը, կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման մարտահրավերների մասին խոսեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը, այս ոլորտոմ կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ մեխանիզմների կիրառման միջազգային փորձը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, իսկ նույն ծրագրի տեղական փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունն ու հեռանկարները:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, իսկ միջոցառումը ֆինանսավորվում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ