Նորություններ

Ճանապարհային ոստիկանները ոչ օրինական ծառայություն են իրականացնում Սևան-Երևան ճանապարհին

Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ մատնանշվում են այն ձևերը, որով պետք է առաջնորդվեն ՃՈ տեսուչները: Ըստ այդմ՝ ՃՈ-ն իրականացնում է՝

ա) շրջիկ պարեկություն` ավտոմոբիլներով, մոտոցիկլետներով, ուղղաթիռներով, ինչպես նաև մշտական անշարժ ծառայություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում,

բ) ճանապարհային երթևեկության կարգավորում,

գ) տրանսպորտային միջոցների ուղեկցում, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցում, էսկորտ ուղեկցում և առանձին ավտոմոբիլների կամ տրանսպորտային միջոցների շարասյուների ուղեկցում,

դ) ժամանակավոր անշարժ ծառայություն` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում:

Իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով համապետական, ինչպես նաև կարանտին միջոցառումներ անցկացնելիս` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով իրականացվում է ժամանակավոր անշարժ ծառայություն:

Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված, ինչպես նաև հանցագործության կանխման, խափանման և բացահայտման նպատակով միջոցառումներ անցկացնելիս` ճանապարհային ոստիկանության ղեկավար մարմնի պետի կամ ոստիկանության մարզային ստորաբաժանման պետի հանձնարարությամբ կարող է իրականացվել ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ժամանակավոր անշարժ ծառայություն` դրա մասին 24 ժամվա ընթացքում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին կամ նրան փոխարինող անձին:

Սևան-Երևան ճանապարհին, հատկապես Ծաղկաձորից Երևան տանող հատվածում հաճախ են ՃՈ տեսուչները անշարժ ու նաև ոչ օրինական ծառայություն իրականացնում, այստեղ նրանց մեքենաները թփերի ետևում անտեսանելի են լինում: Այս խնդիրը հատկապես նշված հատվածում համատարած բնույթ է կրում, ինչը դուրս է վերոնշյալ կարգավորումների շրջանակներից:

Այս խնդիրը վերջերս ՔՀԿ-ները բարձրացրել են կառավարության ղեկավարի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ ՃՈ տեսուչները ոչ օրինական, թաքնված ծառայություն են իրականացնում ոչ թե իրավախախտումներ կանխելու, այլ թեկուզ աննշան արագության գերազանցման համար վարորդներին պատժելու նպատակով, ինչը հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Մենք ևս հրավիրում ենք վարչապետի ուշադրությունը այս խնդրի վրա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել