Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկան չկարողացավ բացատրել՝ ինչպես կարող էր ականատես լինել սպանությանը, միևնույն պահին այլ վայրում գտնվելով

«Ես անկեղծորեն եմ ասում՝ չեմ կարողանում պատասխանել ձեր այդ հարցին, բայց պարանոիկ չեմ»,- այսպես դատարանում պատասխանեց վկան այն հարցին, թե ինչպես կարող էր նույն օրը նույն ժամին գտնվել մեկ այլ վայրում և ականատես լինել մեկ այլ վայրում կատարված դեպքին: Վկան Աշոտ Քարտալյանն է, ով զինված բանդայի գործով առանցքային վկաներից է և նրա ցուցմունքներն են դրված Շենգավիթի  տարադրամի փոխանակման կետի աշխատակցի սպանության դրվագով մեղադրանքի հիմքում:

Այս վկային դատարանում հարցաքննելու համար շուրջ վեց ամիս պահանջվեց: Նա դատարանում էլ հայտնեց, որ շուրջ երեք տարի Ղազախստանում է եղել, իսկ մինչ այդ Հայաստանում տաքսիստ է աշխատել: Դատարանում տրված նրա ցուցմունքներն էականորեն տարբերվում էին նախաքննության ժամանակ տրված ցուցմունքներից: Այս հանգամանքը վկան բացատրեց նրանով, թե 3 տարի է անցել, որոշ հանգամանքեր չի հիշում:

Այնուամենյանիվ, նա քննիչի մոտ այնպիսի առտառոց հանգամանքներ էր նկարագրել, որ դժվար էր պատկերացնելը, թե դա կարելի է նույնիսկ տարիներ անց մոռանալ: Մասնավորապես, դատարանում պատմեց, որ դեպքի օրվա գիշերը «Հավանա» ռեստորանային համալիրից ուղևոր է վերցրել և շարժվել են դեպի Շենգավիթ, շուրջ 5 րոպե կանգ են առել Գարեգին Նժդեհ հրապարակի  կրպակների մոտ, ուղևորը ցանկացել է ծխախոտ գնել: Այդ պահին տեսել է, թե ինչպես երկու տղամարդ՝ դիմակավորված, եկել նստել են իր մեքենայի հետևում կայանված սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենան ու հեռացել: Վկայի խոսքով, նրանց ֆիքսել է, քանի որ դիմակներով էին և դա արտառոց էր:

Մեղադրողի և պաշտպանական կողմի բազմաթիվ այն հարցերին՝ դեպքի վերաբերյալ այլ արտառոց հանգամանքներ տեսած լինելու վերաբերյալ, վկան չպատասխանեց: Եվ երբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, պարզվեց, որ նա տեսել է, թե ինչպես է դմոցի ձայն լսել, տեսել է, թե ինչպես դիմակավորներից մեկը դուրս եկավ, իսկ նրա հետևից երկրորդը, ում ոտքից բռնել էր ընկածը (ով, իր ենթադրությամբ, տարադրամի փոխանակաման կետի աշխատակիցն էր), դիմակավորը կրակել է, սակայն, իր կարծիքով, կրակոցը մարդուն չի կպել, այլ գետնին, քանի որ գետնից կայծեր են թռել:

Նախաքննության ժամանակ հայտնել է, որ մինչ երկու դիմակավորները վազել են դեպի «Նիվան», դրա շարժիչը միացվել է, նրանք երկուսն էլ նստել են մեքենայի աջ կողմից: Այսինքն, այս ցուցմունքից ենթադրելի է, որ դեպքի վայր մեկնել են երեք հոգով, մինչդեռ՝ ամբաստանյալներից Կարեն Վարդանյանը ցուցմունք է տվել, որ գործով ամբաստանվող Ռաֆայելն ու Հայկը իր հետ չեն եղել և «չենջի» վրա ինքը հարձակվել է ոմն Ջուգի հետ:

Նախաքննության ընթացքում, այս վկան հայտնել է, թե դիմակավորներից մեկի ձեռքին հրացան է եղել՝ փողը դեպի ներքև: Նշել է, թե ինքը զինվորական ծառայություն է անցել ու ճանաչում է զենքերը: Իսկ ահա դատարանում ասաց, թե զենքերից լավ չի հասկանում, ավելին՝ հնարավոր է, որ դիմակավորի ձեռքին ոչ թե հրացան է եղել, այլ ընդամենը ձող, քանի որ այն ուղղահայց վիճակում է եղել ու չի տեսել դրա անցքերը:

Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ այս վկայի օգտագործած բջջային հեռախոսազանգերի վերծանումներից պարզ է դառնում, որ նա դեպքի օրն ու ժամին գտնվել է Ավան Առինջում, որը բավականին հեռու է դեպքի վայրից: Թե ինչպես է ստացվել, որ նա ականտես է եղել դեպքին, սակայն  փաստաթղթով ապացուցվում է, որ մեկ այլ վայրում է գտնվել, վկան ինքն էլ չկարողացավ բացատրել:

Այս վկայի հակասական վկայությունները պարբերաբար հունից հանում էին ամբաստանյալներից Հայկ Կոջոյանին, նա տեղից ռեպլիկներ էր անում, ասում, որ իր ցուցմունքների պատճառով մարդիկ անտեղի կարող են դատվել: Դատարանը նույնիսկ նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ «նախազգուշացում», և հայտնեց, որ հաջորդ անկապ կհեռացնի նիստերի դահլիճից:

Նշենք, որ այս գործով դատավարությունը շուրջ երկու տարի է՝ շարունակվում է: Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել