Իրավաբան օրենսդիրները` անկախության մասին

Իրավաբան. net-ը զրուցել է մասնագիտությամբ իրավաբան պատգամավորների հետ անկախության մասին:

ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյան.

«Սեպտեմբերի 21-ը հայության համար ամենաթանկ տոներից է, բացարձակ արժեք յուրաքանչյուր հայի համար, քանի որ սա օրն է, որ խորհրդանշում է պետականություն ունեցող հայրենիքը, որի իշխանությունը պատկանում է իր ժողովրդին:

Լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի կրողը՝ հայ ժողովուրդը այսօր վերջապես կարողանում է սերնդեսերունդ փոխանցել իր դարավոր արժեքներն անկախ, ազատ հայրենիքում:


Այսօր մենք իսկապես պետք է կարողանանք գնահատել անկախ հայրենիք ունենալու, այստեղ ապրելու եւ մեր ձեռքով մեր իսկ ապագան կառուցելու մեծ հնարավորությունը:

Այս 21-ամյա անկախության կարեւոր ձեռքբերումներից է նաեւ ՀՀ քաղաքացի կոչումը, այն քաղաքացու, որի համար այս օրը սոսկ տոն չէ, այլ հայրենիքի անցյալը վերաիմաստավորելու, ներկան արժեւորելու եւ պայծառ ապագային վստահ նայելու խորհուրդի օրն է, չէ որ, ինչպես Նժդեհն էր ասում. «Հայրենիքն այնպիսին է, ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ»:

.

ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյան.

«Ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանի քաղաքացին եմ: Հպարտ եմ, որ ապրում եմ մի ժամանակահատվածում, որի ընթացքում տեսել եմ և´ Խորհրդային միության Հայաստանը և´  Հայաստանի անկախացման ամբողջ ճանապարհը, մարտահրավերները, որոնք մեր երկիրը հաղթահարելով շարժվում է առաջ: Այս պահին կարծում եմ, որ անկախ Հայաստանն անցումային փուլն է հաղթահարում: Ժամանակին, որ կարծիքներ էին հնչում, թե 20 տարվա պետություն է, խնդիրներ կլինեն, ապա ուզում եմ ասել, որ  20 տարվա ռուբիկոնը մենք արդեն հատել ենք, 21 տարեկան անկախ Հայաստան ունենք, հետևաբար, կարծում եմ, որ արդեն ավելի խիստ պետք է մոտենանք բոլոր այն խնդիրներին, որոնք դեռ չեն լուծվել, բոլոր այն պետական համակարգերին, որոնք այսպես կոչված՝ անցումային փուլում են: Դեռ 21 տարեկան է հիմնավորում ու արդարացումը այլևս չպետք է լինի…

Եթե նայենք մեր երկրին քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ապա մարդու իրավունքները բոլոր երկրներում էլ խախտվում են: Սակայն Հայաստանի հետ տարբերություն այն է, որ այլ երկրներում կան մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ: Իսկ դրա առաջին տեղում գտնվում է դատարանը: Դատական համակարգում ևս մենք շատ անելիքներ ունենք: Պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որ մեր եռաստիճան դատական համակարգում մարդիկ կարողանան իրենց վեճերը սպառել, կարողանան իրենց փնտրած արդարությանը հասնել: Որ չփնտրեն արդարություն Ստրասբուրգում կամ այլ վայրերում»:

.

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյան.

«Անկախությունն ամենամեծ և ամենալուրջ ձեռքբերումն էր, որ ունեցավ Հայաստանի Հանրապետությունը: Անցել են երկար ու ձիգ տարիներ: Անկախությունն այն նուրբ և կարևոր գործոնն է Հայաստանի Հանրապետությունում, որ մենք պետք է փայփայենք, որովհետև այն շատ դժվար է ձեռք բերել և դժվարին ճանապարհ է անցել ու, բնականաբար, շատ լուրջ աշխատանք է պահանջում, որպեսզի մենք կարողանանք անկախ Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին ուզում էինք տեսնել անկախացման գործընթացը սկսելուց:

Անկախ Հայաստանը ենթադրում է այնպիսի մի Հայաստան, որտեղ երազել են ապրել մեր պապերը և երազում ենք ապրել մենք: Այսօրվա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, որովհետև մեր երկրում պետք է լինեն այնպիսի փոփոխություններ, որ Հայաստանի Հարապետության քաղաքացին իրենց կզգա լիարժեք իր տանը, ինչպես նաև  պաշտպանված, ապահով և հարգված` գոնե իրավունքների տեսանկյունից: Այնպես որ, մենք լուրջ անելիք ունենք…»

.

ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյան.

«Շնորհավորում եմ բոլորիս անկախության օրվա առթիվ: Հայաստանը երկար տարիներ սպասել է անկախացման, և մենք այսօր ամեն ինչ պետք է անենք մեր երազած Հայաստանում ապրելու համար՝ հաղթահարելով խնդիրները»:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել